Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը: Մի կողմից չքմեղանում են, իբր ո՞վ է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից անում են հայտարարություններ, որոնք ջուր են լցնում թուրքական ժխտողականության ջրաղացին։
Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչու՞ և ինչպե՞ս են նսեմացնում Հայոց ցեղասպանության նշանակությունը։ Խոսենք փաստերով։
Դուք գիտեք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնելուց։ Եվ թեև գործող վարչախումբը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների հիմքի վրա, իրականում կատարել է Թուրքիայի բոլոր, կրկնում եմ, բոլոր նախապայմանները։ Եվ ավելին։ Թուրքիան Հայաստանից պաշտոնապես չի պահանջել ժխտել, հերքել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Իսկ գործող վարչախումբն այս հարցում իր պլաններն ուղղակի գերակատարում է։
Եվ այսպես, փաստ առաջին։ Դեռ 2022թ․ դեկտեմբերին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության մասին ոչ մի հիշատակում չարեց։
Փաստ երկրորդ․ 2024 թվականի ապրիլի 15-ին Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իբրև թե առարկայական դարձնելու համար մտադիր են կազմել ցեղասպանության ենթարկված մեկուկես միլիոն հայերի անվանական ցուցակը՝ անուն-ազգանուններով։ Առաջին հայացքից անմեղ ու նույնիսկ տրամաբանական թվացող այս հայտարարությունն իրականում նախ՝ կասկածի տակ էր դնում Մեծ Եղեռնի 1,5 մլն սրբադասված զոհերի թիվը, երկրորդ՝ Հայոց ցեղասպանության թեման նորից տանում էր պատմագիտական ուսումնասիրությունների դաշտ, ինչի համար այդքան պայքարում էին թուրքական պետությունն ու թուրք պատմաբանները։ Եկեք մի պահ մտածենք, թե մեզ ուր է տանելու 1,5 մլն մարդու ցուցակ, անուն-ազգանուններով, հասցեներով կազմելու առաջադրանքը, շահարկումների ինչ դաշտ է բացվելու։
Փաստ երրորդ․ 2024թ․ հոկտեմբերի 31-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Այստեղ եկեք հիշենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 11-րդ կետը․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ցեղասպանության ինստիտուտի նախկին աշխատակից և ներկայիս արտգործնախարար Միրզոյանը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, փաստացի ոտնահարում է Անկախության հռչակագիրը, որը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններին՝ թիվ մեկ առաջնահերթություն դարձնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը։ Անկախության հռչակագրի ոտնահարումը նրանց համար այժմ դյուրին է, քանի որ, ինչպես հիշում եք, վարչախմբի կողմից բռնազավթված Սահմանադրական դատարանը Միրզոյանի այս հայտարարությունից դեռ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին մի որոշում է ընդունել, որով համարեց, որ Անկախության հռչակագրի նախաբանի ու դրույթների՝ Արցախին ու Ցեղասպանությանը վերաբերող առանձին հատվածներ պարտադիր ուժ չունեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․