Կառավարությունը նախորդ հինգշաբթի հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից, հետաքրքրվել, թե արդյոք կողմ են կառավարության որոշմանը, որ պետբյուջեից փոխհատուցվելու է անհույս վարկերը։
Հարցվածների մեծ մասը վրդովվեց, թե ինչու իրենց հաշվին պետք է փոխհատուցվեն այլ մարդկանց վարկերը։ Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ դեմ չէ այդ որոշմանը, քանի որ այդպես կկարողանան օգնել իրենց հայրենակիցներին։
«Այ քուր ջան, ինչ վարկ, ժողովուրդը սոված մեռնում են»,- վրդովված ասաց անցորդներից մեկը։
Մի կին էլ նշեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչ որոշում է դա։
«Նորմալ չի, լավ չեմ պատկերացնում»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքն ամեն ինչին դեմ է։
«Ոչ մի որոշման էլ կողմ չեմ, ամեն ինչին դեմ եմ»,- պատասխանեց նա։
Անցորդ տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ վերևներում ավելի լավ գիտեն ինչ անել։
«Երևի վերևներում ավելի լավ գիտեն, եթե իհարկե կարում են մի բան հասկանան»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ լավ որոշում է և նորմալ է վերաբերվում դրան։
«Եթե իրենք չունեն, մենք կվճարենք։ Հայ ենք չէ։ Մենք, որ իրար չօգնենք՝ ով ա օգնելու»,- ասաց նա։
Մեկ այլ կին էլ վրդովված պատասխանեց․ «Պետբյուջե են թողե՞լ, նենց են թալանել։ Իհարկե դեմ եմ։ Ինչի՞ պիտի ես մուծեմ, ուրիշը վայելի»։
Մանրամասները՝ տեսանյութում։