Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ «Հայկական կողմի խնդրանքով նիստը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, չնայած այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրավերներն ուղարկվել են»,- ասել է նա։
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նույնպես հաստատել էր տեղեկությունը, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացնելու որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։ Նա հիշեցրել էր, որ դեռևս մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում։
Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ ԵԱՏՄ նիստը խորհրդի նիստը Հայաստանում չանցկացնելու խնդրանքը պայմանավորված է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմամբ։ Մասնավորապես՝ գագաթաժողովին պետք է մասնակցեր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել, իսկ ՀՀ-ն՝ որպես ՄՔԴ անդամ, ֆորմալ առումով պարտավոր է այս որոշումն ի կատար ածել։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ որոշման պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է ներքին տեղեկություններ ունենալ, որոնց ինքը չի տիրապետում։ Նա ասաց՝ ռուսական կողմի բացատրությամբ Հայաստանը չի կարող նման մեծ ծախսեր կատարել ու ԵԱՏՄ երկրների ղեկավարների անվտանգությունն ապահովել, և իրենք ըմբռնումով են հայկական կողմի պահվածքին։
/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/Ստեփան Դանիելյանը չի կիսում այն տեսակետը, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացնելու որոշումը պայմանավորված է ՀՀ-ի Հռոմի ստատուտի վավերացմամբ։ «Չեմ կարծում, որ պատճառտ Հռոմի ստատուտն է, որովհետև դա լուրջ չէ։ Ո՞նց եք պատկերացնում, որ Ռուսաստանի նախագահին Հայաստանում ձերբակալեն։ Դա հնարավոր չէ, աբսուրդ է, նման դեպքում 1 օր անց Հայաստանը պարզապես գոյություն չի ունենա։ Իհարկե նման բան հնարավոր չէ, և դա պատճառ լինել չի կարող, առավել ևս այս վարչապետ կոչվածը իրավական բացատրություններ էր տալիս, թե ինչու Պուտինի ձերբակալությունն իրավական առումով հնարավոր չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման մեկնաբանությունները պարզապես անհեթեթություններ են։
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այս որոշումը առավելապես պայմանավորված է այն իրողությամբ, որ Հայաստանը՝ որպես պետություն, արդեն ի վիճակի չէ նման կարգի հանդիպումներ կազմակերպել՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ անվտանգային առումով։ Ըստ նրա՝ Հայաստանն արդեն թերի պետություն է, և այդ փաստն անհրաժեշտ է հաշվի առնել։
Oragir.News-ի հարցին՝ եթե Պուտինն այնուամենայնիվ այցելի Հայաստան, հայկական կողմը կարո՞ղ է նրան չձերբակալել՝ հաշվի առնելով Մոնղոլիայի նախադեպը՝ քաղաքագետը պատասխանեց՝ չի պատկերացնում, որ աշխարհում կգտնվի այնպիսի երկիր, որը Ռուսաստանի նախագահին կարող է ձերբակալել․ «Նորից եմ կրկնում՝ չեմ պատկերացնում որևէ երկիր, նույնիսկ եվրոպական ուժեղ երկրները, որոնք Ռուսաստանի նախագահին կձերբակալեն, դա տեղում միջուկային հարվածի պատճառ կդառնա՝ առանց մտածելու»։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը Հայաստանի գործող վարչապետին լուրջ չի վերաբերվում՝ անգամ այն դեպքում, երբ Հայաստանից հնչում են կոպիտ հայտարարություններ։ Ըստ նրա՝ վիրավորվելու ու հայտարարություններին պատասխանելու համար անհրաժեշտ է տվյալ երկրի ղեկավարին լուրջ վերաբերվել, ինչը Նիկոլ Փաշինյանի դեպքում չկա։ Նա ասաց՝ Հայաստանի ղեկավարի ու արդեն նաև Հայաստանի հանդեպ արհամարհական վերաբերմունք կա ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև բազմաթիվ այլ երկրներում։
Դանիելյանը հավելեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո եթե նոր իշխանությունն իրեն արժանապատիվ պահի և կամք դրսևորի, ապա բնականաբար այս վերաբերմունքը կփոխվի։
Դավիթ Գույումջյան