Այսօր հոկտեմբերի 19-ն է՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի 23-րդ օրը, որը կարող էր վերջինը լիներ, եթե կյանքի կոչվեր ռազմական գործողությունները դադարեցնելու ռուսական առաջարկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինը պատերազմի ավարտից և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից օրեր անց անձամբ հայտարարեց, որ դեռևս հոկտեմբերի 19-20-ին իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել, որ ռազմական գործողությունները դադարեցվեն ու Շուշի քաղաքը մնար հայկական կողմի վերահսկողության տակ՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնային այդ թվում Շուշի, սակայն ի զարմանս իրեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է այս առաջարկը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձը համարելով սպառնալիք։
Պուտինի այս հայտարարությունից հետո Հայաստանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ և այն քաղաքական շահարկումների առիթ դարձավ. քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների մի զգալի մասը սկսեց մեղադրել Նիկոլ Փաշինյանին՝ այս առաջարկը մերժելու, այն գաղտնի պահելու և պատերազմը ևս 21 օր շարունակելու մեջ՝ պնդելով, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերի և տարածքային կորուստների մեղավորությունն ու պատասխանատվությունը Փաշինյանինն է։ Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում Փաշինյանը ռուսական առաջարկի մերժումը հիմնավորում էին այն հանգամանքով, որ եթե ադրբեջանցի փախստականները վերադառնային Շուշի, ապա քաղաքը կունենար 90 տոկոս և ավելի ադրբեջանցի բնակչություն ու փաստացի չէր կարող հայկական համարվել։
Ռուսական առաջարկն իրենից ենթադրում էր, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի նախկին Լեռնային Ղարբաղի ինքնավար մարզին հարակից 7 շրջանների այն մասը, որոնք դեռևս գտնվում էին իր վերահսկողության ներքո, բուն Արցախի տարածքում տեղակայվեին ռուս խաղաղապահները, իսկ փախստականները՝ ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորություն ստանային։ Դատելով ռազմաճակատում 2020-ի հոկտեմբերի 19-ին տիրող իրավիճակի վերաբերյալ թուրք-ադրբեջանական աղբյուրներում հրապարակված քարտեզներից (հայկական կողմն այդ օրերին քարտեզներ չէր հրապարակում և հերքում էր տարածքային կորուստների մասին բոլոր տեղեկությունները)՝ պարզ է դառնում, որ թշնամին այդ օրվա դրությամբ Արցախի հյուսիսում գրավել էր Թալիշն ու Մատաղիսը, հարավում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների մի մասը, ինչպես նաև Հադրութ քաղաքը (համանուն շրջանի մեծ մասը դեռ հայկական կողմի վերահսկողության ներքո էր), ուստի եթե ռազմական գործողությունները հաջողվեր դադարեցնել, ապա բուն ԼՂԻՄ տարածքի մեծ մասը մնալու էր հայկական վերահսկողության ներքո, ինչպես նաև Արցախի հարցում առավել հայանպաստ հանգուցալուծման հասնելու հնարավորություններ էին ընձեռնվելու։ Ըստ տարբեր հաշվարկների՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը չէր գերազանցում 2000-ը։
/Հոկտեմբերի 19-ի դրությամբ ռազմաճակատում տիրող իրավիճակը՝ ըստ ադրբեջանական կողմի/Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը հայկական կողմը մեկը մյուսի հետևից կորցրեց Հադրութի շրջանի գրեթե բոլոր բնավայրերը, Մարտունու շրջանի մի մասը, Ասկերանի վերին ենթաշրջանը, Շուշի քաղաքն ու հարակից գյուղերը, իսկ ԼՂԻՄ տարածքից դուրս ադրբեջանական զինուժին հաջողվեց գրավել Կովսականն (Զանգելան) ու Որոտանը (Կուբաթլու)՝ մոտենալով ընդհուպ մինչև Բերձորին և Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը 3822 է, անհայտ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, սակայն այս թվերը համոզիչ չեն և պարբերաբար շահարկումների առարկա են դառնում, քանի որ ռազմական գործողություններից 4 տարի անց դեռևս զոհերի անուն-ազգանունները չեն հրապարակվել։
Հատկանշական է, որ թեպետ Ռուսաստանի նախագահը 2020-ի նոյեմբերին փաստացի Նիկոլ Փաշինյանին էր մեղադրում ռուսական առաջարկը մերժելու և պատերազմը նման աղետալի ելքով ավարտելու մեջ, սակայն իր այս հայտարարությունից գրեթե 3 տարի անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարեց, որ Ադրբեջանի հետ
պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնել միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը կգրավի Շուշին։ Պուտինի այս հայտարարությունն առավել համոզիչ է թվում, քանի որ մի կողմից նաև Նիկոլ Փաշինյանն է բազմիցս փորձել իրեն արդարացնել և նշել, որ պատերազմն ավելի վաղ դադարեցնելու գինը Շուշին հանձնելն էր, իսկ մյուս կողմից պատերազմը դադարեցվեց Շուշիի անկումից 1 օր անց. 2020-ի նոյեմբերի 8-ին Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը «ազատագրել է» Շուշին, հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն օկուպացված բերդաքաղաքից տեսանյութ հրապարակեց, իսկ նույն օրը գիշերը ստրագրվեց հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը։
Այսպիսով՝ թեպետ Հայաստանում շատ հաճախ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով պնդումներ են հնչում, որ հոկտեմբերի 19-ին հնարավոր էր պատերազմն անհամեմատ ավելի շահեկան իրավիճակում կանգնեցնելու ու այն Շուշին հայկական պահելու վերջին հնարավորությունն էր, իսկ առաջարկը տապալվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով, սակայն պետք է փաստենք, որ այն իրականում այն ռուսական մանիպուլյացիա էր, ինչի մասին ՌԴ նախագահն անձամբ խոստովանեց։
Չենք բացառում, որ ռուսական կողմն իսկապես ձգտել է պատերազմն այդ գնով դադարեցնել և Շուշին թողնել հայկական, իսկ իրականում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն Մոսկվան չի ունեցել այն լծակները, որով Բաքվին կպարտադրեր նման լուծման գնար։ Ասվածի վկայությունը նաև հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ժամեր տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադրի պայմանավորվածությունն էր, որի հաստատումից ժամեր անց ադրբեջանական կողմը խախտեց այն։
Կարճ ասած՝ ամենևին չենք ցանկանում հանրության աչքում Նիկոլ Փաշինյանին չքմեղացնել, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ծավալումն ու դրա աղետալի ելքը հենց վեջինիս մեղավորությունն ու պատասխանատվությունն է, սակայն հոկտեմբերի 19-ի առաջարկի տապալման մեջ վերջինիս մեղքի բաժինն այնքան էլ մեծ չէ։ Ամեն օր առաջխաղացում արձանագրող և նորանոր բնակավայրեր իր վերահսկողության տակ վերցնող ադրբեջանական բանակը մտադիր չէր կանգ առնել, ՌԴ-ն իրականում չէր կարող Ադրբեջանին նման լուծում պարտադրել, ինչպես օրինակ 2022-ի օգոստոս-սեպտեմբերին չկարողացավ պարտադրել, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվի հետագա բանակցություններին։
Դավիթ Գույումջյան