Թեպետ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեսյանի գլխավորությամբ, պարբերաբար ազդարարում է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, այնուամենայնիվ դրանք ոչ միայն չեն նպասռում առկա խնդիրների լուծմանը, այլև ավելի են խորացնում դրանք և նորերը ստեղծում։ Այս բարեփոխումների հետևանքով հանրապետության մի շարք դպրոցներում առկա են ուսուցչի թափուր հաստիքներ, որոնք տևական ժամանակ չի հաջողվում լրացնել, ինչի հետևանքով կա՛մ հեռավար ուսուցում է իրականացվում, կա՛մ տվյալ առարկաներն առհասարակ չեն դասավանդվում։
Oragir.News-ի հետ զրույցում հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը հայտնեց, որ այս պահին հանրապետության ավելի քան 100 դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան, իսկ հաստիքների թիվը գերազանցում է 1000-ը։ Նրա խոսքով՝ սա ահռելի մեծ թիվ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուսուցիչների ընդհանուր թիվը 35-37 հազարի սահմաններում․
Կրթության փորձագետը նշում է, որ այս իրավիճակը պայմանավորված է մի քանի հանգամանքով, որոնցից առաջինն ու ամենակարևորն այն է, որ Հայաստանում ուսուցչի աշխատանքը գրավիչ չէ, իսկ աշխատավարձն էլ ցածր է․ «Չնայած բոլոր շոուներին ու ներկայացումներին, ամեն դեպքում ուսուցիչների աշխատավարձը մնում է ցածր, ընդ որում այն կազմում է Հայաստանում միջին եկամուտ ունեցող քաղաքացու եկամտի ընդամենը 58%-ը։ Այս փաստը յուրաքանչյուր տարի արձանագրվում է նաև ընդունելության քննության արդյունքներում, երբ մանկավարժական մասնագիտություններով դիմորդների թիվը շատ քիչ է լինում, իսկ գիտելիքի առումով էլ շատ թույլ դիմորդներն են ընդունվում։ Դրանից հետո հայտնի չէ՝ նրանք արդյոք կդառնա՞ն ուսուցիչներ, թե՞ ոչ»։
Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ կրթության ոլորտում վարվող ոչ ճշգրիտ պետական քաղաքականությունն է նաև ազդեցություն ունենում, հատկապես այն հանգամանքը, որ նախորդ տարի 1300 ուսուցիչներ բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով դպրոցներից դուրս մնացին, չնայած նրանցից շատերը 20-30, որոշներն անգամ 40 տարվա մանկավարժական ստաժ ունեին և ոչ առանցքային առարկաների ուսուցիչներ էին։ «Նրանց ուղղակի դուրս թողեցին՝ փոխարենը ոչ մի բան չառաջարկելով, և դա բերել է մեծ գործազրկության։ Չնայած ուսուցիչները չեն սիրում այս մասին խոսել, բայց նրանց մեծ մասը լքել է ոլորտը և այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, շատերն էլ՝ արտագնա աշխատանքի են մեկնում»,- կարծում է նա։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ ստեղծված իրավիճակի վրա այլ հանգամանքներ նույնպես կարող են ազդել, մասնավորապես՝ հովանավորչությունը․ «Ամեն մեկը չէ, որ կկարողանա դպրոցներ մտնել, հատկապես Երևանի դպրոցներ, որովհետև այնտեղ կան չգրված օրենքներ ու կարգեր, որոնց մարդը պետք է համապատասխանի՝ դպրոցում ուսուցիչ աշխատելու համար»։
Oragir.News-ի հարցին՝ կրթության ոլորտում այս իրավիճակը միտումնավո՞ր է ստեղծվել, թե՞ անգիտակցաբար՝ անհետևողական քայլերի հետևանքով՝ կրթության փորձագետը պատասխանեց, որ սկզբում մտածում էր, որ այս ամենը չհասկանալու ու անկառավարելի իրավիճակի հետևանքով կարող էր լինել, սակայն վերջին 1-2 տարում պարզ դարձավ, որ կառավարությունը հետևողական քաղաքականություն է տանում՝ կրթության ոլորտը չեզոքացնելու, նրա դերը հնարավորինս նվազեցնելու և կրթության մեջ անմիջական միջամտությամբ արժեքային համակարգը փոխելու համար։ «Մտածում եմ, որ այստեղ կարող է միտում լինել՝ հնարավորինս կարճ ժամանակում ազդել կրթական համակարգի վրա, որակը գցել, որպեսզի Հայաստանում գրագետ հասարակություն ընդհանրապես չունենանք։ Կարելի է ասել՝ սա հակաազգային քաղաքականություն է, որը կարող են վարել մեր թշնամիները կամ վարել են սրանից օրինակ 100-120 տարի առաջ՝ Օսմանյան կայսրությունում, որտեղ հայ, Հայաստան բառերն ընդհանրապես արգելված էին, որոնք կարող էին առնչություն ունենալ մեր ազգային իղձերի ու արժեքների հետ»,- շեշտեց նա։
Կրթության փորձագետից նաև հետաքրքրվեցինք, թե դպրոցներում ուսուցիչների բացակայությունը երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել, ինչին ի պատասխան՝ Ատոմ Մխիթարյանը նշեց․ «Երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել աշակերտների գիտելիքների ընհանրապես նվազմանը, կրթության ոլորտի անկմանը և դրանից հետո էլ արդեն բարձրագույն կրթության մեջ ուսանողների թվի նվազմանը, ինչը մենք արդեն տեսնում ենք։ Վերջին 5 տարում Հայաստանում բարձրագույն կրթություն ստացողների թիվն ավելի քան 15%-ով նվազել է։ Սա ակնհայտ է, ու տեմպերն ավելի արագանում են ըստ էության։ Հիմա պատկերացրեք՝ այն երեխան, ով ուսուցիչ չի ունենալու կամ հիմա նոր մեթոդ են մտածել՝ հեռավար, ուսուցիչը նստած Երևանում հեռավար դաս է անցկացնում օրինակ Տավուշի մարզում, ինչն ընդհանրապես արդյունավետ չէ, ինչպիսի վերաբերմունք է ունենալու կրթության նկատմամբ»։
Ատոմ Մխիթարյանը հավելեց, որ այս ամենը հանգեցնելու է նրան, որ երեխաները ստիպողաբար ավարտելու են դպրոցը, բայց անգամ տարրական գիտելիքներ չեն ունենալու։
Դավիթ Գույումջյան