Արցախյան 44-օրյա պատերազմից օրեր անց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել ռուսական Россия-24-ի հեռուստաալիքին, որում անդրադարձել էր պատերազմական գործողությունները ավելի վաղ և ավելի բարենպաստ պայմաններով դադարեցնելու հնարավորություններին։
Պուտինը մասնավորապես նշել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը դեռևս գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված միայն, իրեն հաջողվել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, Շուշին թողնել հայկական վերահսկողության տակ, սակայն Ադրբեջանի նախագահը պայման էր ունեցել առ այն, որ ադրբեջանցի փախստականնեչը պետք է վերադառնան՝ այդ թվում նաև Շուշի։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ասել էր, որ փախստականների վերադարձի մեջ սպառնալիք է տեսնում, ինչն իր համար անհասկանալի է եղել, այդ իսկ պատճառով հրադադարի առաջարկը չի ընդունվել, և ռազմական գործողություններ շարունակվել են։
Պատերազմից հետո, երբ այս տեղեկությունը հրապարակվեց, այն առաջացրեց հայ հասարակության մի ստվար հատվածի դժգոհությունը, քանի որ, եթե հիմք ընդունենք Ռուսաստանի Դաշնության նախագահի այս հայտարարությունը, ապա ստացվում է, որ հնարավոր է եղել Շուշին պահել հայկական վերահսկողության տակ, ինչը օրվա իշխանությունը չի արել։ Այս թեմայով վերջիններիս մինչև այսօր քննադատում են, նրանք էլ իրենց հերթին պնդում են, որ նախքան Արցախյան առաջին պատերազմը և Շուշիի ազատագրումը՝ ադրբեջանցիները կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը, և եթե վերջիններս վերադառնային, ապա քաղաքն այլևս հայկական չէր կարող համարվել՝ տվյալ կարգավիճակում։
Սակայն նախօրեին Վալդայ բանավեճի ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատերազմական գործողությունների օրերին իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ են ունեցել։ Նրա խոսքով՝ նախապես պլանավորված է եղել պատերազմը դադարեցնել այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կգրավեին Շուշին։
Այսպիսով կարող ենք փաստել, որՌուսաստանի նախագահը փաստացի հակասում է ինքն իրեն՝ մի կողմից փաստելով, որ հնարավոր է եղել Շուշին թողնել հայկական վերահսկողության տակ, իսկ մյուս կողմից նշում է նման պայմանավորվածության առկայության մասին։ Չնայած ստեղծված իրավիճակում, երբ Արցախն ամբողջությամբ հայթափվել է այս իրողություններն այլևս որևէ բան փոխել չեն կարող, սակայն դրանց հետաքննությունը կարևոր է՝ հետագայում նման ողբերգական զարգացումներից խուսափելու համար։
Այն, որ Շուշիի գրավումը եղել է պատերազմը դադարեցնելու պարտադիր պայման է եղել փաստում է նաև պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի շարժը։ Վերջիններս իրենց ողջ ուժերը կենտրոնացել էին հարավային ուղղությամբ ճեղքում իրականացնելու ուղղությամբ, որտեղով էլ շարժվեցին դեպի Շուշի, իսկ հյուսիսային՝ Քարվաճառի ուղղությամբ հարձակումների ինտենսիվությունն անհամեմատ ավելի թույլ էր։ Եթե ադրբեջանական ուժերը գրավեին Քարվաճառը, Բերձորը, ապա ստիպված կլինեին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն դա չեն արել և կենտրոնացել են հարավային ուղղությամբ, ինչից էլ պարզ է, որ իսկզբանե նրանց նպատակը եղել է Շուշին։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունն առավել արժանահավատ է թվում, քանի որ Ադրբեջանը Շուշի քաղաքը գրավելու մասին հայտարարեց 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին։
Մանրամասները՝ տեսանյութում․