Խորհրդարանական մեծամասնությունը նախօրեին հրաժարվեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագիծը, որով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
Միևնույն ժամանակ հայտարարության նախագիծը հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռևս 23 հայ է պահվում, որոնցից 8-ը Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։
Oragir.News-ի հետ զրույցում «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ անկախ նրանից, թե ինչ է անում Հայաստանի չխորհրդարանը, Եվրոպական խորհրդարանում վերջին օրերին և այս պահին էլ քննարկվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին փոխարինողի հարցը, ու եվրոպացի պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադառնում են նաև Արցախին, այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումներին, ինչպես նաև հայ ռազմագերիներին։
«Այո՛, չպետության քաղաքականություն է սեփական՝ հայազգի գերիների հարցն այդպես անտեսելը։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ այդ մարդիկ վերադառնան։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախի քաղաքական էլիտային, խնդիրն այս 8 անձինքն են։ Ամոթ է, երբ Եվրոպական պառլամենտում քննարկվում էր տարբեր հարցեր ու իսպանացի, կատալոնացի պատգամավոր խոսում է հայ ռազմագերիների, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին, այդ նույն րոպեներին Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը մերժում է ընդդիմության առաջարկը՝ հայ ռազմագերիներիներին ազատ արձակելու կոչով միջազգային դերակատարներին ուղղված հայտարարություն ընդունել»,- շեշտում է նա։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություններ ունի, կառավարության ղեկավարի յուրաքանչյուր քայլը միտված է Ադրբեջանի նախագահին չգազազեցնելուն․
«Ինչպես ինքն էր ժամանակին բնորոշել՝ չի ցանկանում, որ Հայաստանը դառնա այն կարմիր լաթի կտորը, որն անընդհատ կգազազեցնի ցուլ Ալիևին։ Տվյալ դեպքում ինքն այնպիսի՝ ոչ միայն գրավոր, այլև բանավոր պայմանավորվածությունների տակ է, որ այլևս չի կարող չկատարել թուրք-ադրբեջանական տանդեմի ուլտիմատումներն ու պահանջները։ Պատահական չէ, որ 2 օր առաջ Ադրբեջանի պաշտոնական տեսակետն արտահայտող Baku TV-ն հերթական սպառնալից ռեպորտաժն էր պատրաստել, որտեղ ասվում էր՝ Հայաստանը լավ չի արել, որ չի եկել COP29-ին, Հայաստանի այս ռեժիմը՝ Նիկոլի իշխանությունը, ՀՀ-ի գոյությունը դնում է մեծագույն կասկածի տակ։ Դուք հասկանո՞ւմ եք մենք ուր ենք հասել, երկրի պետականության, անվտանգության, արժանապատվության նիշն այնպես է իջեցրել, որ այլևս խոսք է գնում ընդհանրապես Հայաստանի գոյության մասին, Ալիևն օրեր առաջ ելույթ է ունենում և խոսում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ դա ներկայացնելով որպես Ադրբեջանի հաջորդ ազգային նպատակ և ճանապարհային քարտեզ»։
Նախկին պատգամավորը ստեղծված իրավիճակը որակում է որպես ողբերգություն ու գոյաբանական լուրջ վտանգ։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու հայ ժողովուրդն այս վտանգները չի գիտակցում։ «Կարծում եմ այստեղ իրենց խոսքը պետք է ասեն հոգեբանները, չգիտեմ՝ անգամ հոգեբույժները, սոցիոլոգները։ Միգուցե ամբողջ աշխարհում է այդպես, միգուցե հետպատերազմական իրավիճակում բոլոր ժողովուրդներն են այսպիսի կենդանական թմբիրի մեջ լինում, որ երգով գնում են սպանդանոց։ Ես ասել եմ՝ Շվեյցարիայում ինձ տարան մի սպանդանոց, որտեղ կենդանիներին տանում էին մորթելու՝ Շոպենի երաժշտությունը միացրած։ Ցավոք սրտի՝ այսօր մենք բացարձակապես նույն իրավիճակում ենք»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ պե՞տք էր Բաքու մեկնել և այնտեղ բարձրացնել հայ ռազմագերիների հարցը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ամեն բան էլ կարելի էր։
«Երեկ էլ, այսօր էլ կարելի էր ընդդիմության նախաձեռնած նիստը ոչ միայն չբոյկոտել, այլև դա օգտագործեր որպես «զացեպկա»՝ զուգահեռաբար ընթացող եվրոպառլամենտի նիստը միացնելու և այդ ելույթները ցուցադրելու համար, թե ինչպես էին ԵԽ պատգամավորները ԵՄ ղեկավարությանը մեղադրում՝ Ալիևի գազային պատանդը լինելու մեջ։ Կարելի էր Արարատ Միրզոյանի մասնակցության համար որպես նախապայման ներկայացնել հայ ռազմագերիների ազատ արձակումը, որովհետև անկեղծ ասած ես նոր եմ վերադարձել Եվրոպայից և այնտեղ խոսակցություններ կային, որ ինչ-ինչ քննարկումներ են ընթանում, որպեսզի Ալիևն ազատ արձակի ոչ թե քաղաքական էլիտային, այլ քաղաքացիական անձանց՝ Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյանին և ևս 1 հոգու, իսկ Արցախի ղեկավարության մասով շատ վատ կանխատեսում ունեմ, որ նրանք երբևէ Հայաստան չեն վերադառնա»։
Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ Ալիևն այսօր այնքան ինքնավստահ է դարձել, որ անգամ իմիջի խնդիր չունի ու յուրաքանչյուր ժամը 1 հայտարարում է, որ ժամանակակից աշխարհում օրենքները ոչինչ են, ու ամեն ինչ որոշում է ուժը։
Դավիթ Գույումջյան