Ականջահաճո պոպուլի՞զմ, թե՞ սկզբունքային դիրքորոշում․ ինչու են ԱՄՆ-ում հիշել Արցախն ու արցախցիներին
copy image url

Ականջահաճո պոպուլի՞զմ, թե՞ սկզբունքային դիրքորոշում․ ինչու են ԱՄՆ-ում հիշել Արցախն ու արցախցիներին

Արտաքին Միտք 5 ամիս առաջ - 21:00 24-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի իր միկրոբլոգում Արցախի վերաբերյալ գրառում է կատարել և ընդգծել, որ իր մրցակիցը՝ «Դեմոկրտական» կուսակցության նախագահի նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաների սարսափելի կերպով հալածեցին և բռնի տեղահանեցին Արցախից: Նա խոստանում է, որ եթե ինքն ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա կպաշտպանի հալածված քրիստոնյաներին, կփորձի դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, ինչպես նաև խաղաղություն կհաստատի Հայաստանի և Ադրբեջանի մեջ։

Նկատենք՝ ԱՄՆ նախկին նախագահն ու նախագահի թեկնածուն նման գրառում է կատարում այն ժամանակ, երբ նախագահական ընտրություններին 2 շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել։ Մեկ ամիս առաջ էլ՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը էր անդրադարձել արցախցիների խնդրին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։

Հետաքրքրական է՝ ԱՄՆ նախագահի թեկնածուների այս հայտարարություններն առավելապես ականջահաճո պոպուլիզմի դրսևորո՞ւմ են, թե՞ վերջիններս այս հարցում սկզբունքային դիրքորոշում և քաղաքականություն ունեն։

Նախևառաջ ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ Թրամփն ու Հարիսը այժմ գտնվում են նախընտրական քարոզարշավի ամենաթեժ փուլում և գերջանքեր են գործադրում հաջորդ 4 տարիներին Սպիտակ տունը ղեկավարելու համար։

Թեպետ Թրամփն այժմ իրավացիորեն մեղադրում է, որ իր մրցակիցը՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, 120 հազար արցախցիների տեղահանությունն ու տառապանքները կանխելու համար ոչինչ չի արել, հարկ ենք համարում հիշեցնել, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ԱՄՆ նախագահը հենց Դոնալդ Թրամփն էր, ով այդ շրջանում առավելապես կենտրոնացած էր իր ընտրարշավի ուղղությամբ և առանձնապես ջանքեր չգործադրեց՝ պատերազմը դադարեցնելու ու դրա աղետալի ելքը կանխելու համար։ 2020-ի հոկտեմբերի 26-ին Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ Արցախում հերթական հրադադարը հաստատվեց, սակայն դրանից ժամեր անց Ադրբեջանը կոպտորեն խախտեց այն, իսկ ԱՄՆ գործող նախագահը դրա կապակցությամբ միայն ափսոսանք հայտնեց և ոչինչ չարեց՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ու հրադադար պարտադրելու համար։

ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարը գտնվում է մի փուլում, երբ երկու թեկնածուները բոլոր սոցհարցումներով գրեթե հավասար վարկանիշ ունեն ու նրանց համար յուրաքանչյուր քվեն կենսական նշանակություն ունի։ Կարծում ենք՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները վերջին շրջանում սկսել են կրկին հիշել Արցախն ու արցախցիներին՝ նպատակ ունենալով սիրաշահել ամերիկահայությանը և ընտրություններում ստանալ նրանց աջակցությունը։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը, լինելով պոպուլիստ քաղաքական գործիչ, հասկանում է թե հայ ժողովուրդն ինչպիսի զգացումներ ունի Արցախի նկատմամբ և իր գրառման մեջ կիրառել է հենց Արցախ անունը, այլ ոչ թե միջազգայինորեն ընդունված Լեռնային Ղարաբաղ ձևակերպում։ Նշենք նաև, որ ԱՄՆ-ում Արցախ անունը շատ քչերն են կիրառում, որոնց թվում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Վիվեկ Ռամասվամին, Ռոբերտ Քենեդի կրտսերը, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը, ուստի փորձագետները չեն բացառում, որ հենց այս գործիչների ազդեցությամբ է Թրամփը հենց Արցախ անունն օգտագործել։

Այսպիսով՝ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ՝ թե՛ հանրապետական Թրամփը, թե՛ դեմոկրատ Հարիսը Արցախի և արցախցիների վերադարձի հարցում չունեն հստակ ծրագրեր ու քաղաքականություն, իսկ այս նրանց հայտարարություններն առավելապես ամերիկահայությանը սիրաշահելու նպատակ են հետապնդում։ Մեծ հավանականությամբ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո երկու գործիչներն էլ այս հարցը մոռացության են մատնելու ու չենք բացառում, որ այն կդառնա քաղաքական շահարկումների առարկա ու կարժանանա մոտավորապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումների ճակատագրին։ Նման խոստումներ տվել են ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները, սակայն նրանցից միայն գործող նախագահ Ջո Բայդենն էր, որ իր պաշտոնավարման 4 տարիների ապրիլքսանչորսյան ուղերձներում կիրառեց հենց Հայոց ցեղասպանություն եզրույթը և դատապարտեց այն։

Ինչ վերաբերում է քրիստոնյաների կրած տառապանքների մասին հիշատակմանը, ապա դրանով էլ Թրամփը փորձում է ԱՄՆ քրիստոնյա բնակչության համակրանք շահել՝ տպավորություն ստեղծելով, որ սևամորթ Քամալա Հարիսի ընտրվելու դեպքում քրիստոնյաները ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում։ Կհաջողվի՞ ԱՄՆ նախկին նախագահին այս ճանապարհով իր օգտին լրացուցիչ քվեներ ապահովել և վերադառնել սպիտակ տուն, պարզ կլինի հաշված օրեր անց, սակայն հստակ է, որ սա ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսլի ընտրարշավն է, ու հենց այս իրողությամբ պայմանավորված փորձագետների մեծ մասը դժվարանում է ասել, թե նրանցից ով 2025-ի հունվարի 20-ին կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը։

Դավիթ Գույումջյան








Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»