«
Ես ի սկզբանե դեմ եմ եղել «3+3» հարթակին Հայաստանի մասնակցությանը և կարծում եմ, որ դա ՀՀ-ին ոչինչ չի տալու, իսկ երեկվա հանդիպումն էլ զուտ դեկլարատիվ բնույթ էր կրում, այնտեղ գործնական ոչ մի որոշում չի կայացվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ
Արմեն Վարդանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին Ստամբուլում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը ու առհասարակ՝ ՀՀ-ի մասնակցությունն այս հարթակի աշխատանքներին։
Վարդանյանը շեշտում է, որ հարթակի 3 արտատարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան փորձում են կանխել արևմուտքի մուտքը Հարավային Կովկասի տարածաշրջան կամ այստեղ նվազեցնել նրա դերը։ Նրա խոսքով՝ այս 3 երկրները նույն ֆորմատով՝ Աստանայի ձևաչափով, հաջողությամբ փոխգործակցում են Սիրիայում ու նույն տրամաբանությամբ և ոգով փորձում են այդ համագործակցությունը բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։
«Սա չի բխում Հայաստանի շահերից. այս պահին միանշանակ Հայաստանի դաշնակիցը արևմուտքն է, հենց արևմուտքն է զսպում «Զանգեզուրի միջանցք»-ի կլանումը՝ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի կողմից։ Արևմուտքը Հայաստանին ահռելի ֆինանսական աջակցություն է տրամադրում, վերջերս սկսել է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել և այլ։ Այսինքն՝ այդ 3 երկրների նպատակն այն է, որ արևմուտքին դուրս մղեն այս տարածաշրջանից և իրենք իրենցով այստեղ հարցերը լուծեն։ Պատահական չէ, որ հանդիպումից 1 օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Haber Global-ին տված հարցազրույցում շատ պարզ ասել է, որ հարավկովկասյան 3 երկրները պետք է ապավինեն հյուսիսից Ռուսաստանին, հարավից՝ Իրանին, արևելքից էլ Թուրքիային, իսկ մյուս երկրները՝ արևմուտքը, այստեղ երբեք խնդիրներ չի լուծելու կամ լուծելու է՝ իր շահերից ելնելով։ Այսպիսի հայտարարություն է արել Հաքան Ֆիդանը»,- շեշտում է նա։
Քաղաքագետը նշեց նաև, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը բխում է մեր երկրի շահերից՝ հիշեցնելով, որ նախորդ 2 տարում հայ-ադրբեջանական սահմանին շատ քիչ թվով միջադեպեր են տեղի ունեցել.
«Ակնհայտորեն այս առաքելությունը զսպող դեր ունի Ադրբեջանի համար։ Ռուսաստանը և Ադրբեջանն ուզում են այստեղ՝ սահմանին, սադրանքներ, բախումներ և արգրեսիա հրահրել, ինչպես նաև Հայաստանին թույլ ու խոցելի դարձնել, ինչ-որ բաներ կորզել։ Այն բանից հետո, երբ հայկական դիվանագիտության ջանքերով և ի պատիվ Մակրոնի այդ դիտորդները տեղակայվեցին այստեղ, տեսնում ենք, որ միջադեպերի թիվը շատ քչացել է, արդեն ամիսներով հակառակորդի կրակից զոհեր չենք ունենում ու ի՞նչ են տեսնում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով Մոսկվայից և Բաքվից հայտարարություններ են հնչում դիտորդների վերաբերյալ, նրանց դեմ արշավ են տանում, փորձում են վարկաբեկել այդ առաքելությունը։ Սա է իրենց նպատակը և իմ խորին համոզմամբ Հայաստանն այնտեղ անելիք չունի, իսկ եթե անգամ գնացել են, այդ մասնակցությունը պետք է լինի ձևական, որևէ լուրջ գործընթացի այդ հարթակում չպետք է ներգրավվենք»։
Oragir.News-ի հարցին՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնե՞ն խաղաղության պայմանագիրն այս հարթակում ստորագրել, ինչպես երեկ առաջարկեցին ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան՝ քաղաքագետը բացասական պատասխան տվեց, նշեց՝ Ադրբեջանն առհասարակ չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականից ասում է, որ նման պայմանագիր չի ստորագրվելու, այժմ էլ՝ նույն կարծիքին է։
«Ընդ որում, այն ժամանակ Ադրբեջանը Հայաստանի առաջ Սահմանադրություն փոխելու պահանջ չէր դնում, կարծես թե ավելի չափավոր պահանջներ էր դնում, իսկ հիմա այնպիսի պահանջ է դնում,որ ակնհայտորեն անիրագործելի է։ Ակնհայտ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այդ խաղաղության պայմանագիրը չստորագրվի։ Իրականում՝ չնայած ասում էին՝ մենք ուզում ենք, որ տարածաշրջանը խաղաղ լինի, Թուրքիայի արտգործնախարարն էր ասում, բայց իմ կարծիքով իրենք այդքան էլ չեն ուզում։ Գոնե Ադրբեջանի ու Ռուսաստանի մասով ես գրեթե համոզված եմ, որ իրենք չեն ուզում այս հարցը լուծվի, քանի որ իրենց պետք է թույլ և խոցելի Հայաստան, որպեսզի անընդհատ կարողանան ինչ-որ բաներ կորզեն»,- նկատում է նա։
Արմեն Վարդանյանը հավելեց՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այն պահին, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունն իսկապես կլուծվի, ինքն այստեղ անելիք չի ունենալու։ Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի խոստացել է, որ ոչ մի դեպքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, ու այժմ 2 երկրները սինխրոն՝ իրար հետ համաձայնեցված, աշխատում են։ «Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն էլ դա շատ լավ գիտի, անընդհատ ասում է, որ մենք պատրաստ ենք ցանկացած պահի խաղաղության պայմանագիրը ստորագրել՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը չի գնալու այդ քայլին»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան