«Մեր առաջարկն է . . . բացել նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում՝ սկսած նոր դատարկ ու պարզ էջից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նոր էջը սկսվում է Հայաստանի և Ադրբեջանի իրավական հաստատություններում միմյանց վերաբերյալ բողոքները հետ կանչելուց։ Սակայն արդյո՞ք նման մոտեցումը համարժեք է Հայաստանի ազգային շահերին, և արդյո՞ք Փաշինյանի հայտարարություններն արտացոլում են Հայաստանի ռազմավարական շահերն ու անվտանգային երաշխիքները։
Վարչապետի պնդումը, թե «Հայաստանը ծաղկող ժողովրդավարություն է», և որ ժողովրդավարությունը «շատ կոնկրետ ազդեցություն» ունի արտաքին քաղաքականության վրա, ավելի շուտ հռետորաբանություն է, քան ռեալ քաղաքականության կիրառում։ Դժվար է պատկերացնել, որ ժողովրդավարական երկիր լինելը ինքնին կապահովի անվտանգություն՝ առանց դիվանագիտական և ռազմավարական հաշվարկների։
Փաշինյանն ընդգծում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացումը՝ նշելով վիզային ռեժիմի ազատականացումը ու ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանին ներառելու խաղաղության հաստատման ծրագրերում։
Սակայն այստեղ կարևոր է հարցադրումը՝ արդյո՞ք Հայաստանը ստանում է իր անվտանգության ու տնտեսական զարգացման համար էական գործնական օգուտներ, թե՞ հերթական անգամ բավարարվում է քաղաքական հռչակագրերով։ Փաստն այն է, որ ԵՄ-ի հետ խորացող համագործակցությունը, ի տարբերություն գործընկեր պետությունների, Հայաստանին չի ապահովել այնպիսի քաղաքական կամ ռազմական աջակցություն, որը թույլ կտար հաղթահարել ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները։
Արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ մշուշոտ քաղաքականություն
Փաշինյանի խոստովանությունը, որ Հայաստանը արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման գործընթացում է, իրականում հնչում է որպես ուշացած և անբավարար արձագանք տարածաշրջանային փոփոխություններին։ Եթե արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը ենթադրում է բազմակողմանի գործընկերային հարաբերություններ, ապա Հայաստանը, փաստացի, ոչ միայն կորցրել է ավանդական գործընկերների աջակցությունը, այլև չի կարողացել կառուցել փոխլրացնող նոր ռազմավարական կապեր։
Օրինակ՝ եթե եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների խորացումը որևէ գործնական արդյունք չունի՝ ռազմական կամ տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու առումով, ապա ինչո՞վ է պայմանավորված նման քաղաքականության արդյունավետությունը։
Բողոքների հետկանչ. փոխզիջո՞ւմ, թե՞ միակողմանի «ուստուպկա»
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բողոքների հետկանչումը, ըստ Փաշինյանի, երկկողմ հարաբերությունների նոր էջ բացելու միջոց է։ Բայց արդյո՞ք նման քայլը տրամաբանական է, երբ Ադրբեջանն իր հայտարարություններով և գործողություններով շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։
Փաստացի, նման որոշումը կարող է ընկալվել ոչ թե որպես երկկողմ զիջում, այլ որպես Հայաստանի կողմից միակողմանի զիջման հերթական օրինակ։
Այսպիսով՝ Փաշինյանի հռետորաբանությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, ԵՄ-ի հետ կապերի խորացման և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման մասին, առայժմ մնում է հայտարարությունների մակարդակում՝ առանց գործնական արդյունքների։
Եթե Հայաստանը ցանկանում է իսկապես ամրապնդել իր անվտանգությունը, ապա նրան անհրաժեշտ է ոչ թե պարզապես ժողովրդավարության տեսական առաջխաղացում, այլ ռազմավարական գործընկերությունների և տնտեսական-ռազմական ամուր դաշինքների ստեղծում։
Ակնհայտ է, որ ժողովրդավարությունը առանց ուժեղ դիվանագիտության և անվտանգության ապահովման միջոցների չի կարող լինել արդյունավետ։
Ք․Ս․