Պոզով-պոչով կոռուպցիան և Երևանի տրանսպորտի թնջուկը․ ավինյանական «բարեփոխումների» իրական կողմը
copy image url

Պոզով-պոչով կոռուպցիան և Երևանի տրանսպորտի թնջուկը․ ավինյանական «բարեփոխումների» իրական կողմը

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:00 30-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում հերթական հետքայլը կատարեցին և որպես բարի կամքի դրսևորում հանրությանն առաջարկեցին փետրվարի 1-ից 1 ուղևորության համար 300 դրամի փոխարեն վճարել 150 դրամ, այնուամենայնիվ այս նախաձեռնությունը երևանցիներին առանձնապես չոգևորեց։ Մայրաքաղաքում համատարած բոյկոտի մթնոլորտ է տիրում, ինչի մասին վկայում են անգամ իշխանամետ լրատվամիջոցների անցկացրած հարցախույզները, որոնցում ընդամենը 1-2 քաղաքացի է 150 դրամ վճարելու պատրաստակամություն հայտնում։

Ընդամենը ամիսներ առաջ քաղաքային իշխանություններն ամենաբարձր մակարդակով պնդում էին, որ 1 ուղևորափոխադրման ինքնարժեքն այս պահին կազմում է 220 դրամ, ուստի դրանից ավելի ցածր գին չեն կարող սահմանել, մինչդեռ թանկացման ընդդիմախոսները վստահեցնում են, որ ինքնարժեքն իրականում 100 դրամից էլ ցածր է ու ստվերային շրջանառությունը վերացնելու և հավաքագրվող ողջ գումարը բյուջե մուտքագրելու դեպքում գործող սակագնի պահպանումը իրատեսական է։ Այս իրողությունը փաստում է, որ ուղեվարձի թանկացման ու առաջարկվող նոր սակագների հիմքում որևէ հաշվարկ չկար, սակագները, ժողովրդի լեզվով ասած, որոշվել էին աչքաչափով, իսկ նպատակը բացառապես երևանցիներին հարստահարելն ու գերշահույթ ստանալն էր, ուստի եթե հնարավոր էր ուղեվարձը կիսով չափ՝ 300-ից մինչև 150 դրամ նվազեցնել, ապա այժմ նույն կերպ հնարավոր է 150 դրամը չեղարկել ու պահպանել գործող 100 դրամ սակագինը։

100 դրամ սակագինը պահպանելու հարցում գնդակն այժմ ընդդիմության և քաղաքացիների դաշտում է։ Եթե ընդդիմությունը շարունակի իր որդեգրած գրագետ պայքարի ռազմավարությունը և ներքին տարաձայնությունները մի կողմ թողած՝ պայքարի տրանսպորտի ուղեվարձի թանկացումը չեղարկելու դեմ, իսկ երևանցիներն էլ բոյկոտեն թանկացումը, չվճարեն կամ առավելագույնը 100 դրամ վճարեն, ապա ՔՊ-Հանրապետություն տանդեմին՝ Երևանի բնակչության ընդամենը 9%-ի վստահության քվեն ստացած քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այլ ելք չի մնա, քան թանկացման որոշումը չեղարկելն է։

Հատկանշական է նաև, որ Տիգրան Ավինյանը տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու որոշման մասին հայտնեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի հիմնադրման 33-րդ տարեդարձի օրը, երբ չնայած վերջին տարիների դժվարություններին ու անվտանգային մարտահրավերներին՝ հանրության շրջանում որոշակի ուրախություն և հպարտության զգացում կար։ Քաղաքագետների և քաղտեխնոլոգների պնդմամբ՝ այս հնարքով իշխանությունը փորձում էր մեղմել մայրաքաղաքում տիրող բոյկոտի մթնոլորտը՝ քաղաքացիներին համոզելով գոնե 150 դրամ վճարել, ինչը, մեծ հաշվով չհաջողվեց անել։

Մյուս կողմից՝ Տիգրան Ավինյանը պնդում է, որ մայրաքաղաքում փետրվարի 1-ից նոր՝ 150 դրամ արժեքով ուղետոմս կներդրվի, երբ Երևանի ավագանին դեռևս նիստ չի անցկացրել ու համապատասխան որոշում չի ընդունել։ Սրանով Ավինյանը անուղղակի ճնշում է գործադրում ավագանու իշխանական 2 խմբակցությունների անդամների վրա, որոնցից ոմանք տեսականորեն կարող էին դեմ քվեարկել այս որոշմանը։ Բացի դրանից՝ հիշենք՝ ՔՊ-Հանրապետություն տանդեմը ավագանիում ունի 32 անդամ, իսկ հավաքական ընդդիմությունը՝ 33, և եթե ընդդիմադիր 3 խմբակցությունները միասնաբար բոյկոտեն առաջիկա նիստը, ապա այն չի կայանա քվորում չլինելու պատճառով։ Առաջարկվող փոփոխությունները որպես կայացված որոշում ներկայացնելով՝ Տիգրան Ավինյանը փաստացի ընդունում է, որ իշխանությունը ճնշումների միջոցով ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին պարտադրում է մասնակցել նիստերին ու որոշումների ընդունմանը։

Այսպիսով՝ փաստենք, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը կրում է կամայական բնույթ, իսկ դրա նպատակը երևանցիներին հարստահարելն ու գերշահույթ ստանալն է։ Աչքաչափով ընդունված նոր սակագների հիմքում չկա որևէ հաշվարկ, որը հոդաբաշխ կերպով կհիմնավորեր, թե ինչու է քաղաքային իշխանությունը տրանսպորտի 1 ուղևորության համար առաջարկում 150 կամ 300 դրամ վճարել, հանրությունն էլ կհասկանար և չէր ընդդիմանա դրան։

Կարծում ենք՝ տրանսպորտի սակագինը թանկացնելու և հանրության լայն շերտերի զայրույթն առաջացնելու փոխարեն առավել ողջամիտ կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նախևառաջ ստվերային շրջանառությունը վերացնեին, որի առկայությունն անուղղակի կերպով ընդունում են նաև իրենք։ Հրապարակված վերջին տվյալներով՝ Երևանում աշխատանքային օրերին տրանսպորտից օգտվում է 440 հազար մարդ, ոչ աշխատանքային օրերին՝ 220 հազար մարդ, ինչը նշանակում է, որ շաբաթական պետք է հավաքագրվեր 264 մլն դրամ, սակայն հավաքագրվել է շուրջ 3 անգամ ավելի պակաս՝ 90 մլն դրամ։

Տեղին ենք համարում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի տրանսպորտային այսպես կոչված բարեփոխումների գործընթացում, ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի ակնհայտ դրսևորում, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ամեն առիթով մեզ փորձում են վստահեցնել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա...

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ