Ներքին 2 տարի առաջ - 22:30 13-08-2024

Անտուն նախարարն ու կալվածատեր կինը․ Գնել Սանոսյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Տոնոյանի և չափահաս դստեր՝ Ջեսիկա Սանոսյանի տարեկան հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Սանոսյանը ՏԿԵ նախարար է նշանակվել 2021-ի օգոստոսի 3-ին, իսկ նախքան դա 2018-2021 թվականներին զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։

Գնել Սանոսյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որին տիրապետում է 90 օրից ավելի։

Սանոսյանը շարժական գույք՝ ավտոմեքենա նույնպես չի ունեցել, սակայն այս դեպքում կրկին տարվա ընթացքում ձեռք է բերել 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որին տիրապետում է 90 օրից ավելի։

Վերջինիս հանձնված և վերադարձված փոխառությունները տարեվերջին կազմել են 42 մլն 153 հազար դրամ՝ ՄԻԿՇԻՆ ՍՊԸ-ից:

Գնել Սանոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․916․197, տարեվերջին՝ 830․945 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարսկզբին կազմել են 7․200․000 դրամ և 150․000 ռուբլի, տարեվերջին՝ 10․000․000 դրամ։

Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 26․289․775 դրամ, որից 19․770․131 ՏԿԵ նախարարությունից, 10․083 դրամը՝ «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան ստացած աշխատավարձն է, 2․218․831 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից, ևս 1․000․000 ռուբլի էլ նա ստացել է եղբորից՝ Վարդան Սանոսյանից։

Նախարարի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41․473․367 դրամ։

Սանոսյանն իր եկամուտներից 4․200․000 դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 2․250․000 դրամ՝ ուսման համար կատարվող վճարներին, 6․000․000 դրամ էլ՝ վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ի տարբերություն իր ամուսնու՝ Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը կարելի է ասել կալվածատեր է․ վերջինս հայտարարագրել է միանգամից 6 անշարժ գույք։ Տոնոյանը համատեղ սեփականությամբ տիրպետում է 5 հողամասի և 1 սեփական տան՝ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում։ Հողամասերից 4-ը նա ձեռք է բերել 2002 թվականի հոկտեմբերի 18-ին, մյուսը՝ 2004 թվականի ապրիլի 2-ին, իսկ սեփական տունը 2003 թվականի ապրիլի 2-ին։ Տարեվերջին ինչպես սեփական տունը, այնպես էլ հողամասերը պահպանվել են։

Տոնոյանը նույնպես նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է բնակարանի, որը ամուսնու հայտարարագրած բնակարանն է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Նախարարի կինը շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․142․040 դրամ, որը տարեվերջին մեծացել է՝ հասնելով 4․440․833 դրամի։ Որպես կանխիկ դրամ՝ նա տարեկզբին հայտարարագրել է 2․000․000 դրամ և 260․000 ռուբլի, տարեվերջին՝ 4․500․000 դրամ և 260․000 ռուբլի։

Տոնոյանի տարեկան եկամուտները կազմել են 7․057․445 դրամ, որից 4․297․292 դրամը Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, 490․675 դրամը՝ ՏԿԵ նախարարությունից ստացած աշխատավարձն է, 967․478 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 300․000 ռուբլին նա ստացել է իր ամուսնու եղբորից՝ Վահան Սամսոնյանից։

Գնել Սանոսյանի և Ռուզաննա Տոնոյանի չափահաս դուստրը՝ Ջեսիկա Սանոսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինս առևտրային բանկերից մեկում տարսկզբին ունեցել է 3․102․637 դրամ ավանդ, որը տարեվերջին դարձել է 4․037․260 դրամ։

Նրա բանկային հաշիվներին տարսկզբին եղել է 9737, տարեվերջին՝ 35․788 դրամ։

Ջեսիկա Տոնոյանի տարեկան եկամուտները կազմել են 717․502 դրամ, որից 700․000 դրամը նա ստացել է հորեղբորից՝ Վահան Սանոսյանից և ներկայացրել որպես այլ եկամուտ, իսկ 17․502 դրամն «ԱՅԲ» կրթական հիմնադրամից քաղաքացիաիրավական այլ պայմանագրով ստացած եկամուտն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի