2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները՝ ի թիվս այլ բարեփոխումների, հայտարարեցին նաև գրագողության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
ԿԳՄՍ այն ժանանակվա նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը կզբաղվի պլագիատի խնդիրը լուծելու, ինչպես նաև դիպլոմային, կուրսային և այլ աշխատանքները «գնելու» հարցերով։ Նա ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Հայաստանում շատերը հատուկ կայքերում գտնում են ուրիշի աշխատանքը ու պարզապես արտատպում այն, կամ գումար են տալիս մեկին, և նա ուսանողի կամ ասպիրանտի փոխարեն գրում է այդ աշխատանքը։ «Լինելով ԵՊՀ-ի դասախոս` բազմաթիվ անգամ եմ բախվել այդ խնդրին։ Կարծում եմ` ժամանակն է, որ ամբիոններն ու դասախոսները լրջորեն զբաղվեն այդ հարցով»,- ասում էր նա։
Իշխանափոխությունից 1 տարի անց՝ 2019-ի մայիսի 8-ին, Ազգային ժողովն ընդունեց կուրսային, դիպլոմային և նմանատիպ այլ աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ-ում նախագծի ընդունումից առաջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ էլ Արայիկ Հարությունյանն իր ուսանողական տարիներից զավեշտալի պատմություն էր պատմել՝ հիշեցնելով, թե ինչպես են ժամանակին իր կուրսային աշխատանքը գողացել։
Թվում էր, թե օրենքի ընդունումը պետք է խնդիրը զգալիորեն լուծեր ու առնվազն Երևանի պետական համալսարանի շուրջբոլորը նմանատիպ ծառայություններ առաջարկող հաստատություններն աստիճանաբար փակվեին, սակայն հեղափոխական կառավարության հերթական բարեփոխումը մնաց թղթի վրա։ Օրենքի ընդունումից ավելի քան 5 տարի անց այս հաստատությունները ոչ միայն չփակվեցին ու շարունակեցին սնկի նման աճել, այլև վերջիններս առ այսօր ազատորեն գովազդում են իրենց «ծառայությունները»՝ ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ հենց համալսարանների շրջակայքում՝ ուսանողներին այցեքարտեր բաժանելու միջոցով։
Oragir.News-ը զրուցել է մի քանի ուսանողների հետ, ովքեր անանուն մնալու պայմանով նշեցին, որ վերջին տարիներին նմանատիպ ծառայություններ առաջարկող ընկերություններից ավարտական աշխատանքներ են գնել, հաջողությամբ պաշտպանել դրանք, ընդ որում բարձր գնահատականներ ստացել։
Ուսանողները, ովքեր սովորել են տարբեր բուհերում ու աշխատանքները գնել են տարբեր ընկերություններից, մեզ հայտնեցին, որ վերջիններս սկզբում տրամադրում են աշխատանքի պլանը, որն ուսանողը պետք է ներկայացնի իր ղեկավարին, իսկ երբ ղեկավարը հաստատում է այն, սկսում են բուն աշխատանքը։ Ինչ վերաբերվում է վճարման գործընթացին, ապա այն ընկերությունները սկզբնական կանխավճար են պահանջում, իսկ գումարի մնացած մասն ուսանողը վճարում է այն բանից հետո, երբ աշխատանքը պատրաստ է լինում։
Oragir.News-ի լրագրողը կապ հաստատեց նմատիպ ծառայություններ առաջարկող ընկերությունների հետ (վերջիններիս անունները չենք հրապարակում՝ նրանց ծառայությունները չգովազդելու նպատակուվ), ներկայացավ որպես ուսանող՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով են վերջիններս ավարտական աշխատանքներ ու մագիստրոսական թեզեր գրում։ Ընկերության աշխատակիցը նաև ճշտեց աշխատանքի թեման, որից հետո նշեց՝ տրամադրելու են աշխատանքի պլանը, որը ղեկավարի հետ հաստատելուց հետո տրամադրելու են բուն աշխատանքը՝ ըստ գլուխների։
«Աշխատանքի մեկ էջը արժե 1000 դրամ, նախնական 20 հազար դրամ կանխավճար եք թողնելու, գումարի մնացած մասը՝ վճարելու եք վերջում։ Հետագա բոլոր փոփոխություններն էլ անվճար կատարելու ենք»,- ասաց ընկերության աշխատակիցը։
Ճշտող հարցին՝ երաշխավորո՞ւմ են, որ աշխատանքը համալսարանում առկա հակագրագողության ծրագրով կանցնի և խնդիրներ չեն առաջանա՝ ընկերության աշխատակիցը նախ հետաքրքրվեց, թե աշխատանքը ո՞ր բուհում է ներկայացվելու, ապա՝ երբ իմացավ, որ խոսքը Երևանի պետական համալսարանի մասին է, նշեց, որ այդ դեպքում աշխատանքի 1 էջը կարժենա 1300 դրամ։ «ԵՊՀ-ի դեպքում անտիպլագիատը ապահովելու դեպքում 1 էջը կարժենա 1300 դրամ։ Այս պահին մենք չգիտենք, թե ինչ անտիպլագիատով է աշխատանքը ստուգվելու, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնենք, 1 էջը 1300 դրամ կարժենա։ Սովորականը՝ եթե անտիպլագիատ չի անցնելու, 1000 դրամ, անտիպլագիատով՝ 1300 դրամ»,- հայտնեցին մեզ՝ երաշխավորելով, որ ծրագրով անցնելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա։
Մեկ այլ ընկերության աշխատակից էլ մեզ տեղեկացրեց, որ բացի Ամերիկյան համալսարանից, Հայաստանի ոչ մի բուհում հակագրագողության ծրագրերը չեն գործում և դրանց առկայությամբ պարզապես ուսանողներին փորձում են վախեցնել։ «Ձեզ են վախեցնում, որ մեզանից աշխատանքներ չգնեք, բայց 100%-ով վստահեցնում եմ՝ պլագիտի ծրագիրը միայն Ամերիկյանում է գործում։ Երբեք խնդիր չի եղել, որ մենք ուսանողի համար աշխատանք գրենք ու գրագողության պատճառով նա չպաշտպանի ու դուրս մնա, հանգիստ եղեք, մենակ վախեցնում են, տակը բան չկա»,- ասաց նա։
Այսպիսով՝ փաստենք՝ սա Հայաստանի հեղափոխական կառավարության հերթական տապալումն է՝ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթության ոլորտում։ Հայաստանում կուրսային, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի վաճառքը ոչ միայն չսահմանափակվեց, այլև այս բիզնեսն առ այսօր շարունակում է ծաղկել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Oragir.News-ը գրավոր հարցումներ է ուղարկել Հայաստանի առաջատար 7 բուհեր՝ հետաքրքրվելով, թե ուսանողների աշխատանքներում գրագողության դեպքերի հայտնաբերման ինչ համակարգեր են գործում, ինչպես նաև վերջին 3 ուսումնական տարիներին քանի ուսանող է հեռացվել բուհից՝ ավարտական աշխատանքներում գրագողության դեպքերի հայտնաբերման պատճառով։ Պատասխանները ստանալուն պես՝ դրանք նույնպե կհրապարակենք։