Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով․ այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
copy image url

Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով․ այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Մշակույթ 2 ամիս առաջ - 21:25 24-01-2025
«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը։

Այսօր հայ նորագույն գրականության հսկաներից մեկի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է։

Նա առավ մարդու իր ափի մեջ, քննեց ամեն կողմից, բացահայտեց մարդու էությունն իր ողջ բազմազանությամբ, բայց ինքը մնաց անքննելի, մնաց չբացահայտված։

Սևակը խոշոր երևույթ էր մեր գրականության ու գրականագիտության մեջ։ Իր բացառիկ տաղանդով նա գրավեց իր ընթերցողին, ներթափանցեց հայ միջնադարյան գրականության խորքերը, հարստացավ ու հարստացրեց։



Դեռ դպրոցում սովորելի Սևակն առանձնանում էր իր հասակակիցներից։ Դպրոցական տարիների մասին Սևակն այսպիսի հետաքրքիր դեպք է պատմում. «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։

Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է, որ երբ երիտասարդ Պարույր Ղազարյանն իր մոտ է տանում առաջին բանաստեղծությունները, առաջարկում է հանդես չգալ իր ազգանունով՝ Ղազարյան։ Առաջարկել է Սևակ կեղծանունը․ «Այդ ծածկանվան վրա կանգ առավ ընտրությունս, որովհետև Պարույրը իսկապես սև ակն էր։ Բայց գլխավոր պատճառը դա չէր։ Ինձ դեպի այդ անունը մղողը Ռուբեն Սևակի կյանքի տխուր պատմությունն էր, որ երկու անգամ արել էր Ավետիք Իսահակյանը, ու ես երկար ժամանակ դրա տպավորության տակ էի։ Ես արեցի նրան Վարպետից լսածս պատմությունը։ Ազդվեց։ Թախծալի աչքերն ավելի թախծոտ դարձան։ Ես չասացի նրան, բայց մտածում էի, որ մի Սևակի ընդհատված կյանքը կշարունակվի մի ուրիշ Սևակի մեջ»։



Բանաստեղծի դերի ու էության փնտրտուքների ժամանակ դեռ երիտասարդ Պարույրը առաջինը բախվեց Եղիշե Չարենցի ժայռեղեն ամրությանը։ Խոստովանել է՝ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.

-Հասկացա, որ բանաստեղծ չեմ:

Հետո հասկացավ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը։

«Ու ես երդվեցի այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, առաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց-կամաց դադարեց terra incognita լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության․․․»,- գրել է Պարույր Սևակը։



Գրականագետ Լևոն Հախվերդյանը, որ Պարույր Սևակի ընկերներից էր, պատմում է, որ սիգարետն անպակաս էր նրա բարակ մատների արանքից: Ծուխը ներս էր քաշում ագահաբար: Սակավապետ ուտելու մեջ՝ առավոտները մի բան կուտեր ոչ թե քաղցը հագեցնելու, այլ ծխելու ախորժակ բացելու համար: Սաստիկ ծխելն իր ետևից բերում էր և սաստիկ հազը, տևական ու տանջալի այնքան, որ աչքերից արցունք էր հոսում: Դրանից ազատվելու ելքը գտնում էր առավոտները մի քիչ օղի խմելու մեջ: Բայց դա էլ ելք չէր:

Կնամեծար էր չափազանց, վերստին չափազանց: Եվ բառիս ամենալայն իմաստով՝ մայրը, կինը, զոքանչը, ընկերների կանայք սրբություն էին իր աչքում, որոնց հետ վարվում էր խորին երկյուղածությամբ:

«Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»,- գրել է բանաստեղծ Համո Սահյանը։

Ամենից շատ դիտված