Երևանում՝ Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, 5 բազմահարկ շենք է կառուցվում։ 35-հարկանի շենքերի գրաֆիկական պատկերները հայտնվել են համացանցում և դարձել անհանգստության ու հերթական քննադատության առիթ։
Մասնագիտական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այս կառուցապատումը համարում են անընդունելի, վտանգավոր և մայրաքաղաքին անհամապատասխան։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հետ։ Նա նշեց, որ դեմ է ճարտարապետների կողմից նման մոտեցումներին։
«Բայց այսօր ես այդ հեղինակությունը չունեմ, որ որևէ հարցերում կարողանամ միջամտեմ և դրական ինչ-որ արձագանքներ և արդյունքներ սպասեմ։ Այսօր մեր ժամանակաշրջանն այնպիսին է, որ ճարտարապետությունը և մնացած բոլոր բաները քաղաքում կատարելագործվում են վատի մեջ։
Որևէ մի լավ բան այս 30 տարվա ընթացքում քաղաքի համար չի արվել․ ո՛չ մետրոյի կայան է կառուցվել, ո՛չ ճանապարհների խնդիր է լուծվել, ո՛չ ծառերի քանակն է ավելացել։ Միայն կառուցապատում է, որը ճարտարապետության և քաղաքի տեսքի հետ բացարձակ որևէ առնչություն չունի։ Պարզապես քառակուսի մետրով կառուցապատում են քաղաքը։ Եվ դրա նորը ո՞րն է։ Որ 30-հարկանի շենք կառուցեն՝ դա նո՞ր է։
Այդ 30-հարկանի շենքից պետք է էլի մի 30-40 բնակարանից մարդիկ դուրս գան, այսինքն՝ էլի մեքենաների քանակն ավելացավ, իսկ ճանապարհների վիճակը դրանից լավացա՞վ․ չլավացավ»,- ասաց նա։
Մխիթարյանը շեշտում է, որ կարծես քաղաքի ներսում քաղաք կառուցեն։
«Եթե այդ 5 շենքերից յուրաքանչյուրը 6 բնակարան ունենա մեկ հարկում, պատկերացրեք՝ ինչ է լինելու։ Այդտեղից պետք է առավոտյան երեխաներին տանեն դպրոց, մանկապարտեզ, իրենք էլ պետք է գնան աշխատանքի։
Մենք մեր ձեռքով քաղաքը ոչնչացնում ենք, սարքում ենք բետոնե ինչ-որ բան։ Եթե ուշադրություն դարձնեք՝ անձրևից հետո մի օր կարելի է Արարատը տեսնել, հետո փոշին բարձրանում է, և ոչինչ չի երևում։ Իմ վերաբերմունքը բացասական է քաղաքի հետ նման վարվելաձև ունենալու նկատմամբ»,-նշեց նա։
Մտահոգություններից մեկն էլ սեյսմակայունությունն է․ սեյսմիկ առումով անկայուն գոտում՝ Երևանում, կառուցվում են 35-հարկանի շենքեր։ Ասլան Մխիթարյանը նկատում է՝ սա լրացուցիչ ռիսկ է, որը պետք է հաշվի առնել։
«Ես ինչու եմ ասում՝ 30 տարի։ Հյուսիսային պողոտան էլ պետք է լիներ 5-հարկանի, հետո պայմանավորվածություն եղավ 7-հարկանի, բայց այն վերջին շենքն արդեն 16-հարկանի է։ Ինչ արվում է, արվում է ճարտարապետների ձեռքով, բայց լուծումները տալիս են քաղաքապետարանի և կառավարության, իշխանության կողմից։
Ցանկացած նոր իշխանություն, որը գալիս է, ասում է՝ բա ես պետք է քաղաքի կենտրոնում ապրեմ, ես ծնվել եմ դրա համար։ Այս մանկապարտեզը քանդեք, այս պուրակը ոչնչացրեք, այս դպրոցի տարածքը տվեք ինձ, ես այսօր քաղաքապետ եմ, պետք է ապրեմ քաղաքի կենտրոնում։ Մոտավորապես այդ հոգեբանությամբ և այդ շատ պարզունակ համակարգով, մտածելակերպով 30 տարի մենք շարունակում ենք։ Մենք կատարելագործվում ենք վատի մեջ»,- ասաց ճարտարապետը։
Մխիթարյանը պնդում է՝ այսօր իշխանության կողմից պահանջը ոչ թե քաղաքը գեղեցկացնելն է, այլ քառակուսի մետր ունենալը, որովհետև այն հեշտությամբ վաճառվում և եկամուտ է բերում։
«Այդ շենքերի կառուցումն իհարկե վնաս է հասցնելու, կամ այդ հոսպիտալը ոչ մեկին պե՞տք չէր։ Բացի նրանից, որ գեղեցիկ էր, կարելի էր այն արդիականացնել։ Այդ խոսքը շատ են սիրում, արդիականացնեիք աշխատացնեիք։ Այդ տարածքում պոլիկլինիկա կա, հիվանդանոց չկա։ Բայց քանի որ վերևը երկու հատ հիվանդանոց կա, դրա համար այդ հիվանդանոցը կարա չլինի։ Ինչի՞ համար. որ բոլորը գնան հե՞րթ կանգնեն»,- եզրափակեց Ասլան Մխիթարյանը։