Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից, կորուստներից հետո շատերը Հայաստանը համեմատում են անդամահատված, անտուն մարդու հետ։ Անտուն մարդը ցավալիորեն հարազատ է թվում, երբ նայում ենք երկրի ներկա վիճակին: ՀՀ կանգնած է մի իրավիճակում, որը հիշեցնում է հենց անտուն մարդուն՝ ուժասպառ, միայնակ, անտեսված ու հաճախ ծաղրուծանակի ենթարկված։ Աշխարհը չի շտապում ձեռք մեկնել Հայաստանին, իսկ հայերը հաճախ դիտորդի դերում են։
Ինչպես մարդը կարող է խղճալ անտունին, գցել մի մետաղադրամ կամ նույնիսկ մտածել նրա մասին՝ առանց որևէ արմատական քայլ ձեռնարկելու, նույն կերպ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ «հիշում է» հայ ժողովրդին, հայտարարում, թե կիսում է նրա վիշտը կամ մտադիր է աջակցել։ Մեծ պետությունները, առաջնորդվելով իրենց քաղաքական շահերով, գերադասում են անտարբերություն կամ սահմանափակ աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին։
Մինչդեռ մեր հարևանները ձգտում են շահագործել երկրի ծանր վիճակը։ Մասնավորապես՝ ՌԴ-ն ՀՀ-ին օգնելու փոխարեն դիրքավորվել է որպես թշնամի, չճանաչելով ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Իսկ այսօր ոչ թե միայն անտարբերությամբ, այլև թշնամանքով ու հաշվենկատությամբ փորձում է օգտվել Հայաստանի առկա խնդիրներից, փորձելով ստանալ առավելագույնը։
Անտունի իրավիճակում հայտնվելու պաճառներից մեկն էլ այն է, որ ազգովի չենք ցանկանում խորանալ այս իրավիճակի արմատական պատճառների մեջ։ Մենք խոսում ենք խնդիրների մասին, բայց դրանք լուծելու ցանկություն չունենք։ Օրինակ՝ մարդիկ քաղաքականության մասին կարող են խոսել ժամերով, քննադատել, ճիշտ ուղին մատնանշել, բայց երբ նրանց հարցնում ես՝ ուզո՞ւմ ես դառնալ պատգամավոր, նախարար և իրականացնել քո ասածները, ապա պատասխանում են՝ ոչ։ Այսինքն՝ ինչպես անտունին գիտի իր ծանր իրավիճակից դուրս գալու ուղին, բայց ոչինչ չի անում, այդպես էլ ՀՀ քաղաքացին գիտի ճանապարհը, բայց չի անում։
Ազատ աշխարհի երկրներում անտուն մարդը, նույնիսկ եթե ինքնակործանման զոհ է դարձել, չի դիտվում որպես «հեռու կանգնած» խնդրի կրող։ Նույնպիսի հույս ունի այսօր ՀՀ քաղաքացին։ Նա կարծում է, թե աշխարհը հոգատարությամբ կվերաբերվի ՀՀ-ին, թույլ չի տա ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին հոշոտել երկիրը։
Մտահոգիչ է նաև հանրության շրջանում տարածվող բարոյական ընկալման ճգնաժամը, որը ևս բնորոշ է անտունին։ Կարծիք կա, թե քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, անօգնական անտունին բնորոշ ընկալումը խորանալու է։ Եվ աշխարհն էլ համարժեք է վերաբերվելու։ ՀՀ-ն շատերի կողմից ընկալվում է ոչ թե ժողովրդավարական պետություն, այլ՝ կոլեկտիվ զոհ, որը սպասում է, թե երբ և ով իրեն կփրկի։
Պարզ ասած՝ հարցն այն է, թե արդյոք աշխարհը, ներառյալ հայ ժողովուրդը, պատրա՞ստ են վերականգնելու բարոյական արժեհամակարգերը, թե՞ շարունակելու են գլորվել անտարբերության անդունդը, թողնելով անտունին մենակ ու լքված։
Այս թեման քննարկողների մեծ մասը եզրակացնում է, որ անտուն մարդը պետք է ուժ գտնի ինքնուրույն ոտքի կանգնելու, վերադառնալու կյանք։ Եթե այս մղումը չկա, ոչ մի օգնություն նրան դուրս չի բերելու այդ վիճակից։ Նույնպես ՀՀ-ն պետք է սկսի իր վերակենդանացումը ներսից՝ առանց սպասելու դրսի փրկիչների։ Այս հարցում գլխավոր գործող անձը քաղաքական հայանքն է, առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունը։
Ցավոք՝ բարձր աթոռներին բազմած ՔՊ-ական իշխանությունը, թեև գիտակցում է իրավիճակի ողբերգականությունը, սակայն նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Մյուս կողմից նա այսօր այն հեղինակությունը չի վայելում, որ առաջնորդի ժոովրդին այս ճգնաժամից դուրս գալու համար։ Հետևաբար՝ անտունի իրավիճակում Հայաստանը կմնա առնվազն այնքան, ինչքան կշարունակվի ՔՊ-ի իշխանությունը։
Թաթուլ Մկրտչյան