Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական գործիչների դատավարության մեկնարկին զուգահեռ
Oragir.News-ը ներկայացնում է այդ գործիչների կենսագրության և գործունեության առանցքային դրվագները։
Բաքվում այս օրերին դատում են նաև Բակո Սահակյանին, ով եղել է Արցախի Հանրապետության երրորդ նախագահը՝ 2007-2020 թվականներին։
Սահակյանը ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին՝ Ստեփանակերտ քաղաքում։ Հայրը՝ Հովհաննես Սահակյանն է, իսկ մայրը Հեղինե Սահակյանը։Բակո Սահակյանը մեծացել է այնպիսի ընտանեկան միջավայրում, որն էլ ձևավորել է նրա ազգային ինքնագիտակցությունը և հայրենասիրությունը։
1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1978 -1980 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1981-ին աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում՝ որպես փականագործ-մեխանիկ։ 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, աշխատում որպես քարահատ բանվոր։ 1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ, 1987-1990թթ․ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում՝ որպես մատակարար։
Բակո Սահակյանի հաջողությունները չեն սահմանափակվում միայն աշխատանքային ոլորտում․ 1988 թվականից սկսած՝ նա հայտնի է որպես Արցախյան շարժման առաջամարտիկ։ Արցախյան ազատամարտի սկզբից ի վեր Սահակյանն այն եզակի քաղաքական գործիչներից էր, ով ճիշտ կերպով առաջնորդեց Լեռնային Ղարաբաղը։ Նա ընդգրկված էր պաշտպանության բանակում՝ ինչպես ռազմավար, այնպես էլ քաղաքական առաջնորդ։
Պատերազմի ընթացքում Սահակյանը հմուտ կերպով կազմակերպում էր ռազմական գործողությունների իրականացումը։ Սահակյանը մեծ ուշադրություն էր դարձնում բանակի համալրման և զինանոցների բարելավման գործընթացին, ինչի արդյունքում 1990-ականների սկզբին հայկական կողմը կարողացավ արդյունավետ դիմակայել ադրբեջանական ուժերին։ Բանակի վերակազմավորման ընթացքում Սահակյանը նաև օժանդակեց կամավորների հավաքագրման գործընթացը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանության գործում ժողովրդի մասնակցությունը։
Սահակյանն առանձնակի ուշադրություն էր դարձնում տեղեկատվական անվտանգության ապահովմանը։ Նա հասկանում էր, որ պատերազմի ընթացքում ոչ միայն ռազմական ուժերի հզորությունն է կարևոր, այլ նաև տեղեկատվական պայքարը՝ արտաքին աշխարհին ճիշտ ինֆորմացիա ներկայացնելու և հակառակորդի քարոզչությանը դիմակայելու համար։
1997-1999թթ․ Բակո Սահակյանը զբաղեցրել է Հայաստանի Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնականի, 1999-2001թթ․՝ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 2001-2007թվականներին ղեկավարել է Արցախի Ազգային անվտագության ծառայությունը։ 2007 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության նախարար, վերընտրվել 2012-ին և 2017-ին։
Բակո Սահակյանը մեծ ուշադրություն էր դարձնում Արցախի բանակի զարգացման գործընթացին՝ փորձելով ապահովել երկրի պաշտպանունակությունը ոչ միայն ռազմավարական, այլև քաղաքական առումով։ Նա կատարելագործեց բանակի կառավարման համակարգը, մշակեց նոր զենքերի և տեխնիկայի ներմուծման ծրագրեր։
Սահակյանը պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով՝ նշանավոր ներդրում ունենալով Արցախի պաշտպանության և զարգացման գործում։ Նա պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Սպարապետ Վազգեն Սարգսյան», Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և «Տիգրան Մեծի շքանշանշանով»։
Այսպիսով՝ Բակո Սահակյանի կյանքն ու գործունեությունը խորապես կապված են Արցախի պատմության հետ, նա համախմբող գործիչ է՝ միասնության և հայրենասիրության խորհրդանիշ։