Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:00 07-11-2024

Զինված ուժերի թվաքանակի կրճատում, Սահմանադրության փոփոխություն․ էլ ինչ է պահանջում Ադրբեջանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, որը չգաղտնազերծվող փաստաթղթի արդեն 11-րդ խմբագրությունն է։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքվի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, նրա համոզմամբ, այն պատրաստ կլինի ստորագրման։

Հատկանշական է, որ Հայաստանը դեռևս օգոստոսին էր իր առաջարկները Ադրբեջանին, առաջարկել արդեն համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրել, սակայն Բաքուն այս առաջարկը կտրականապես մերժել էր և անընդունելի համարել այն։ Փաստացի ադրբեջանական կողմը պատասխանել է դեռևս օգոստոսի վերջին հայկական կողմի ներկայացրած առաջարկներին։

Թեպետ առաջարկների բովանդակությունը գաղտնազերծված չէ, Oragir.News-ը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իր համոզմամբ Ադրբեջանն այժմ ի՞նչ պահանջներ է ներկայացնում Հայաստանին ու ի՞նչ հարցերի շուրջ են կողմերն առաջարկներով փոխանակվում։


/Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ/

Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ միայն կարող է ենթադրել, թե Ադրբեջանն առավելապաշտական ինչ պահանջներ կներկայացնի Հայաստանին՝ մեր պարտությունը կապիտալիզացնելու նպատակով․ «Ըստ երևույթին՝ Սահմանադրությունը կարող է լինել, Անկախության հռչակագիրը, նաև զինված ուժերի թվաքանակի սահմանափակումը, որ Հայաստանը հստակ թվաքանակից ավելի մեծ զորք չունենա, գուցե նաև ՀՀ-ից միջազգային դիտորդների դուրսբերումը։ Սակայն սրանք միայն ենթադրություններ, հստակ ինֆորմացիա չէ՝ պարզապես հասկանալով, թե Ադրբեջանն էլ ինչ կպահանջի»։

Հարցին, թե առաջարկներով փոխանակվելու գործընթացը որքա՞ն կշարունակվի ու դա առավելապես ի՞նչ հանգամանքներից է կախված՝ Սիմոնյանը պատասխանեց՝ աշխարհաքաղաքական իրավիճակից և ուժային բալանսի վերականգնումից։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ այս գործընթացը հավերժ կարող է շարունակվել։

Քաղաքագետը շարունակում է հակված մնալ այն տեսակետին, որ Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի Հանրապետության hետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նա շեշտում է՝ Ադրբեջանը ցանկանում է զինված ուժերի գործադրմամբ «Հայաստանի Հանրապետության հարցերը մեկընդմիշտ լուծել»։

Oragir.News-ի հարցին, թե ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն այս գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց, որ դժվար է հստակ պատասխանել այս հարցին, սակայն ինքն այս հարցում մռայլ կանխատեսումներ ունի։ «Ես առհասարակ մռայլ կանխատեսում ունեմ Թրամփի կառավարման տարիների վերաբերյալ, բայց ամեն ինչ միանշանակ չէ։ Միանշանակ չեն նաև այն պնդումները, որ Թրամփի օրոք Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել, որովհետև աշխարհում իրավիճակ է փոխվել, շատ բաներ են տեղի ունեցել, որոնք այլևս նախկին մոտեցումների ծիրում չենք կարող դիտարկել․ ուկրաինական պատերազմ է տեղի ունեցել, համաշխարհային դիմակայությունը տեղափոխվել է նոր փուլ։ Կապրենք՝ կտեսնենք»,- կարծում է նա։

Գուրգեն Սիմոնյանը հավելում է՝ Թրամփի կառավարման մասով ռիսկեր կան, որոնք չափազանց մեծ են, ուստի անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ՝ դրանք դիվերսիֆիկացնելու առումով։ «Եթե ես Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տեղը լինեի, Ֆրանսիայի հետ հապճեպ ռազմաքաղաքական ինչ-որ փաստաթուղթ կվավերացնեի, ընդ որում Ֆրանսիայի հետ։ Կասկած չունեմ, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ նման փաստաթուղթ ստորագրել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները