Դպրոցական դասագրքերի շուրջ եղած աղմուկը չի դադարում։
Oragir.News ահազանգած ծնողները հայտնում են, որ հանրակրթական դպրոցների երկրորդ դասարանի Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասագրքում երեխաներին սովորեցնում են օգտվել Telegram, Viber, Whats App և Zangi հավելվածներից։ Ծնողները դժգոhում են, թե 7 տարեկան երեխային նման հավելվածներից օգտվել սովորեցնելու ի՞նչ կարիք կա։
«Չեմ հասկանում՝ իմ 7 տարեկան երեխայի ինչի՞ն է պետք այդ հավելվածները։ Իրենք տեղյա՞կ են, թե ինչեր են կատարվում այդ հավելվածներում, մասնավորապես՝ տելեգրամում։ Ու՞մ մտքի պայծառ թռիչքն է սա։ Իրենց թվում է՝ նորամուծություն են մտցնում, իբր ժամանակակից են ու առաջատար, բայց դա խայտառակություն է»,- ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ դժգոհեց, որ իրենք փորձում են հնարավորինս հեռու պահել երեխաներին սմարթֆոններից, իսկ ԿԳՄՍ նախարարությունը սովորեցնում է՝ ինչպես օգտվել հավելվածներից։
«Ես փորձում եմ իմ երեխաներին հնարավորինս հեռու պահել սմարտթֆոններից, սակայն դասագրքում խոսվում է հավելվածներից օգտվելու մասին, gmail բացելու մասին։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Թող ոչ մեկն ինձ չասի՝ սրա ժամանակակից լինելու մասին։ Իմ ամուսնուն, որ ցույց տվեցի դա, նույնիսկ ասաց, որ երեխայիս չսովորեցնեմ, թող անպատրաստ գնա»,- պատմեց նա։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Նրա խոսքով՝ամենասկզբից երբ քննարկումները եղել են, ինքը դեմ է եղել, որ երկրորդ դասարանցիները մտնեն դրա մեջ։
«Փաստացի՝ երեխաներին տրվում են այնպիսի բաներ, որոնցից իրենք չեն օգտվում։ Կարող է ինչ-որ մեկ, երկու երեխա դասարանում լինի, որ օգտվում է, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան համատարած բան, որովհետև վերջիվերջո 7 տարեկան երեխան Whats App-ով ի՞նչ պետք է անի։ Այսինքն՝ կարծում եմ, որ ամեն ինչ պետք է տարիքային հոգեբանության, համապատասխանության հետ կապ ունենա։ Եվ չփորձել լինել առաջադեմ զուտ նրանով, որ փոքր երեխաներին սովորեցնեն մի բան, որն իրենց պետք չի, դրդել իրենց, որ կարողանան օգտվել, հետո ինչ-որ խնդիրներ լինեն։ Կարծում եմ՝ չափից դուրս առաջադիմությունն է, որի հիմքում մեծ հաշվով ոչինչ չկա»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ներկայումս շատ են հաքերային հարձակումները տվյալ հավելվածների վրա, թմրանյութի գովազդն և վաճառքը․ որքանո՞վ է անվտանգ 7 տարեկան երեխաներին սովորեցնելն օգտվել այս հավելվածներից, մեդիափորձագետը նկատեց․
«Բոլոր երեխաները չունեն սմարթֆոն ու պարտադրված էլ չեն ուենալու, որովհետև այդ տարիքում հեռախոսը մաքսիմում պետք է, որ ծնողները դասերից հետո զանգեն ու իմանան ուր են։ Ես համոզված չեմ, որ ընդանրապես ուսումնասիրություն է արվել, թե քանի ընտանիք ֆինանսապես հնարավորություն ունի գնել երեխային սմարթֆոն, հաշվի առնելով մեր աղքատության չափանիշները և այլն։ Երկրորդը՝ էլի գալիս ենք իմաստին։ Նույն ձևով երեխային կարելի է սովորացնել ChatGPT-ով կոդ գրել երկրորդ դասարանում։ Բացարձակ անիմաստ բան է։ Ոոր ասում են՝ յուղը շատ ա լինում երեսներին են քսում։ Հիմա ինձ թվում է՝ այդ սկզբունքն է աշխատում։ Մեծ հաշվով՝ կամայական բան պետք է իմաստ ունենա նաև տարիքի հետ կապված։
Կարճ ասած՝ ես չեմ հասկանում, չեմ տեսնում իմաստ, թե ինչու երեխան պետք է օգտվի տելեգրամից , քանի որ ինքը չունի հեռավար շփման պահանջ, որովհետև յոթ տարեկան երեխան շփվում է այն երեխաների հետ, որոնց հետ ինքը ֆիզիկապես ծանոթ է»,- նշեց Մարտիրոսյանը։
Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍՆ, որտեղից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի մեր կայքում։