Ցանկացած արհեստում հրաշքներ լինում են։ Հրաշք գործելու վարպետական մղումը առաջընթացի խթան է։ Երբ մարդը ստեղծում է մի գործ, որն անհնարին էր համարվում, ասում են՝ հրաշք է։ Քաղաքականության մեջ նույնպես հրաշք լինում է։ Երբ քաղաքական գործիչն այնպիսի մի հաջողություն, ազգային, հանրային այնպիսի ձեռքբերում, նվաճում է արձանագրում, որն անհնարին էր համարվում, ասում են, որ տեղի է ունեցել հրաշք։ Այդպիսի մի հրաշք օրեր առաջ տեղի է ունեցել Երևանում։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։
Համեմատելով՝ պարզվում է, որ ավտոբուսային ուղևորափոխադրումներից ստացված օրական եկամուտն աճել է 5 մլն դրամով կամ 27 տոկոսով։ Ո՞նց կարող է այսքան մեծ տարբերություն լինել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։
Հոռետեսները միանգամից հիշում են հանրային կասկածը և առաջ քաշում վարկած, թե ավտոբուսի վարորդները, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պաշտոնյաները քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին շղթայական սխեմայով օրական կերել են այդ 5 մլն դրամը։ Տևական ժամանակ քաղաքացիները, քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ ակնարկում էին ենթադրյալ շղթայական յուրացման մասին, սակայն ապացույցներ, փաստեր չկային։ Այս առումով՝ իրավապահները կարող են Հայկ Կոստանյանի գրառումը համարել հաղորդում։
5 մլն դրամ ավելի հավաքագրումը, ենթադրաբար՝ պիտի տխրություն պատճառեր յուրացման շղթայի անդամներին, որոնցից միայն վարորդներն են շփվում քաղաքացիների հետ։ Նոյեմբերի 2-ին ավտոբուսի վարորդները տխուր էին, անտրամադիր, ուղևորների՝ ուղեվարձի վերաբերյալ հարցերին պատասխանում էին անորոշ, ասելով, որ չգիտեն, թե ինչ է փոխվել նոյեմբերի 1-ից։ Ենթադրելի է, որ վարորդներից բացի տխրել են նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, քանի որ նրանց գրպանում 5 մլն դրամի ծակ է գոյացել։
Քննարկվում է նաև յուրացմանը հակադիր վարկած, ըստ որի՝ ավտոբուսների վարորդները, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և քաղաքապետարանի պաշտոնյաները ոչ մի յուրացում չեն արել, ազնիվ աշխատել են թե՛ նոյեմբերի 1-ից առաջ, թե՛ դրանից հետո, ազնվորեն ցույց տվել հավաքված ամբողջ գումարը։ Հետևաբար՝ 5 մլն դրամ ավելի հավաքագրումը կապ չունի նոյեմբերի 1-ից հետո քաղաքապետարանի խստացրած պահանջների հետ։ Այսինքն՝ չկա հիմնավոր ապացույց, թե ուղեվարձի վճարման նոր պահանջներն իմաստ ունեն։ Այս հակադիր վարկածը, սակայն, չի պատասխանում կարևոր հարցին, թե ո՞նց ավելացավ 5 մլն դրամը։
Եթե ոչ մի յուրացում չի եղել, բոլորն ազնիվ աշխատել են, ապա ենթադրելի է, որ Երևանի քաղաքապետարանը բլեֆում է, հաջողության պատրանք ստեղծում, թե ուղեվարձի վճարման նոր կարգը 5 մլն դրամ է ավելացրել, թե միասնական տոմսային համակարգն արդյունավետ է լինելու։ Իսկ եթե բոլորն ազնիվ են աշխատել և քաղաքապետարանը բլեֆ չի անում, ուրեմն հրաշք է տեղի ունեցել, 5 մլն դրամն ավելացել է հրաշքով։
Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները 5 մլն դրամի ծագումը պարզելու հարցում ծանր ընտրության առաջ են հայտնվել. կա՛մ յուրացման կասկածով պիտի վարույթ հարուցեն ու էշելոնով քաշվեն, կա՛մ պետք է գաղտնազերծեն հրաշքի տեխնիկան։
Թաթուլ Մկրտչյան