«Vulture» հրատարակությունը հրապարակել է պատմություններ, որոնց համաձայն՝ Նիլ Գեյմանը մեղադրվում է սեռական բռնության մեջ։
Մեղադրանքները առաջին անգամ հայտնվեցին 2024 թվականին, երբ հինգ կանայք կիսվեցին իրենց պատմություններով։ Գեյմանը ստիպել է կանանց զբաղվել ԲԴՍՄ գործընթացով՝ առանց նրանց համաձայնության։ «Vulture»-ը ծավալուն հոդված է հրապարակել, որի մեջ անդրադարձել է այս մեղադրանքներին։
Զրուցելով այդ կանանց հետ, ինչպես նաև Գեյմանի գործընկերների, ընտանիքի անդամների ու ծանոթների հետ՝ լրագրողներն ուսումնասիրել են Գեյմանի մանկության, ամուսնությունների և հարաբերությունների պատմությունները։
Նիլ Գեյմանը բրիտանացի գիտաֆանտաստիկ գրող է, հայտնի է իր գործերով, ինչպիսիք են «Ամերիկյան աստվածներ», «Աստղային փոշի» վեպերը և «Ավազե մարդ» կոմիքսը։ Նա բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, իսկ նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են Netflix-ի և Amazon-ի մի շարք սերիալներ։ Գեյմանը նաև հայտնի է իր ստեղծած ուժեղ կանացի կերպարներով, չնայած նրա գրքերում հաճախ ենք տեսնում տղամարդկանց, ովքեր բռնություն են կիրառել կանանց նկատմամբ։
Գեյմանը մեծացել է միջավայրում, որտեղ բռնությունը համարվում էր սովորական։ Նրա ծնողները՝ Դեյվիդը և Շեյլան Գեյմանը, սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդներ էին։ Նիլը իր մանկությունը անցկացրել է այնպիսի միջավայրում, որտեղ եկեղեցին կիրառում էր դաժան պատիժներ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների նկատմամբ։ Գեյմանը միշտ խուսափել է խոսել իր մանկության մասին, իսկ երբ նրա կինը՝ Ամանդա Պալմերը, հարցրել է այդ մասին, նա սկսել է հուզվել ու լաց եղել։
2024 թվականի ընթացքում մի քանի կին պնդել են, որ Գեյմանը փորձել է ստիպել նրանց իրականացնել ԲԴՍՄ-գործընթացներ՝ առանց նրանց համաձայնության։ Բացի 1986 թվականին տեղի ունեցած բռնի համբույրից, բոլոր բռնությունները եղել են այն ժամանակ, երբ Գեյմանը 40 տարեկան էր։ Կանանց մեծ մասը, որոնք պատմել են իրենց փորձի մասին, 20 տարեկան էին, երբ հանդիպել են Գեյմանին։ Մի քանիսը աշխատել են նրա մոտ, մյուսները եղել են նրա երկրպագուները։
18-ամյա Քենդրան ծանոթացել էր Գեյմանի հետ 2003 թվականին Ֆլորիդայում, սկզբում ամեն բան կարգին էր, սակայն նա շատ շուտով հայտնվեց մի իրավիճակում, երբ Գեյմանը փորձել է բռնի ուժով իրականացնել սեռական հարաբերություններ՝ պահանջելով, որ նա իրեն «պարոն» անվանի։ Քենդրան խնդրել է նրան դադարեցնել, սակայն Գեյմանը շարունակել է իրականացնել ճնշումներ։ 2007 թվականին նրանք գնացել են միասին արձակուրդ, և երբ Քենդրան զգացել է իր մոտ առաջացող առողջական խնդիրները, խնդրել է Գեյմանին որոշ ժամանակ չզբաղվել սեռական հարաբերություններով, սակայն Գեյմանը անտեսել է նրա խնդրանքը՝ խախտելով նրա անձնական սահմանները։ Այս դեպքից հետո Քենդրան 2024թ-ի հոկտեմբերին մեղադրել է Գեյմանին բռնաբարության մեջ։
Բայց մեղադրանքները այսքանով չեն ավարտվում․ 2012 թվականին մեկ այլ կին, որի անունը Ռեյչել է պատմել է, որ Գեյմանը բազմիցս փորձել է իրեն ստիպել անել այնպիսի բաներ, որոնք իր համար «վախեցնող» և «հիվանդագին» էին, այն էլ այն դեպքում, երբ նրանց միջև չկար փոխադարձ համաձայնություն։
2014թ-ին Ամանդա Պալմերը՝ Գեյմանի կինը, առաջին անգամ իմացավ, որ Գեյմանը խախտել է իրենց ամուսնական սահմանները՝ կապված իրենց համատեղ կյանքից դուրս այլ կնոջ հետ հարաբերություններ ունենալու հետ, դրանից հետո նրանք սկսել են այցելել ընտանեկան թերապևտի մոտ։
2021 թվականին Գեյմանը իր հաջորդ սիրավեպի հերոսուհուն՝ Քերոլայնին, 300,000 դոլար է վճարել, որպեսզի նա ստորագրի փաստաթուղթ՝ չբացահայտելու իրենց միջև եղած հարաբերությունները։ Գեյմանը նաև վճարել է 60,000 դոլար Քեթրին Քենդալին, ով 2012 թվականին փորձել էր մերժել նրա սեռական հարաբերությունների առաջարկը, սակայն Գեյմանը շարունակել էր ճնշել նրան։
Գեյմանի զոհերից է նաև Պավլովիչը ով ներկայումս սովորում է Շոտլանդիայում։ Նա խոստովանել է, որ այժմ ապրում է ավելի խաղաղ կյանքով, քանի որ վերջապես կարողացել է դուրս գալ սեռական բռնության այդ ծանր միջավայրից։
Նիլ Գեյմանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր բոլոր հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնության հիման վրա։
Շատ նախագծեր, որոնք նախատեսված էին Գեյմանի մասնակցությամբ չեղարկվել են, այդուհանդերձ նրա կարիերան լուրջ վնասներ չի կրել այս ամենից։