«Դուք գիտեք, որ պարոն Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը, իհարկե, շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է», նոյեմբերի 21-ին, ՆԳՆ-ում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս իր խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունը հանրային քննարկման առարկա է դարձել։ Մարդիկ հարցեր են բարձրացնում ու ենթադրություններ անում, թե Փաշինյանի և Վահե Ղազարյանի ընկերությունը ո՞ր հարցերում է խանգարել, ու՞մ է խանգարել, ինչո՞ւ է խանգարել։ Եվ արդյո՞ք Ղազարյանին պաշտոնանկ անելու պատճառը կամ պատճառներից մեկն այդ խանգարելն է։
Ենթադրություններից ուշագրավ են երկուսը։
Առաջինն առնչվում է կոռուպցայի դեմ պայքարին։ Հիմնավորման համար համադրվում են որոշ փաստեր։ Խմբակային պաշտոնանկություններից առաջ, Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց ուժայիններին կոռուպցիայի դեմ ոչ անարդյունավետ պայքարելու համար։ «Իմ համբերության բաժակը լցվել է», ասաց նա, մատնանշելով, որ հանրային կարծիքով՝ պատասխանատվության ենթակա կոռուպցիոներները առավոտից իրիկուն սրճարաններում ու ռեստորաններում քեֆ են անում։ Իսկ մի քանի օր անց նա գրառում արեց՝ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»։ Ենթադրելի է, որ Վահե Ղազարյանին պաշտոնից ազատել են, քանի որ նա ոչ արդյունավետ էր պայքարում կոռուպցիայի դեմ։ Եվ երբ Փաշինյանն ասում է, որ իր և Վահե Ղազարյանի ընկերությունը «որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է», ապա տրամաբանորեն ենթադրելի է, որ ընկերությունը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելուն է խանգարել։
Այնուամենայնիվ՝ պարզ չէ՝ ինչպե՞ս կարող է Փաշինյան-Ղազարյան 37-ամյա ընկերությունը խանգարել կոռուպցիայի դեմ պայքարին։ Մարդկությանը հայտնի կոռուպցիոն սխեմաներում բարձ պաշտոններ զբաղեցնող ընկերները, ծանոթ-խնամի-բարեկամները կոռուպցիոն շղթայի ամենապինդ օղակներն են։ Ուստի՝ ընկերությունը, ենթադրաբար՝ կարող էր խանգարել կոռուպցիայի դեմ պայքարին, եթե նրանք ի սեր ընկերության՝ աչք փակեին միմյանց օրինազանցությունների վրա։
Ենթադրյալ երկրորդ վարկածը վերաբերում է ինքնիրավչությանը։ Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ Վահե Ղազարյանը իր պաշտոնավարման տարիներին որևէ անգամ չի կատարել Փաշինյանի կամայական, օրինազանց հանձնարարականները։ Բայց եթե Փաշինյանն ասում է, որ իրենց 37-ամյա ընկերությունը «որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է», ապա կասկած է առաջացնում, որ այնուամենայնիվ՝ եղել են ապօրինի հանձարարականներ, որոնք Վահե Ղազարյանը չի կատարել, դրսևորելով մարդասիրական խիզախություն կամ օրենքի նվիրյալին վայել վարք։ Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվել, թե երկրի ղեկավարը թույլ է։
Համադրենք այս ենթադրությունն ու Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Փաշինյանի հետևյալ խոսքը՝ «Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանություն է, կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցն է, որ որևէ մեկը ինձ թույլ անվանի»։ Այս համադրումից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը չի կարողացել ստիպել իր 37-ամյա ընկերոջը գնալ օրենքի և խղճի դեմ, տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանի իշխանությունը թույլ է։
Այս ենթադրությունները կարող են հերքվել, սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ նա ու Վահե Ղազարյանը ձախողվել են կոռուպցիայի դեմ պայքարում, նա ու Վահե Ղազարյանը թույլ ուժայինի ու թույլ վարչապետի տպավորություն են ստեղծել։ Ու չնայած՝ նրանց համատեղ աշխատանքը կարծես՝ ավարտվում ոչ բարի նոտայով, այնուամենայնիվ՝ լավատեսություն կա, որ նրանց ընկերությունը կշարունակվի, և Փաշինյանն, ի սարսափ ուրիշների՝ հանիրավի չի պատժի 37-ամյա ընկերոջը, ինչպես անում են բռնապետները։
Թաթուլ Մկրտչյան