Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին
copy image url

Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին

Ներքին 7 ամիս առաջ - 22:45 15-11-2024
Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:

«Բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ այս մրցանակը փոխում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը և փոխում է աշխարհի՝ Հայաստանի Հանրապետությունն ընկալելու դիտանկյունը: Սա կարևոր է այն տրամաբանությամբ, որ մենք ոչ միայն գնահատանք, կարեկցանք կամ համակրանք ենք ակնկալում աշխարհից, այլև մենք նույնպես կարող ենք մատուցել գնահատանք և կարող ենք մեր համակրանքն արտահայտել ահա այսպիսի կարևոր և արժեքավոր մրցանակաբաշխությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունը մի ուրիշ դիտանկյունից նույնպես կարևոր է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներին և այսօր նաև պարոն Մուրթիին ներկայացնելիս արժանի կերպով հնչում է «տեխնոլոգիական ոլորտի գիգանտ» արտահայտությունը, և դա ակնհայտորեն այդպես է ու այսօրվա միջոցառումը դրա մասին է վկայում: Վարչապետը նշել է, որ այս մրցանակաբաշխության համատեքստում մրցանակակիրներին մեր հանրությանը ներկայացնելիս պետք է ուշադրություն հրավիրել նրանց կենսագրության վրա:

«Դրա ամենաառանցքային առանձնահատկություն այն է, որ նրանք, ներողություն, որպես գիգանտ չեն ծնվել, նրանք դարձել են գիգանտներ, նրանք դարձել են շրջադարձային ներդրում ունեցող մարդիկ: Իհարկե, ենթադրվում է, որ ի սկզբանե Բարձրյալը կոնկրետ ճակատագիր և ծրագիր է ներդրել նրանց կյանքի և կենսագործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ առանց աշխատանքի, ակնհայտ է, որ առանց կրթության, և պիտի նաև խոստովանել, որ ակնհայտ է, որ առանց ձախողումների այդ հաջողությունները հնարավոր չէր լինի արձանագրել: Ինչո՞ւ եմ կարևորում, ես հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխության և մրցանակակիրների ներկայության առիթը մենք կարողանում ենք և կկարողանանք օգտագործել հատկապես մեր պատանիներին, երիտասարդներին, ուսանողներին մեր հարգարժան մրցանակակիրների կյանքի պատմությունը ներկայացնելու»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մրցանակակրի կյանքի պատմություն մի բան է, որը ոչ միայն արժանի է իմանալու, այլև ցանկացած իմացողի լրացուցիչ խթան, լիցք և ոգևորություն հաղորդելու շատ մեծ էներգիա և պոտենցիալ ունի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ շարժառիթներից մեկը, որով այս միջոցառումը կազմակերպվում է՝ հետևյալն է. նախ այն գնահատանքի արտահայտություն է այդ մարդկանց կյանքի անցած ճանապարհին: «Մեր համոզմամբ, նրանց անցած ճանապարհի վրա ուշադրություն հրավիրելն օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհում ցանկացած երկրի երիտասարդության համար, ովքեր կարող են այդ օրինակներով ոգևորվել: Իհարկե մեր մրցանակակիրները, տվյալ դեպքում հարգարժան պարոն Մուրթին իր ներկայությամբ պատվում է բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, և մենք ահա այս պաշտոնական միջոցառմամբ պատվում ենք մեր մրցանակակիրների, այս դեպքում՝ հարգարժան պարոն Մուրթիի ձեռքբերումները և ներդրումները:

Մեծարգտո պարոն Մուրթի, կրկին ընդունեք մեր խորը հարգանքների հավաստիքը և մեր գնահատանքը Ձեր անցած ճանապարհին, տեխնոլոգիական ոլորտում Ձեր ունեցած ներդրման և Ձեր գլոբալ ազդեցության նկատմամբ»: Իր խոսքում Նարայանա Մուրթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի Հանրապետության մրցանակի:

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
13:30 Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից ոչ ոք չի կարող մրցել․ Ագնեսա Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի