Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց քննարկումների նոր հարթակ ստեղծելու մասին, որտեղ ներկայացված էին նաև արտախորհրդարանական ուժեր։
2 տարի անց՝ 2023 թվականին, այլևս արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ տեղի չունեցան, ըստ էության այս ձևաչափը կարելի է լուծարված համարել։
Oragir.News-ը այսօր փորձեց կապ հաստատել Փաշինյանի հետ այս քննարկումներին մասնակցած արտախորհրդարանական ուժերի առաջնորդների հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ այլևս Փաշինյանի հետ հանդիպումներ չեն լինում։ Ավելի կոնկրետ՝ Կառավարությունից հրավեր չե՞ն ստանում, թե՞ ստանում են, բայց չեն գնում։
Տիգրան Արզաքանցյանի, Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, Լևոն Շիրինյան էլ հրաժարվեց մեզ հարցազրույց տալուց։
Oragir.News-ին հաջողվեց կապ հաստատել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Նա հաստատեց՝ 1 տարի նման հանդիպում տեղի չի ունեցել։
«Վերջին հանդիպման ժամանակ՝ դեռ 2023 թվականի սեպտեմբերին, վարչապետին ասացի, որ այս կազմով ձևաչափը համարում եմ սպառված։ Դա իմ կարծիքն էր։ Նաև ասացի, որ այստեղ կան մարդիկ, որոնց ներկայությամբ ես չեմ կարող մտքերս ազատ արտահայտել, վստահ չլինելով, որ դա հայտնի չի լինի որևէ այլ երկրի։ Նա ասաց, որ կմտածի։ Դրանից հետո հանդիպումներ չեղան, եղավ ընդամենը 1 հանդիպում, բայց այլ ձևաչափով, որին ես մասնակցում էի, խոսքը՝ դեմոկրատական 3-4 կուսակցությունների ներկայությամբ հանդիպման մասին է»,- ասաց Տիգրան Խզմալյանը։
Խնդրեցինք մանրամասնել, թե ո՞վ էր այդ անձը, որի ներկայությունը խնդրահարույց էր Ձեզ համար, և արդյոք այլ երկիր ասելով նկատի ունեք Ռուսաստա՞նը։
«Ես պարկեշտ չեմ համարում իր անունը տալ։ Այո, պատճառը ռուսամետ դիրքորոշումն էր։ Այդ անձին անձամբ եմ ասել, իր ներկայությամբ եմ ասել վարչապետին»,- նշեց Խզմալյանը։
Հարցին՝ այնուամենայնիվ որևէ դրական արդյունք արձանագրվե՞ց այդ հանդիպում-քննարկումներում, Խզմալյանը դրական պատասխան տվեց։
«Բնականաբար, դա շատ մեծ բեկում մտցրեց։ Ես դեռ առաջին հանդիպման ժամանակ՝ 2021 թվականի հուլիսին ասացի, որ այս ձևաչափին մասնակցում եմ 1 հստակ օրակարգով, դա Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու խնդիրն էր։ Կարծում եմ, որ 2021 թվականից մինչև 2024 թվական մեր կուսակցական ծրագրերը դարձան պետական քաղաքականության գոնե մի մասը․․․
Այս ձևաչափով հանդիպում-քննարկումները հաջորդեցին 2021 թվականի ընտրություններին, որի ընթցքում ընտրողների մեծամասնությունն ընտրեց այդ կառավարությունը և այդ վարչապետին։ Նրա կողմը երբեք չէի և չեմ քվեարկել նրա օգտին, բայց ՀՀ քաղաքացի եմ, հարգում եմ սահմանադրությունը և ժողովրդի ընտրությունը»,- ասաց նա։
Որպես ձեռքբերում նշեցիք Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը, իսկ Արցախի վերաբերյալ որևէ քննարկում եղե՞լ է այդ հանդիպումների ընթացքում, Ձեզ համար սպասելի՞ էր նման ելքը, արդյոք հնարավո՞ր էր որևէ ձև պայքարել սրա դեմ, որ չի արվել, հարցրեցինք Տիգրան Խզմալյանին։
«Մեր խորին համոզմամբ՝ Արցախի և Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը դեռ 2018 թվականին մեկն էր՝ Հայաստանի շուտափույթ եվրաինտեգրումը։ Դա մեզ առաջարկում էին և՛ ԱՄՆ-ը, և՛ եվրոպական կառույցները։ Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարիներ շարունակ մերժում էր այդ բոլոր առաջարկները, նաև մեր առաջարկները։ Եվ այդ առումով՝ համարում եմ, որ կատարված աղետները հիմնականում քաղաքական սխալների հետևանք են»,- ասաց Տիգրան Խզմալյանը։
Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է Արցախի նման ելքի պատասխանատուն, Խզմալյանը պատասխանեց.
«Բնականաբար՝ պատասխանատուն գործող իշխանությունն է և այն մարդիկ, որոնք ընտրել են հենց այդ իշխանությունը 2 անգամ շարունակ։ Անգամ՝ 3, եթե համարենք, որ Երևանի ավագանու ընտրություններում նույնպես մեծամասնությունը ընտրել է գործող իշխանության ներկայացուցչին։
Բոլոր դեպքերում, մենք ընդդիմադիր էինք և հիմա էլ ենք ընդդիմադիր։ Դուք տեղյակ եք, որ այն ստորագրահավաքը, որն արվում է, արվում է ի հեճուկս իշխող կուսակցության կարծիքին և տրամադրությանը…»,- եզրափակեց Տիգրան Խզմալյանը։