Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ «Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ այն թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- ասել էր նա՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։
Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ գործող վարչակազմը իշխանության գալու հենց առաջին տարվանից թիրախավորել են բուն ցեղասպանության թեման, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց համար գոյություն չունի, ու պարզ երևում է, որ այն այլևս օրակարգային հարց չէ։ Նրա խոսքով՝ այն այլանդակություններն ու խայտառակ փողոցային գործելաոճը, որոնք այս իշխանությունները դրսևորեցին ու շարունակում են դրսևորել Ծիծեռնակաբերդի շուրջ, լիովին վկայում են այդ մասին։
«Հաշվի առնենք նաև Թուրքիային կատարվող ռևերանսները. նույնությամբ պատճենում են թուրքական խոսույթը՝ ցեղասպանության թեմայի առնչությամբ, ինչն արդեն շատ բացահայտ կերպով շրջանառության մեջ են դնում հայկական շրջանակներում՝ հայ հանրության շրջանում։ Հիմա երեկվա տեղի ունեցածը պարզ, պարզունակ ու մանկամիտ մանիպուլիատիվ գործողություն էր, որն Արարատ Միրզոյանը կիրառեց։ Նախ նա իրեն տրված հարց վերափոխելու և նման պատասխան տալու իրավունք չուներ. ուղղվեց հարց միջազգային ճանաչման վերաբերյալ, բայց նա տարավ և ասաց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ԱԳ նախարարության օրակարգում առաջնային հարցերից մեկը չէ։ Հիմա այստեղ երկակի հասկացողություն կա. արտգործնախարարությունը դա համարո՞ւմ է ոչ կարևոր, այն կա՞, թե՞ չկա, թե՞ կա, բայց աջաջնային չէ, սա է հնարքը»,- ասաց նա։
Դեմոյանը շեշտում է՝ Արարատ Միրզոյանը կիրառեց նաև երկրորդ մանիպուլյացիան՝ հայտարարելով, որ պատմական հետազոտություններով զբաղվելն արտգործնախարարության խնդիրը չէ. «Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի համար ցեղասպանության թեման ոչ թե հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության անվտանգության բաղադրիչ հարց է, այլ պատմական հետազոտության թեմա։ Եթե մենք դա մոռանում ենք, ապա միառժամանակ այն իրագործող ոճրագործ պետությունը կամ նրա իրավահաջորդը շատ հանգիստ կարող է կրկնել։ Այս պարզունակ բանն Արարատ Միրզոյանի ուղեղին չի հասել։ Երեք տարի ասպիրանտ աշխատելով ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով ատենախոսություն գրելով՝ պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միզոյանը՝ նույն ինքը Օմեգան, զբաղվում է պատմակեղծարարությամբ։ Ավելին՝ նա ոչ միայն պատմակեղծարարությամբ է զբաղվում, այլև զբաղվում է բացահայտ ժխտողական քաղաքականությամբ՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյա։ Սա Հայաստանի Հանրապետության օրենքներով քրեորեն հետապնդելու և պատժելի երևույթ է»։
Oragir.News-ի հարցին, թե ո՞րն է նման հայտարարությունների նպատակը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ գործող իշխանություններն ամեն ինչի պատրաստ են՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Նա նշում է՝ կրկին չի գործում քաշային կարգերի օրենքը.
«Թուրքիան կարող է իրեն թույլ տալ խաղացնել, դուք ինչքան ուզեք, խաղադրույքները բարձրանալու են, 6 տարի շարունակ սա ասում ենք։ Խաղադրույքները բարձրացնում են, երբ ուզվորը, դիմողը դու ես։ Դիմելը դեռ չի նշանակում, որ ճնշումներ կգործադրվեն, բայց նրանց նաև տեսնում են Արևմուտքի անգործությունը։ Հիմա այս իշխանություններն Արցախը հայազրկել են, բայց Թուրքիան՝ ի նշան շնորհակալության, ընդառաջ չի գնում ու հարաբերությունները չի կարգավորում։ Սա պարզ իրողություն է. որքան էլ դու ցանկանաս, խնդրես, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտես, Ծիծեռնակաբերդը քանդուքարաբ անես ու տեղը հյուրանոց կառուցես, միևնույնն է՝ դա Թուրքիայի համար քայլերից մեկն է, որին նոր նախապայմաններ են հետևելու»։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը չի բացառում, որ գործող իշխանությունները կբավարարեն նաև թուրքական կողմի՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու տխրահռչակ առաջարկը, հիշեցնում, որ առաջարկ է եղել անգամ Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքում, հայ-թուրքական ինչ-որ մշակութային կենտրոն բացել։ Ըստ նրա՝ սա այս իշխանություններին շատ հարիր է, ուստի անհրաժեշտ է նրանց օր առաջ հեռացնել և ամենակարևորը պատասխանատվության ենթարկել։
Հայկ Դեմոյանը հավելեց՝ Արարատ Միրզոյանը չի հերքել, որ դեռևս 2007 թվականից Օմեգա կեղծանունով համագործակցել է հատուկ ծառայությունների հետ՝ ասելով, որ փորձել է օգտակար լինել։ «Դա այդպես չի կոչվում, դա կոչվում է համագործակցություն՝ հավաքագրման կանոններով։ Այդ նույն տարվա նույն ամսում իմ դիմումով քրեական գործ էր հարուցվել՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից շատ արժեքավոր գրքերի հետ կապված, որը տեղի էր ունեցել իմ պաշտոնավարումից առաջ և նախկին տնօրենն ինչ-ինչ պատճառներով գործ չէր հարուցել։ Քանի որ ընդունում-հանձնում տեղի չէր ունեցել, ես նախաձեռնեցի քրեական գործ, որ դա տեղի է ունեցել 3 տարի առաջ, սակայն գործը կառճվեց։ Դրա շրջանակներում Արարատ Միզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ հարցաքննվել են, ովքեր քավոր-սանիկներ են։ Ընդ որում, Արարատ Միզոյանը փորձել է գողության կասկածանքը աշխատակցուհիներից մեկի վրա բարդել»- եզրափակեց նա՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կոչ անելով դիմել Դատախազություն և վերաբացել այս գործը։
Դավիթ Գույումջյան