«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:
Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթեւ Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթեւ Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին: Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք: Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր:
◦ Հրապարակ օրաթերթը գրում է․
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաեւ՝ Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից: Բայց խուճապի մեջ են նաեւ ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք։ Արդեն իսկ որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ արտահայտվում են, որ իրենց կորուստները պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությունը: Եվ եթե նրանց ֆինանսավորումը մոտ ապագայում չվերականգնվի, ապա հնարավոր է՝ իշխանությունը որոշ ՀԿ-ների ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցնի։ Հիշեցնենք․ գրասենյակի փակվելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է եղել, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 օր է՝ չի աշխատում, գործադուլի պատճառով: Ադրբեջանական մամուլում ցնծություն է․ «Զանգեզուրյան ցնցում», «Շատ լավ է, թող չաշխատեն»: Սյունիքում խոսում են, որ գործադուլի հետեւում ֆինանսական շահեր կան՝ մարդիկ, որոնք զրկվել են տենդերներից, սակայն լավատեղյակ աղբյուրն այլ բացատրություն տվեց․ վերջին շրջանում շատ են խոսում, որ ԶՊՄԿ-ի մեկ տարվա եկամուտը 800 միլիոն դոլար է, պետական շահաբաժինը՝ 80 միլիոն, 2023-ին բաժնետերերի մաքուր եկամուտը՝ 380 միլիոն դոլար, եւ շարքային աշխատողները մտածել են, որ կարող են աշխատավարձի բարձրացում պահանջել: Ի դեպ, 6 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունից ոչ ոք չի արձագանքել, չնայած պետությունը 21 տոկոսից ավելիի սեփականատերն է:
Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին: Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու: Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում: Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում: Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։ Հիմա, փաստորեն, Փաշինյանը ներել է Թորոսյանին: Եթե որոշ ՔՊ-ականներ դա բացատրում են նրանով, որ Թորոսյանն անմնացորդ ծառայում է Փաշինյանին ու հանձն է առել անգամ ամենասկանդալային հայտարարություններն ու քայլերն արդարացնելու անշնորհակալ գործը, ապա մյուսներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես կարելի էր կրոնական հավաքին տանել իր թիմի աթեիստին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։