copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 13:00 23-12-2024

Ուշացել ենք․ Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմական փոխգործակցությունը վաղուց պետք է խորացվեր

Օրերս Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։


Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը նշեց՝ խիստ դրական է վերաբերվում Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմական համագործակցության խորացմանը, նշում՝ դեռ մի բան էլ ուշացել ենք, դա պետք է վաղուց արվեր։ Նա նշեց, որ Հայաստանը Հունաստանի հետ վաղուց աշխատում է կրթության ոլորտում, սակայն դա «երկրորդական» է․


/Հրաչյա Արզումանյան, ռազմական փորձագետ/

«Հիմնականն այն է, որ Հայաստանը շարունակում է ռազմական դիվանագիտություն կառուցել ու ստեղծում է կապեր այլ երկրների հետ։ Դա դրական է, պետք է ողջունել, որ Հայաստանը ճանապարհներ է փնտրում՝ իզոլյացիայից դուրս գալու համար, որում գտնվում է 2020 թվականից հետո»։

Oragir.News-ի հարցին՝ Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմական համագործակցության խորացումը թույլ կտա՞ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնել՝ փորձագետը պատասխանեց՝ եթե պետության ռազմական դիվանագիտության մակարդակը բարձրանում է, դրանից մեծանում է նաև երկրի ընդհանուր պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունքում երկրի պաշտպանվածությունը մեծանում է, և պարտադիր չէ, որ դա միանգամից ռազմական տեխնիկայի կամ այլ «նյութական» ոլորտում երևա։

«Պաշտպանության-անվտանգության համակարգը միայն զենքը չէ․ դա հարաբերություններն են, կապերն են, դաշնակիցներ ունենալն է և այլն։ Նման քայլերը պետք է շարունակել, և այն երկրները, որոնք կարող են լինել Հայաստանի ռազմական դաշնակիցները, պետք է գտնել նրանց ու վերջիններս հետ երկկողմանի հարաբերություններ հաստատել։ Սա կարևոր է նաև այն առումով, որ մոտակա ժամանակներում Հայաստանը ինչ-որ մեծ ռազմական ալյանսների մեջ մտնելու հնարավորություն չի ունենալու, որոնք կարող են օգնել Հայաստանին պաշտպանել երկիրը։ Դրա համար էլ նման երկկողմ քայլերը պետք է միայն ողջունել»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանական համագործակցության խորացումը չի՞ հակասում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ ռազմական փորձագետը պատասխանեց՝ հնարավորություն չի տեսնում, որ Հայաստանն առաջիկայում կկարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ըստ նրա՝ դրանք միֆեր են, որոնք կան Հայաստանի իշխանությունների գլխում․

«Թուրքիային և Ադրբեջանին խաղաղություն և կարգավորված հարաբերություններ այսօրվա Հայաստանի հետ պետք չեն։ Նման խնդիր կարող է լինել միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք ուրիշ Հայաստան, հզոր Հայաստան, Հայաստան, որը ունի ռազմական ներուժ, ունի պաշտպանության-անվտանգության այնպիսի համակարգ, որը կկարողանա չեզոքացնել Թուրքիային, ունի տնտեսությունը, որը համեմատելի է, որը տեղ ունի աշխարհում։ Այսօրվա Հայաստանը ոչ մի առումով հետաքրքիր չէ, Թուրքիային հետաքրքրում է Հայաստանի ոչնչացումը։ Իրենք բազմիցս հայտարարել են այդ մասին, դրա համար էլ այն ուղղությունը, որով գնում է այսօրվա իշխանությունը, անընդունելի է, իրենք զբաղվում են միֆական ինչ-որ պրոյեկտներով։ Թուրքիային խաղաղություն պետք չէ, տեսնում եք՝ Թուրքիան Սիրիայում ոնց է աշխատում»։

Oragir.News-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ադրբեջանը փորձի Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանական փոխգործակցության խորացումը օգտագործի՝ ՀՀ-ի դեմ իր հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվում, քանի որ նման հնարավորություն չունի։ Նա կարծում է, որ նման հարձակում նախաձեռնելու համար Ադրբեջանը պետք է իր ռազմական ներուժը վերականգնի, ինչը դեռ չի արել, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում պետք է համապատասխան իրավիճակներ լինեն։

«Այս պահին նման հնարավորություններ չկան։ Նորից եմ կրկնում՝ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, մենք չունենք լայնածավալ ռազմական գործողություններ, որովհետև Ադրբեջանն այդ հնարավորությունը չունի, նրանք պատրաստ չեն դրան։ Դու կունենաս հարաբերություններ Հունաստանի ու Կիպրոսի հետ տվյալ դեպքում դա չորրորդական է, բայց ինչո՞ւ պետք է հիմա նման քայլի գնան։ Իհարկե առիթ միշտ էլ կարելի է գտնել, պետք չէ վախենալ, մեր իշխանությունը շատ վախեցած է, բայց իմաստ չկա վախենալու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան