Արևմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը AFP-ի հետ զրույցում անանուն մնալու պայմանով մեկնաբանել է քսանյակի առաջնորդների հանդիպման արդյունքները՝ նշելով․ «Սա Ուկրաինայի մասին այն բանաձևը չէ, որը մենք կցանկանայինք տեսնել»։
Մյուս կողմից գագաթաժողովի մասնակիցները Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերաբերող հռչակագրի կետերի մեծ մասը չեն քննարկել՝ նախքան գագաթաժողովի վերջին օրը։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ խմբի արևմտյան անդամների ու զարգացող երկրների միջև առկա է զգալի անջրպետ, քանի որ վերջիններս շարունակում են սերտ կապեր պահպանել Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ եվրոպական որոշ պատվիրակություններ պահանջել են ավելի խիստ արտահայտություններ հնչեցնել՝ դատապարտելով կիրակի օրը Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակումը: Թերթի աղբյուրներն ասում են, որ իրենք ի վերջո հրաժարվել են պահանջից՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է ընդհանրապես ձախողել համատեղ հայտարարության ընդունումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել գագաթնաժողովին, Մոսկվան ներկայացնում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Բրազիլիայի հետ միասին Ուկրաինային հորդորում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսել, կոչ է արել G20-ին օգնել, որպեսզի պատերազմը սառեցվի։ Բրազիլիան Չինաստանի հետ միասին առաջարկել է ուկրաինական պատերազմի կարգավորման սեփական խաղաղության ծրագիրը. այս երկրները կարծում են, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ խաղաղ բանակցություններ վարելն է։
Այնուամենայնիվ, սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բրազիլիայի և Չինաստանի միջև խաղաղության ծրագիրն ավելի շատ համապատասխանում է Ռուսաստանի շահերին և այն անընդունելի է Ուկրաինայի համար։ Նա նախաձեռնությունը որակել էր «կործանարար»:
Հայտարարության մեջ չեն հիշատակվել հակամարտությունը սառեցնելու Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի առաջարկները, որոնց մասին Bloomberg-ը հայտնել էր գագաթնաժողովից քիչ առաջ: Գործակալության տվյալներով՝ Էրդողանն առաջարկում էր Դոնբասի արևելքում ապառազմականացված գոտի ստեղծել և այնտեղ միջազգային ուժեր տեղակայել։ Թուրքիայի ղեկավարի առաջարկով Ուկրաինան կշարունակի ռազմական աջակցություն ստանալ, սակայն որպես զիջում Կիևն առնվազն 10 տարով պետք է համաձայնի հետաձգել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինան հետևողականորեն դեմ է հակամարտությունը սառեցնելուն՝ պնդելով, որ նման սցենարն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որը կարող է դա օգտագործել՝ նոր հարձակում նախապատրաստելու համար։ Կիևը նաև հրաժարվում է խոսել որևէ տարածքային զիջումների մասին և խոստանում է վերադարձնել իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։
Կրեմլը նույնպես բազմիցս պնդել է, որ հակամարտությունը սառեցնելն իր համար անընդունելի է՝ առաջ քաշելով իր պայմանները Ուկրաինայի հետ բանակցությունների համար, այդ թվում՝ ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից։ Ռուսական կողմը նաև պահանջում է, որ Ուկրաինան առհասարակ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային խնդրել է իրեն նույնպես հրավիրել գագաթաժողովին, սակայն նա անտեսել է այս խնդրանքը։ Ուկրաինայի առաջնորդին չեն առաջարկել նաև տեսակապի միջոցով մասնակցել գագաթաժողովին, ինչպես դա եղել էր 2022 թվականին՝ Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Գագաթաժողովի բացման նախօրեին Լուլան բրազիլական GloboNews-ին ասել էր, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները չեն լինի գագաթնաժողովի օրակարգում, որպեսզի մասնակիցները կարողանան կենտրոնանալ աղքատության և կլիմայական խնդիրների վրա: Սակայն, ի վերջո, չի հաջողվել այդ հարցերը շրջանցել, և հայտարարության մեջ խոսվում է նաև Գազայում և Լիբանանում համապարփակ զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին։
FT-ը հայտնում է, որ G20-ի առաջնորդների հայտարարությունը, որոնք արդեն երկրորդ տարին է, ինչ հրաժարվում են ուղղակիորեն դատապարտել ռուսական ներխուժումը, հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշումների ֆոնին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ որոշ արևմտյան դաշնակիցներ փորձում են համոզել նրան խաղաղության բանակցություններ վարել, ինչը հրատարակությունը համարում է Կիևին ցուցաբերվող աջակցության թուլացում։ Այս իրողությունը մասամբ բացատրվում է Դոնալդ Թրամփի վերադարձով Սպիտակ տուն, ով խոստացել էր 24 ժամում ավարտել պատերազմը և սպառնացել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինան չհամաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել։
Ըստ Reuters-ի՝ բրազիլացի պաշտոնյաները խոստովանել են, որ G20-ի գագաթնաժողովի օրակարգի մեծ մասը, ներառյալ կայուն զարգացումը և գերհարուստների հարկումը, կարող է անտեղի դառնալ՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն։
Մասնավորապես, Թրամփը հայտնի է որպես «կլիմայական» օրակարգի հակառակորդ և խոստանում է նոր թափով վերսկսել նավթի և գազի արդյունահանումը ԱՄՆ-ում, իսկ G20-ի առաջնորդները հույս ունեին նոր խթան հաղորդել կլիմայի շուրջ բանակցություններին։
Բայց դա տեղի չունեցավ. վերջնական հռչակագրում նրանք միայն ընդունեցին բոլոր աղբյուրներից կլիմայի ֆինանսավորումը միլիարդներից մինչև տրիլիոնների հասցնելու անհրաժեշտությունը՝ առանց հստակեցնելու, թե որտեղից են այդ միջոցները հատկացվելու։
Փաստաթղթի տեքստում չի նշվել նաև հանածո վառելիքից վերականգնվող էներգիայի անցնելու մասին նախորդ տարի ընդունված հռչակագիրը։
G20-ը ողջունել է նաև համագործակցության գաղափարը՝ ապահովելու «գերհարուստների» արդյունավետ հարկումը, ինչին ձգտում էր Լուլա դա Սիլվան:
Միևնույն ժամանակ, սակայն, փաստաթղթում ասվում է, որ նման համագործակցությունը պետք է իրականացվի «հարկային ինքնիշխանության լիարժեք հարգմամբ» և ներառի «հարկային սկզբունքների քննարկում», ինչպես նաև հարկերից խուսափելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում։
Լուլան հաջողության հասավ մեկ այլ հարցում. նրա նախաձեռնությամբ ստեղծվեց «Սովի և աղքատության դեմ գլոբալ դաշինքը», որը պետք է միջոցներ գտնի՝ սովի դեմ պայքարելու համար ու մինչև տասնամյակի ավարտը օգնի 500 մլն մարդու։