Այսօրվանից Երևանի հասարակական տրանսպորտում քաղաքացիներն ուղեվարձը պետք է կա՛մ 100 դրամանոց մետաղադրամներով վճարեն, կա՛մ էլ օնլայն ուղետոմսերով, ինչը մայրաքաղաքում իսկական կոլապս է առաջացրել։ Քաղաքապետարանն իր այս
ապօրինի պարտադրանքը հիմնավորում է 2 ամսից միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելու անհրաժեշտությամբ՝ խոստանալով, որ դրանից հետո քաղաքացիներին վճարելու բազմաթիվ այլընտրանքներ կառաջարվեն։ Թեպետ հույս չունենք, բայց լավատես լինենք։
Հունվարի 1-ից Երևանում կթանկանա նաև տրանսպորտի ուղեվարձը, ընդ որում հենց այն ՔՊ-ականների նախաձեռնությամբ, ովքեր 2013 թվականին կատաղի պայքար էին մղում սակագինը 50 դրամով թանկացնելու որոշման դեմ ու քաղաքացիներին իրենց անձնական մեքենաներով տեղափոխում։ Ի պատիվ հիշյալ ակտիվիսների և այն ժամանակվա իշխանությունների՝ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումը վիժեցվեց ու 11 տարի շարունակ այն մնաց անփոփոխ՝ 100 դրամ։
Հասկանանք, թե հաջորդ տարեսկզբից մայրաքաղաքում որքան է թանկանալու հանրային տրանպորտի ուղեվարձը, եթե այն չչեղարկվի և մնա ուժի մեջ.
Մասնավորապես՝ 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվան փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23.600 դրամ, իսկ 1 տարվանը 88.800 դրամ։ Ըստ որոշման՝ 1 և 7 օրվա ուղետոմսերի դեպքում երթևեկության քանակը կլինի սահմանափակ՝ համապատասխանաբար 8 և 30 անգամ, մյուս փաթեթների դեպքում՝ անսահմանափակ։ Տեղեկացնենք նաև, որ նշված արժեքները գործում են բացառապես օնլայն տարբերակով ուղետոմս գնելու դեպքում, իսկ ֆիզիկական տոմս գնելու դեպքում դրանք ավելի թանկ են՝ համապատասխանաբար՝ 900, 5000, 9000, 24.000 և 90.000 դրամ։ Կգործեն նաև 90 րոպեանոց ուղետոմսեր՝ 280 և 300 դրամ արժեքով։
Հունվարի 1-ից 1 ուղևորության միջին արժեքը միջինում կազմելու է 243 դրամ ու թվում է թե սակագինն ընդամենը 143 տոկոսով է բարձրացվել, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն բանին, որ այս նախաձեռնությունը հակասոցիալական է, ու այն քաղաքացիների ճնշող մեծամասնության համար լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնալու։ Նշենք, որ Երևանում հանրային տրանսպորտից օգտվում են հիմնականում բնակչության սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, ովքեր նվազագույն՝ 75 հազար դրամ և մի փոքր ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նման պայմաններում նրանց համար յուրաքանչյուր ամիս 8800-9000 դրամ հանրային տրանսպորտի ուղեվարձ վճարելը չափազանց դժվար է լինելու, էլ չենք խոսում եռամսյակային կամ տարեկան ուղետոմսերի մասին, որոնք հանրության այս շերտերի համար անհասանելի «հաճույք» են լինելու։ Բացի այդ, քաղաքացիները չեն կարողանալու 1 ուղետոմսը նույն տրանսպորտային միջոցում 1-ից ավելի անգամ ակտիվացնել, ինչը նշանակում է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր առանձին ուղետոմսը ունենա, և օրիանակ իր 2 երեխաների հետ երթևեկող ծնողը չի կարողանելու իր ուղետոմսով վճարել նաև իր երեխաների համար։
Աշխարհի բազմաթիվ երկրներում հանրային տրանսպորտի սակագինը իշխանությունների կողմից սուբսիդավորվում է, որպեսզի քաղաքացիների համար լրացուցիչ սոցիական բեռ չստեղծվի, և նրանք մատչելի ու հարմարավետ երթևեկելու հնարավորություն ունենան։ Երևանում հունվարի 1-ից տրանսպորտի սակագինն այլևս մատչելի չի լինելու, իսկ հարմարավետ երթևեկելու ակնկալիքներ քաղաքացիներն առանձնապետ չունեն, սակայն քաղաքային իշխանությունները խոսում են միայն սուբսիդավորման նվազեցման անհրաժեշտության մասին՝ առանց նշելու, թե որքան գումար են տնտեսելու դրա արդյունքում։ Մյուս կողմից մինչև սեպտեմբեր պետք է ներկայացվեր, թե ներկայացվեր սոցիալական տարբեր խմբերի համար հունվարի 1-ից ինչպիսի զեղչեր են գործելու, ինչն ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն առ այս պահը դա տեղի չի ունեցել, հավանաբար տեղի չի էլ ունենա։
Նկատենք՝ հունվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձն ավելի թանկ է լինելու, քան օրինակ Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում կամ Պրահայում։
Վերջինում օրինակ հանրային տրանսպորտի ծախսերի շուրջ 85 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, ու թեպետ առաջարկվում է մինչև 2030 թվականը սուբսիդավորումն իջեցնել մինչև 75 տոկոս, միևնույնն է՝ այն կրկին ավելի մատչելի է լինելու է, քան Երևանում։ Չեխիայի մայրաքաղաքում տարկան փաթեթն արժենալու է 59970 դրամ, սոցիալական տարբեր խմբերի համար՝ 21030 դրամ, ինչը նշանակում է, որ 1 ուղևորությունը շարքային քաղաքացու գրպանի վրա միջինում արժենալու է 164 դրամ։
Մոսկվայում տարեկան փաթեթն ավելի թանկ է՝ 81.198 դրամ, ուսանողների համար՝ 36.757 դրամ, սոցիալական խոցելի խմբերի համար՝ ամբողջովին անվճար։ Այս համակարգը բոլորովին շահութաբեր չէ և ՌԴ պետբյուջեն տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դոլարի կորուստ է ունեցել, սակայն պետությունը գիտակցում է մատչելի հանրային տրանսպորտ ունենալու սոցիալական նշանակությունը և իր քաղաքացիների համար ստեղծում այդ հնարավորությունը։
Ուշագրավ է Կիևի օրինակը, որն ավելի քան 2 տարի 8 ամիս պատերազմող երկրի մայրաքաղաք է, չունի նավթի ու գազի պաշարներ, սակայն իր քաղաքացիների համար պետական սուբսիդավորմամբ մատչելի հանրային տրանսպորտ է ապահովել։ Ուկրաինայի մայրաքաղաքում 1 ուղևորության արժեքը 8 գրիվնա է՝ մոտավորպես 75 դրամ, որին զուգահեռ գործում է նաև զեղչային ճկուն համակարգ և քաղացիները մեծ քանակով տոմսեր գնելու դեպքում կարող են անհամեմատ ավելի մատչելի վճարել դրանց համար։
Այսպիսով՝ համադրելով հիշյալ իրողությունները պետք է փաստենք, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու քաղաքային իշխանությունների այս չհաշվարկված որոշումը հակասոցիալական է, ու այն լուրջ խնդիրներ է ստեղծելու նվազգայուն եկամուտներով գոյատևող շարքային քաղաքացիների համար, իսկ բնակչության այն շերտերը, որոնք կարող են իրենց թույլ տալ նման բարձր սակագներով ուղետոմսեր գնել, տրանսպորտից շատ հազվադեպ են օգտվում, կամ էլ առհասարակ չեն օգտվում։ Փաստացի Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագինը շատ ավելի թանկ է լինելու, քան օրինակ Մոսկվայում, Կիևում և Պրահայում, իսկ թանկացման հիմնավորումները մեղմ ասած համոզիչ չեն։
Բազմաթիվ տնտեսագետների համոզմամբ՝ Հայաստանում նույնպես հնարավոր է գործող 100 դրամ սակագինը պահպանել, իսկ անհնարինության դեպքում ուղեվարձը չնչին շատ չնչին թանկացնել՝ միևնույն ժամանակ քաղաքացիներին հնարավորություն տալով ավելի մեծ թվով ուղևորությունների փաթեթ գնելու դեպքում ավելի մատչելի արժեքով երթևկել։ Դրա համար նաև չափազանց կարևոր է, որպեսզի քաղաքային իշխանությունների կողմից այնպիսի գործիքակազմեր կիրառվեն, որոնք ամբողջովին կբացառեն ստվեր ու քաղաքացիների վճարած գումարներն ամբողջովին կուղղվեն մայրաքաղքի բյուջե։
Լավատեսորեն ակնկալում ենք նաև, որ եթե այս որոշումն առաջիկայում չչեղարկվի, ապա 2013-ին ներկայիս պաշտոնավորների կողքին հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող հասարակական ու մշակութային գործիչները կրկին փողոց դուրս կգան ու կպայքարեն, իսկ մինչև որոշման չեղարկումն իրենց անձնական մեքենաներով կտեղափոխեն քաղաքացիներին։