Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:16 04-07-2025

Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը․ Փաշինյանը՝ Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեա­կան արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկե­րության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների:

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուց­վածքների ապաշրջափակմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի