«
Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ Թրամփի հավակնությունները վկայում են աշխարհակարգի լուրջ փոփոխության մասին, իսկ տարածքային ամբողջականության և տարածքների անխախտելիության սկզբունքներն ընդհանրապես հետ են մղվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնություններին ու դրանց պատճառներին։
/Գարիկ Քեռյան, քաղաքագետ/Քեռյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Գրենլանդիայի տարածքը 2 անգամ ավելի մեծ է, քան Ֆրանսիան, աշխարհագրական դիրքով կղզին ավելի մոտ է Հյուսիսային Ամերիկային՝ Կանադային, ԱՄՆ-ին, քան Դանիային։ Ըստ նրա՝ հավանաբար բնական ռեսուրսների հետախուզության տիեզերական միջոցները Գրենլանդիայում լուրջ էներգետիկ պաշարներ են հայտնաբերել, որոնք հետաքրքրել են ԱՄՆ նորընտիր նախագահին։
«Իմ կարծիքով՝ ռազմական, էներգետիկ-տնտեսական և անվտանգային նկատառումներից ելնելով՝ Միացյալ Նահանգները ձգտում է իրեն միացնել Գրենլանդիան։ Բայց ԱՄՆ-ն շեշտը չի դրել ուժային-պատերազմական գործողությունների վրա. նա Դանիային առաջարկում է գնել Գրենլանդիան՝ որոշակի գումարով։ Սա ԱՄՆ արտաքին քաղաքական գործունեության մեջ նորույթ չէ, դա գնելու միջոցով տարածքների մեծացման կամ փափուկ ուժի կիրառման շատ յուրօրինակ ձև է, որը բնորոշ է հենց Միացյալ Նահանգներին, որի բացառիկ օրինակները մենք ունենք։
Ժամանակին՝ 19-րդ դարում, նրանք չնչին գումարով՝ մի քանի հազար դոլարով, Ռուսական կայսրությունից գնեցին Ալյասկան, հիմա պատկերացրեք, թե գեոստրատեգիկ առումով ինչ մեծ նշանակություն ունի Ալյասկան՝ Հյուսիսային բևեռի ռեսուրսներին տիրապետելու դիտանկյունից։ Ժամանակին գնեցին նաև Տեխաս նահանգը Մեքսիկայից և իջան հարավ՝ ամրապնդելով պետության հարավային դիրքերը, հիմա էլ աչքը դրել են Գրենլանդիայի և Պանամայի վրա»,- նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Պանամայի հարցում ԱՄՆ-ն ունի որոշակի հիմնավորումներ։
Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ քաղաքական ու քաղաքագիտական իմաստով Թրամփի հավակնությունները վկայում են աշխարհակարգի լուրջ փոփոխության մասին։ Նա նկատում է՝ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում՝ Յալթա-Պոտսդամյան միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգում, ինչպես նաև դրանից հետո՝ մինչև վերջին տարիները, միջազգային հարաբերությունների գերակայող սկզբունք էին համարվում տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, ապա այժմ տարածքային ամբողջականության և տարածքների անխախտելիության սկզբունքներն ընդհանրապես հետ են մղվել. «Եթե մի փոքր կոպիտ ասենք, այն մոռացության է մատնվել, այն միջպետական հարաբերություններում այլևս դոմինանտ սկզբունք չէ»։
Քաղաքագետը համակարծիք է այն տեսակետին, որ Թրամփի հավակնությունները գլոբալ հակամարտության շղթայի մաս են կազմում, սակայն նա ավելի շատ հակված է դրանք որակել որպես միջազգային հարաբերությունների բնույթի փոփոխություն։ Նա հիշեցնում է, որ նախկինում՝ 17-18-րդ դարերում, պետություններն իրենց արտաքին քաղաքական նպատակներն իրականացնելիս դիմում էին ուժային գործողությունների, բռնությունների, և նրանց զսպող ոչինչ չկար, այժմ աշխարհը փաստացի վերադարձել է դրան։
«Մինչև նոր աշխարհակարգը կհաստատվի, կարծում եմ, մենք նոր Յալթայի ականատեսը կլինենք՝ նոր բաժանարար գծերի, նոր ազդեցության գոտիների, նոր բևեռայնության։ Դրանից հետո միայն պարզ կլինի՝ սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքները կրկին օրակարգ կվերադառնա՞ն, թե՞ ոչ»։
Գարիկ Քեռյանը հավելեց, որ Թրամփը հետաքրքիր հնարք է կիրառում՝ օրակարգ բերելով Գրենլանդիայի բնակչության ինքնորոշման խնդիրը։ Նա շեշտում է՝ Գրենլանդիան ինքնավար է, ունի իր կառավարությունը, խորհրդարանը, դրոշը, Սահմանադրությունը և Դանիայի հետ միասին մտնում է ինչ-որ ընդհանուր պետության մեջ։
«Հիմա եթե Դանիան հրաժարվի գործարքի գնալուց, Թրամփը ուժային զավթումից հետո կարող է ռեֆերենդում կազմակերպել՝ Գրենլանդիայի ինքնորոշման վերաբերյալ։ Բացառված չէ, որ դրա օրակարգում կլինի անկախությունը, անկախությունից հետո նոր միայն դաշնակցությունը ԱՄՆ-ի հետ կամ դիմումը, որով նա կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ կամ 52-րդ նահանգը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը և Կանադան նահանգի կարգավիճակով Միացյալ Նահանգներին միացնելու մտադրության մասին։ Գրենլանդիան ձեռք բերելու նպատակով Թրամփը Դանիայի իշխանություններին առաջարկել է վաճառել այն՝ չբացառելով, որ կարող է կղզին նաև ուժային տարբերակով վերցնել։ Դանիան հայտարարել է, որ Գրենլանդիան իր թագավորության ինքնավար տարածքն է, որը չի վաճառվում:
Դավիթ Գույումջյան