Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:20 04-12-2022

Բանակցությո՞ւն, թե՞ կոշտ դիրքորոշում. ինչու իշխանությունը հրաժարվեց Արցախի վերաբերյալ ընդդիմության նախագծից

Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Այս մասին դեկտեմբերի 2-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Պետք է հաշվի առնել, թե այդ նախագծերն արդյո՞ք օգտակար են լինելու, թե՞ խնդիրներ են ստեղծելու, մենք ունենք անվտանգային բավականին լուրջ միջավայր, որտեղ ՀՀ ցածր սուբյեկտայնության պաճառով և անկախ նրանից պատճառները որոնք են, այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀ-ն այս պահին բավականին սուղ միջոցներ ունի սեփական անվտանգությունը ապահովելու համար լուրջ խնդիրներ, և այս իրավիճակում՝ հայտարարություններ ընդունելը կամ գործողություններ կատարելը, որոնք իրավիճակը կսրեն՝ կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ իսկ պատճառով էլ որոշակի զգուշավորությամբ են վերաբերում։ Կարծում եմ՝ նախաձեռնությունները, որոնք որ կան, դրական են, և դրանք կարող են հենց նույն իշխող կուսակցությանն օգուտ տալ՝ արտաքին հարաբերություններում կան նաև այսպիսի միտումներ, որոնք ժամանակաի ընթացքում կարելի է օգտագործել և եթե կա հարմար պահ, ապա կարելի է միանալ այդ հայտարարություններին, հիմա հարմար պահ չէ՝ նման հայտարարություններին ընթացք տալու համար»։

Ղևոնդյանի խոսքով՝ նախագիծն Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշման կետեր է պարունակում, որտեղ կային անպիսի ձևակերպումներ, որոնք ներկայացնում են հայ ազգի ճնշող մեծամասնության կարծիքը՝ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ և ՀՀ-ն կարող է միջազգային հանրությանը ներկայացնելիս ցույց տալ, որ ՀՀ դիրքորոշումը այսպիսին է այս հարցի վերաբերյալ և կարող է որոշակի ամրացման կամ ամրապնդման հնարավորություն ստեղծել, դա նաև Արցախի ժողովուրդների մոտեցման ամրագրումն էր՝ իրավունքների, անվտանգության ամրագրումն էր պարունակում, իսկ Ադրբեջանը գնում է ակնհայտ սրացման, բայց դա գալիս է ուժերի հարաբերակցություններից, իսկ Ադրբեջանն ունի առավելություն»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով։

«Մենք հնարավորություն ունեցանք բովանդակալից քննարկում ունենալ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով քննարկել առաջարկվող նախագիծը՝ հաշվի առնելով, որ նախագիծը պետք է լիներ ԱԺ անունից, տրամաբանական էր, որ պետք է համաձայնեցված տարբերակի հասնեինք»,- նշել էր Աղաջանյանը։

«Ինչ վերաբերում է ՔՊ դիրքորոշմանը՝ այս հարցում քվեարկության վերաբերյալ, հանձնաժողովի մեր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ընդգծել էր նա:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց էր՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես եկավ Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։