«3+3»․ հայկական և վրացական երազանքների հատման կետն ու կորսված հնարավորությունները
copy image url

«3+3»․ հայկական և վրացական երազանքների հատման կետն ու կորսված հնարավորությունները

Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 17:30 18-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի հերթական հանդիպումը, որին մասնակցում է նաև Արարատ Միրզոյանը։ Այս հարթակը, որը ներառում է Հարավային Կովկասի 3 երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև տարածաշրջանային 3 ազդեցիկ դերակատարներին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, կյանքի կոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ նախաձեռնության գաղափարը պատկանում էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, թեպետ տարիներ առաջ նման ձևաչափ ստեղծելու մտադրության մասին բարձրաձայնել էր նաև իրանական կողմը։

Ստամբուլի հանդիպումը երրորդն է, ավելի վաղ կողմերն այս ձևաչափով, սակայն փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպել էին 2021-ի դեկտեմբերին՝ Մոսկվայում, իսկ երկրորդ հանդիպումը 2023-ի հոկտեմբերին էր՝ Թեհրանում՝ այս անգամ արդեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հռչակագիր կընդունեն, սակայն հայ փորձագետները, ովքեր կարևորում են Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային համագործակցության այս հարթակի աշխատանքներին, ստամբուլյան հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։

Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Վրաստանն ի սկզբանե բոյկոտել է այս հարթակի աշխատանքները և առ այսօր պահպանում է իր որդեգրած սկզբունքային դիրքորոշումը։ Մոսկվայի և Թբիլիսիի տարաձայնությունների պատճառը վերջինիս միջազգայինորեն ճանաչված տարածքի շուրջ 20 տոկոսի օկուպացիան է, որը շարունակվում է 2008-ից առ այսօր, սակայն ի տարբերություն Ուկրաինայից օկուպացված տարածքների՝ Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան չի միացրել իր տարածքին, չնայած նախորդ տարիներին ինքնահռչակ այս հանրապետությունները բազմիցս նման ցանկություն հայտնել են։ Ավելին՝ փորձագետներից ու վերլուծաբաններից շատերը պնդում են, որ այժմ 2 երկրների միջև գաղտնի բանակցություններ են ընթանում, նշում, որ Վրաստանն իր ազդեցության գոտի վերադարձնելու դիմաց ռուսական կողմը պատրաստ է ինչ-որ ձևաչափով վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Վերջին ամիսներին Վրաստանի իշխանությունների խոսույթը նույնպես վկայում է, որ կողմերի միջև նման հարց իսկապես քննարկվում է․ Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ընտրություններից հետո իր երկիրն օս ժողովրդից ներողություն խնդրելու ուժ կգտնի, իսկ ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ վստահություն հայտնեց, որ երկիրը մինչև 2030 թվականը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, սակայն խաղաղ ճանապարհով։ Հենց այս համատեքստում հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն առանցքային նշանակություն ունեն, ոչ միայն հարևան երկրի, այլև ողջ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար։

Ռուսաստանի հետ ընթացող գաղտնի բանակցությունների, ինչպես նաև երկու երկրների միջև նկատվող ջերմացման միտումների ֆոնին՝ Վրաստանը դեռևս չի շտապում միանալ «3+3» հարթակի աշխատանքներին, և այսօրվա հանդիպումը նույնպես պաշտոնական Թբիլիսին բոյկոտում էր։ Չնայած փորձագետների ու վերլուծաբանների մի մասը այս իրողությունը պայմանավորում են նրանով, որ Վրաստանում իշխող քաղաքական ուժը հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններից առաջ չի ցանկանում սեփական վարկանիշը հարվածի տակ դնել, ինչպես նաև համոզմունք հայտնում, որ հաղթելուց հետո վրացական կողմն ամենայն հավանականությամբ կմիանա «3+3»-ին, սակայն կարծում ենք, որ այստեղ պատճառները շատ ավելի խորն են։ Ամենևին չբացառելով, որ Վրաստանը առաջիկայում կարող է միանալ այս հարթակի աշխատանքներին, հակված ենք պնդել, որ վրացական դիվանագիտությունն այստեղ յուրօրինակ մաստեր կլաս է ցուցաբերում՝ փորձելով նախևառաջ մեծացնել սեփական երկրի արժեքը, ինչպես նաև հարթակին միանալու դիմաց ստանալ առավելագույնը։

«Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանում իշխանության եկավ 2012-ի թվականին՝ 2008-ի աղետալի պատերազմից 4 տարի անց, և դատելով այս քաղաքական ուժի անունից ենթադրելի է, որ վերջինիս գործունեության առանցքում վրաց ժողովրդի հավաքական երազանքի իրագործումն է՝ երկրի օկուպացված տարածքները ազատագրումը։ Բնականաբար «3+3» հարթակին Վրաստանի հնարավոր անդակացության դիմաց Ռուսաստանը հաստատապես Աբխազիան և Հարավային Օսեթիան չի վերադարձնի, սակայն, ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ու Վրաստանի իշխանությունների վարած հմուտ դիվանագիտության արդյունքում այսօր արդեն սարերի հետևում չի թվում այն օրը, երբ վրաց ժողովրդի հավաքական երազանքը կյանքի կկոչվի ու երկիրը խաղաղ ճանապարհով կվերադարձնի իր օկուպացված տարածքները։

Թբիլիսիի այս քաղաքականությունը պետք է յուրօրինակ դաս լինի նաև Երևանի համար։ Ի տարբերություն իր հարևանի՝ Հայաստանը, որի տարածքների ավելի քան 200 կմ-ն օկուպացված է Ադրբեջանի կողմից, չբոյկոտեց այս հարթակի աշխատանքները ու միացավ դրանց, մինչդեռ դրա դիմաց դիմաց կարող էր պահանջել, որ ադրբեջանական զորքերն օրինակ դուրս բերվեին իր ինքնիշխան տարածքից, իսկ հարթակի անդամ երկրների հիմնական մասը հաստատապես կաջակցեին հայկական կողմի այս դիրքորոշմանը՝ նախևառաջ այս ձևաչափը չտապելու և սեփական հեղինակությունը հարվածի տակ չդնելու համար։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ դա տեղի չունեցավ, ավելին «3+3»-ի առաջին հանդիպումից ամիսներ անց՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, ադրբեջանական զինուժը լայնամաստաբ ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նոր տարածքներ օկուպացրեց, իսկ մեկ տարի անց էլ ամբողջովին բռնազավթեց Արցախը։

Այսպիսով՝ «3+3» հարթակն այսօր դարձել է հայկական և վրացական երազանքների հատման յուրօրինակ կետը, որոնից առաջինն օրեցօր ավելի մշուշոտ է դառնում, իսկ երկրորդի իրագործումն արդեն չափազանց իրատեսական է։ Հայաստանի Հանրապետությունը 44-օրյա պատերազմից հետո հերթական անգամ բաց թողեց իրեն ընձեռնված այս հնարավորությունը, որը ճիշտ օգտագործելու դեպքում հայկական կողմն կարող էր վերադարձնել իր օկուպացված տարածքները կամ առնվազն հիմքեր ստեղծել դրա համար, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար առաջնայինը ոչ թե ՀՀ պետական շահերի սպասարկում է, այլ իր իշխանության պահպանումը։ Բացի այդ, եթե Հայաստանն իրեն ընձեռնած այս հնարավորությունը ճիշտ գնահատեր, ապա թույլ կտար զգալիորեն բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը, ինչի անհրաժեշտության մասին գործող իշխանությունն ամենից շատն է խոսում, սակայն իր գործողություններով օրեցօր այն ավելի է իջեցնում։

Տարիներ առաջ Հայաստանում շատ քչերը կպատկերացնեին, որ օրերից մի օր Արցախում այլևս հայեր չեն ապրի, իսկ հայ ժողովրդի երազանքը կլինի ոչ թե Արցախի հայկական կարգավիճակի միջազգային ճանաչումն ու ամրագրումը, այլ գոնե ՀՀ-ի օկուպացված տարածքները ազատագրումն ու 29․743 քառակուսի կմ-ում խաղաղ կենսագործունեության ծավալումը։ Այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարում, և այն հերթական անգամ ընդգծում է, որ վերջինս օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ևս 6 տարի մնալ իշխանության ղեկին, ապա դժվար է պատկերցնել, թե այդ ժամանակ Հայաստանի քարտեզն ինչպիսի տեսք կունենա կամ առհասարակ՝ աշխարհի քարտեզի վրա նման պետություն գոյություն կունենա՞, թե՞ ոչ։

Դավիթ Գույումջյան




Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»