Միջազգային զեկույցներով Ադրբեջանին հնարավոր է պատժել, սակայն ՀՀ-ն չի օգտագործում դրանք
copy image url

Միջազգային զեկույցներով Ադրբեջանին հնարավոր է պատժել, սակայն ՀՀ-ն չի օգտագործում դրանք

Խոսք Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 11:00 13-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկված COP29 համաժողովին զուգահեռ Երևանում միջազգային հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը գործընկեր 6 այլ կազմակերպությունների հետ միասին 100 էջանոց զեկույց է պատրաստել, որում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները նպատակային արշավ են իրականացրել։ Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրել է էթնիկ զտում, ինչի հետևանքով այսօր այնտեղ հայեր չեն մնացել։

Փաստահավաք առաքելության զեկույցը հիմնվում է հունիսին հրապարակված նախնական արդյունքների վրա, և այն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի վիճակը՝ սկսած Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակումն ու դրա հետևանքները։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտեց՝ «Freedom House»-ի և մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցը շատ կարևոր է՝ Արցախի հարցը բարձրության վրա պահելու տեսանկյունից։

/Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան/

«Բռնությամբ մարդկանց տեղահանելն ու պատերազմով Արցախը զավթելը չէր կարող լուրջ հետևանքներ չունենալ, ինչպես պատկերացնում էր Ալիևը։ Այսպիսի զեկույցը պատահական չեմ համարում, սա շատ կարևոր զեկույց է, որտեղ նկարագրված է, թե ինչպես են մարդկանց տեղահանել իրենց տներից՝ բռնությամբ, ինչը որակել են որպես էթնիկ զտումներ, արձանագրել՝ անհնար էր նրանց այնտեղ մնալը։ Դա ֆիքսել է զեկույցը, թեև կարծիքներ կան նաև, որ դա ցեղասպանություն էր, գիտեք, որ Օկամպոն, Ցեղասպանության միջազգային ինստիտուտի ներկայացուցիչն ու շատ ուրիշները տեղի ունեցածը որակում են որպես ցեղասպանություն»,- նշում է նա։

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ժամանակ, ադրբեջանցի զինվորականները մտել էին նաև սահմանամերձ գյուղեր ու բռնություններ կիրառել խաղաղ բնակչության դեմ։ «Մարտական գործողություններին զուգահեռ հարձակվել էին նաև գյուղեր, որտեղ բռնություններ էին կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ։ Մարդիկ կային, ովքեր անգամ տուն չեն մտել, և գյուղապետներն անտառներով կազմակերպում էին իրենց փախուստը»,- ասաց նա՝ բարձր գնահատելով, որ Արցախում տեղի ունեցածը որակվել է որպես էթնիկ զտում։

Ալեքսանյանը նկատում է՝ այս արձանագրումները կարևոր են նաև հայաստանյան հասարակության համար․ «Շատերից լսում ենք մենք այս կարծիքները՝ «թող կռվեին», «թող չգային», «թողեցին, փախան» և այլն։ Քանի որ մենք ինքներս՝ մեր կազմակերպությունը, 300-ից ավելի տեղահանված ընտանիքների է այցելել, Գորիսում դիմավորել, այդ պատմությունները մենք ունենք, դա փաստահավաք աշխատանք է, գիտենք այդ ամենի մասին։ Մարդիկ պետք է հասկանան ու տեսնեն, թե արցախցիներն ինչ իրավիճակում են եղել։ Ես էլ եմ գնահատում, որ այնտեղ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, այլ կերպ հնարավոր չէ գնահատել, երբ լսում ես, թե ինչպես են մարդիկ տեղահանվել, ինչքան բան են կորցրել ու ինչ սարսափով են այնտեղից դուրս եկել»։

Մեր զրուցակիցը վստահ է, որ «Freedom House»-ի և մյուս կազմակերպությունների կողմից տրված գնահատականը ճիշտ օգտագործելու դեպքում հետագայում հնարավոր կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ Նա այս համաատեքստում կարևոր համարեց միջազգային կազմակերպություններից մեկի փորձագետի կարծիքը, ով հույս էր հայտնում, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնելուց հետո այդ երկրի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն և Ալիևի ռեժիմը պատասխանատվության կենթարկվի։ «Միջազգային ասպարեզում հասկանում են, թե ինչու է Ադրբեջանն այդքան շտապում ու նորանոր պահանջներ ներկայացնում։ Նա փորձում է հաստատվել Ղարաբաղում, բայց իրավական ոչ մի հաստատում չունի ցավոք սրտի, դրա համար էլ պարզ է, որ այդ գնահատականներն ի վնաս Ադրբեջանի են»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ զեկույցից հետո Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու հարցում կարո՞ղ ենք առաջընթաց ակնկալել՝ Ժաննա Ալեքսանյանը դրական պատասխանեց՝ հիշեցնելով, որ անգամ մինչև COP29 գագաթաժողովի մեկնարկը միջազգային հանրությունն Ադրբեջանին պահանջում էր գերիներին ազատ արձակել։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն առանձնահատուկ կերպով շեշտադրում էր հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։

«Երեկ՝ Բաքվում, հենց COP29-ի մասնակիցներից մեկը խոսում էր, որ հայ գերիները պետք է ազատ արձակվեն, ասում էր նաև, որ դա մի բռնատիրական երկիր է և այլն։ Կարծում եմ՝ ի վերջո կհասնեն իրենց նպատակին, սակայն այստեղ Հայաստանն է շատ պասիվ, մենք չենք տեսել Հայաստանի հայտարարությունը՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարությանը։ Համահունչ ոչ մի կոչ, հորդոր, պահանջ չի հնչել, այսինքն՝ Հայաստանը կարծես գոյություն չունի, միջազգային կազմակերպություններն անընդհատ հայտարարություններ են անում, բայց այստեղից ոչինչ չկա։

Այսօր մի թեթև լսում էի, թե պառլամենտում Ռուբեն Ռուբինյանն ինչ պատասխանեց ընդդիմությանը, որ միշտ էլ անում են, բայց այդ COP29-ը շատ կարևոր միջոցառում է, այն պետք էր ճիշտ օգտագործել։ Բազմաթիվ պետություններ կան, որոնք հրաժարվել են այդ բռնատիրական երկրում նման կոնֆերանսի մասնակցել։ Այսինքն՝ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ու այս ֆոնի վրա, երբ մենք ունենք գերիներ ու Արցախի իշխանություններին, Հայաստանից ոչ մի հայտարարություն չենք լսում։ Նույնիսկ տեղահանման ժամանակ հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը ինչ էր հայտարարում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան