Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 03-12-2024

Երևանում թեքահարթակները դժոխք են. այսօր հաշմանդամություն ունեցողների օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Oragir.News-ը զրուցեց հաշմանդամություն ունեցող 17-ամյա Աշոտ Հովհաննիսյանի հետ։ Վերջինս խոսեց այն խնդիրների մասին, որոնց բախվում են սահմանափակ շարժողականություն ունեցող անձինք Հայաստանում՝ ընդգծելով, որ իրենց՝ հաշմանդամություն ունեցողների համար, շատ խնդիրներ կան Հայաստանում՝ սկսած թեքահարթակներից, վերջացրած հասարակության վերաբերմունքից։

«2 տարի է, ինչ զբաղվում եմ բլոգինգով, խոսում եմ հաշմանդամության մասին՝ ինչ խնդիրներ, մարտահրավերներ, անմատչելիություններ կան Հայաստանում, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցողները։ Ինձ համար, թերևս, մատչելիության հարցն է, որին մենք հաճախ ենք բախվում։ Մատչելիություն ասելով՝ նկատի ունեմ, որ շատ կառույցներ և ընդհանրապես՝ քաղաքը հարմարեցրած չեն սահմանափակ շարժողականություն ունեցող անձանց համար։

Ուղղակի դուրս գալը և քաղաքում շրջելը հաշմանդամություն ունեցող անձի համար մարտահրավեր և փորձություն են։ Նա չի կարող միայնակ դուրս գալ, շրջել քաղաքով, քանի որ ինչպես արդեն նշեցի, ոչինչ հարմարեցրած չէ իրենց հնարավորություններին։ Նույն թեքահարթակները, նույնիսկ եթե կան, այնքան սխալներով են, որ դրանցից օգտվելը գրեթե անհնար է։ Ես այդ թեքահարթակների անունը դրել եմ դժոխքի ճանապարհ, վրայով իջնելիս մտածում ես, որ կյանքդ շուտով կավարտվի»։

Խոսելով հասարակության վերաբերմունքի մասին՝ Աշոտ Հովհանիսյանն ասաց, որ մարդկանց պահվածքը իրենց նկատմամբ գալիս է անիրազեկությունից, ինչի հետևանքով էլ առաջանում են խտրական վերաբերմունքը, բուլինգը և այլն։ Իսկ ամենամեծ խնդիրներից մեկը նա համարում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ստանալու իրավունքի իրացման հարցը․

«Տեսնում ենք, որ հանրակրթական կառույցների մեծ մասը հարմարեցված չէ սահմանափակ շարժողականություն ունեցողների համար՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և այլն։ Սա ոչ այլ ինչ է, քան հաշմանդամություն ունեցող անձի կրթության իրավունքի սահմանափակում։ Ես ընկերներ ունեմ, որոնք չեն դիմում բուհ հենց միայն տվյալ կառույցների անմատչելության պատճառով։ Եթե մենք ասում ենք, որ պետք է ամեն ինչ անենք այս մարդկանց համար, ապա դա չպետք է սահմանափակվի միայն խոսքերով։ Մեր պատկան մարմինները միայն խոսում են, աշխատանքային ոչ մի ինտեգրացիա համենայն դեպս ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Օրինակ՝ երբևիցե չես տեսնի իրազեկման ակցիաներ անցկացվեն այս թեմայով»։

17-ամյա Աշոտը նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ պետության համար իրենք առաջնահերթություն չեն, հաշվի առնելով շատ այլ խնդիրներ, որոնք ծառացած են Հայաստանի առջև։ Բայց չպետք է մոռանալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները՝ հասարակության մի մասն են, և պետք է ունենան հավասար իրավունք լիարժեք կյանքով ապրելու․

«Աշխատանքի դիմելիս, ես ինքս ազնվորեն ասեմ, որ խնդրի չեմ բախվել; Բայց եթե մարդը իմանում է, որ դու հաշմադամության խնդիր ունես, արդեն մտածում է, որ թույլ ես և ինքնուրույն ոչինչ անել չես կարող, տկար ես։ Բնական է՝ չի ասում, որ այդ պատճառով չես կարող աշխատանքի անցնել, գործատուները երբեք այդ հիմքով չեն մերժի, ուղղակի չեն կանչում, չեն մտածում, որ այդ անձը կարող է շատ լավ կադր լինել՝ անկախ հաշմանդամության խնդիրներից»։

Աշոտ Հովհաննիսյանը նշեց նաև, որ պետությունը խուսափում է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ և այս հարցերին լուծում տալ։ Հավելեց նաև, որ պետական պատվերը, որը հաշմանդամություն ունեցող յուրաքանյուր անձի տրվում էր տարեկան 4-5 անգամ, 2018 թ-ից ի վեր կրճատվել է 2-ի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ