Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Պոլիտեխնիկական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի տեխնոլոգիական կլաստերը։
Oragir.News-ն այսօր այցելեց համալսարան, զրուցեց ուսանողության հետ։
Համալսարանի ուսանողական խորհրդից պնդում են, որ նրանք որպես կառույց ոչ մի առնչություն չեն ունեցել հանդիպման հետ։
Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ վարչապետի գալու առիթով վաղ առավոտից համալսարանի շուրջբոլորը հսկողության տակ է եղել նրա թիկնապահների և շների կողմից։
Ուսանողներից մեկն էլ պատմեց, որ մինչ հանդիպման մեկնարկը կուրսերի «չաթերում» գրվել է՝ ամեն կուրսից կարող է ներկա գտնվել երկու ուսանող, ուսանողական տոմսերով։
«Ամեն հարկում թիկնապահներ են կանգնած եղել։ Համալսարանի ավտոկայանատեղին ազատել են, որ իր շքախմբի մեքենաները կայանվեն։ Ընդհանուր իրարանցում է եղել»,- պատմում է ուսումնական հաստատության ուսանողներից մեկը։
Մեկ այլ ուսանողուհի էլ պատմեց, որ համալսարանի հարևանությամբ գտնվող «Ice Lava» շրջիկ կրպակի գազաբալոնները Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ապահովության համար հեռացրել են։
«Մոտ 20 հոգի անվտանգության աշխատակից է եկել մինչ իր գալը։ Շներով, բանով։ Նույնիսկ եկան, մեր ավտոմեքենաների կողքով պտտվեցին, զննեցին։ Իր գալուց էլ արդեն Ազգային անվտանգությունից եկան։ Մոտ երկու ժամ մնաց ներսում»,-հայտնեց ուսանողուհին։
Պոլիտեխնիկի ուսանողությունը նաև չէր ճանաչում այն աղջկան, ով վարչապետին բավական մոտ գտնվելով՝ ուղղել է իրեն հուզող հարցերը։
Այստեղ կասկած է առաջանում, իսկ գուցե այն բեմադրվա՞ծ էր, որ հասարակությունը կարծի, թե վարչապետ-ուսանողություն կապն անմիջական մակարդակի վրա է, և վարչապետն իր հանդիպումներից առաջ չի ընտրում հատուկենտ ներկա գտնվողների։
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել գրեթե 600 հոգի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին:
«Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը փորձ է զարգացնելու և հետագա զարգացումն ապահովելու Հայաստանում հաստատված կրթական, գիտակրթական լավագույն ավանդույթների»,-նշել է վարչապետը և հավելել, որ ի սկզբանե որպես գիտակրթական միջավայր նախագծված Երևան քաղաքի կենտրոնն ավելի շատ դարձել է կոմերցիոն միջավայր, որն ինչ-որ չափով հակադիր է կրթական միջավայրին: «Գլոբալ առումով «Ակադեմիական քաղաքի» գաղափարը հետևյալն է՝ ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի հենց կրթությունը, գիտությունը, հետազոտությունը և կյանքը կկազմակերպվի կենտրոնում՝ ունենալով այս ռազմավարական նպատակները»,-ընդգծել է Կառավարության ղեկավարը: