Նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Արագած լեռան լուսանկարը, կից գրելով՝ «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր»։ Հրապարակումը հանրային արձագանք ստացավ։ Բազմաթիվ օգտատերեր ֆլեշմոբ կազմակերպեցին, հրապարակելով Արարատ լեռան լուսանկարը և մտավախություն հայտնելով, որ ՔՊ-ն հետևողականորեն փորձում է ուրանալ Հայոց Ցեղասպանությունը և դրան առնչվող թեմաները։ Մտավախությունն ամբողջացնում է այն, որ ՔՊ-ն անուշադրության է մատնում նաև բախտակից ժողովուրդների նման ողբերգությունները։ Օրինակ՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի ճանաչում Հոլոդոմորը։
Այս տարի Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրը նշվելու է մի քանի օր անց՝ նոյեմբերի 23-ին։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը գիտեն այս պատմությունը, սակայն համառոտ ներկայացնենք, որ իմանան նաև քաղաքականապես անկիրթ պաշտոնյաները։
Խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1932-1933թթ. Ուկրաինայում իշխանությունները բռնագարվում են ցորենի ամբողջ պաշարները, արգելում ցորենի և հացի մասնավոր վաճառքը: Սկսվում է համատարած սով: Ուկրաինայում սովամահության զոհերի թիվը կազմում է 7,5 մլն մարդ: Սակայն մահվան պատճառ չէին նշում սովը, այն փոխարինում էին «մահվան պատճառն անհայտ է» գրություններով: Սովի մասին տեղեկություններ տարածողները խիստ պատժվում էին: Եթե որևէ մեկը փորձում էր դուրս գալ Ուկրաինայից, նրան ձերբակալում էին և տուն վերադարձնում՝ կրկին սովամահության ենթարկվելու համար։
Ուկրաինայում զանգվածային սովի մասին առաջինը հրապարակել է նացիստական Գերմանիան 1941թ.: Նա փորձել է «ԽՍՀՄ-ում սովի մասին» հարցը բարձրացնել Ազգերի լիգայում: Գերմանիան փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են, որ Ուկրանայում 1932-1933թթ. միտումնավոր սովամահության է ենթարկվել 7.510.000 մարդ: Սակայն Ազգերի Լիգան այս հարցը փոխանցել է Կարմիր խաչին:
Ցեղասպանագետները Հոլոդոմորի կազմակերպման նպատակ են համարում ուկրաինական ազգային ինքնության ոչնչացումը՝ «հնազանդեցում սովի միջոցով»: Այդ տարիներին Ուկրաինայում տարածված էին անկախական տրամադրությունները: Այդ պատճառով է ստալինյան վարչակարգը նախահարձակ գործողություններ իրականացրել ուկրաինացի ժողովրդի դեմ։
2005 թվականից Ուկրաինայի կառավարությունը Հոլոդոմորը ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու քաղաքականություն է վարում: Հոլոդոմորը հանդիսանում է միավորող գաղափար։ Ընդ որում, համախմբումը տեղի է ունենում ոչ միայն ողբերգության հիմքի վրա, այլև հերոսացման, քանի որ ուկրաինացիները ձգտում էին անկախության: Հոլոդոմորի միջազգային ճանաչման գործընթացը գործուն միջոց է «նոր ուկրաինացի» կերտելու համար, որի մտածողության մեջ ռուսները սովասպանդ կազմակերպած ազգ են:
Առաջին անգամ Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրը սահմանվել է 1998 թվականին՝ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանով: Ամեն տարի նոյեմբերի վերջին շաբաթ օրը անց են կացվում Հոլոդոմորի զոհերի հիշատակի միջոցառումներ: Կազմակերպվում են ցուցադրություններ և դասախոսություններ, անցկացվում են սգո միջոցառումներ, համազգային լռության րոպե և «Հիշատակի մոմ վառի՛ր» ակցիան:
Հոլոդոմորը ցեղասպանական գործողություն են ճանաչել՝ երեք տասնյակ երկրներ՝ ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Լատինական Ամերիկայի երկրները, բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքային, նահանգային իշխանություններ։ Եվրամիությունը Հոլոդոմորը որակել է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Ռուսաստանը 2008-ին պաշտոնապես դատապարտել է խորհրդային իշխանությունների անմարդկային գործողությունները Ուկրաինայում, սակայն Հոլոդոմորը որպես ցեղասպանություն չի ճանաչել:
Հոլոդոմորը չճանաչելով, ՔՊ-ն տպավորություն է ստեղծում, թե մարդասիրական խիզախություն չունի և շարունակում է առաջնորդվել ռուսական հետաքրքրություններով։ Իսկ եթե այդպես չէ, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների խոսքերը անկախության պաշտպանելու մասին կեղծ չեն, ապա նրանք կարող են առաջիկա օրերին ճանաչել Հոլոդոմորը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։ Դրանից հետո դժվար կլինի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը փոքրոգի, թույլ ղեկավար է և կատարում է Կրեմլի թելադրանքը, և ինչպես Մոսկվայի խնդրանքով ուրանում է Հոլոդոմորը, այնպես էլ վաղը կուրանա Հայոց Ցեղասպանությունը։
Թաթուլ Մկրտչյան