Այս օրերին, երբ ՀՀ-ում երեք կուսակցություններ ստորագրահավաք են իրականացնում ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ, մեր երբեմնի բախտակից Մոլդովայում վճռական ընտրության քարոզարշավ է ընթանում։ Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ են նշանակված։ Նույն օրը հանրաքվե կանցկացվի հետևյալ հարցով. «Կո՞ղմ եք, որ ԵՄ–ին անդամակցելու համար փոփոխություններ կատարվեն Մոլդովայի Սահմանադրությունում»: Չնայած՝ եվրաինտեգրման հարցում ՀՀ-ն շատ հեռու է Մոլդովայից, սակայն կան լավատեսներ, որոնք կարծում են, թե Հայաստանն առաջիկա տարիներին կանցնի նույն ուղին։ Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Հայաստանում և Մոլդովայում ընթացող եվրաինտեգրման գործընթացների միջև։
Մոլդովան ու Հայաստանը նույն ուղով էին ընթանում 2009-ին, ԵՄ ասոցիացման պայմանագրի ստորագրման բանակցություններ էին վարում։ Մոլդովան ստորագրեց այն 2014-ին, իսկ 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ն ստորագրեց SEPA-ն, որը ասոցիացման պայմանագրից տարբերվում է միայն առևտրային համագործակցության վերաբերյալ բաժիններով։
2024-ին որոշ առաջընթաց է գրանցվել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն է սկսվել։ Ի տարբերություն Մոլդովայի՝ ՀՀ օրակարգում ԵՄ անդամակցելու հարց չկա։ Սակայն լավատեսները չեն բացառում, որ իրադարձությունները կարող են սրընթաց զարգանալ, և 2026-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին զուգահեռ կարող է նույնպիսի հանրաքվե անցկացվել ՀՀ սահմանադրության մեջ նման կարևոր փոփոխություն կատարելու հարցով։
Իրականում՝ ՀՀ-ում այս օրերին անցկացվող «Եվրաքվեն» շատ հեռու է այն հարցից, որը Մոլդովայում հանրաքվեի է դրվելու հոկտեմբերի 20-ին։ Հաջողության պարագայում Մոլդովայի Սահմանադրությունը կհամալրվի «Եվրոպական ինտեգրացիա» բաժնով, որը կներառի «ԵՄ-ի հիմնադիր պայմանագրերին միանալու և ԵՄ հիմնադիր պայմանագրերի վերանայման ակտերի մասին» հոդվածը։
Սա հիմնարար փոփոխություն է ԵՄ անդամ դառնալու ճանապարհին, քաղաքակրթական ընտրությունը կամրագրվի հիմնական օրենքում, և ԵՄ ինտեգրումը կդառնա ազգային նպատակ։ Եթե ՀՀ-ում Եվրաքվեն հաջող ընթանա, և բանը հասնի հանրաքվեի, ապա հնարավոր կլինի պարզել, թե տվյալ պահին ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կողմ ԵՄ անդամակցությանը։ Ու եթե հավաքվեն անհրաժեշտ թվով քվեներ հավաքի, ապա իշխանությունը, իրացնելով ժողովրդի կամքը, կարող է խոսել ԵՄ անդամակցության նպատակի մասին ու հարցը բերել օրակարգ։
Նկատենք, որ 2024-ի մայիսին Մոլդովայի խորհրդարանը հաստատել է հոկտեմբերի 20-ին Եվրամիությանը երկրի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը։ Կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 56-ը։ Ուշագրավ է, որ նույն թվականի փետրվարին անցկացված հարցման տվյալներով մոլդովացիների 56 տոկոսն է կողմ արտահայտվել ԵՄ անդամակցությանը։ Լավատեսների կարծիքով՝ գործընթացները կազմակերպվելու են նույն անալոգիայով։ Եվ ՀՀ-ում եվրաքվեի հաջողության պարագայում կպարզվի, որ քաղաքացիների մոտ 56 տոկոսը կողմ է։ Այսինքն՝ ՀՀ-ում եվրաինտեգրման գործընթացը կշարունակվի նույն սցենարով, և 2026-ի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ մեզ մոտ ևս կարող է նման հարց դրվել հանրաքվեի։
Այսպիսի համեմատական կանխատեսումը հիմնավոր չէ, քանի որ դրա համար քաղաքական անհրաժեշտ պայմաններ չկան։ Մոլդովայի իշխանությունը ԵՄ անդամակցելու քաղաքական կամք ու նպատակ է որդեգրել հիմնվելով հարցման տվյալների վրա։ Իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդպիսի նպատակ չունի։ ՔՊ-ն ԵՄ չի ուզում։ Նիկոլ Փաշինյանի խոսույթում այդ թեման չի շոշափվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է ռուսների հետ պայմանավորվածություններով։ Եթե նա, իրոք, ուզենար, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար, ապա Մոլդովայի օրինակով՝ կպատվիրեր սոցհարցում, որի վրա հիմնվելով՝ քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում կընդուներ համապատասխան որոշում։ Ավելին՝ մտավախություն կա, որ ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ տապալի Եվրաքվեն, լավագույն դեպքում ձգձգի տարիներով, մինչև կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը։
Պարզ ասած՝ լավատեսական թունելի վերջում լույս չկա, ԵՄ ինտեգրման հարցում առաջընթացի որևէ նախանշան այսօր չի նշմարվում։ Հայաստանն իրականում՝ շատ հեռու է Մոլդովայից, որովհետև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգիծը ոչ թե եվրաինտեգրումն է, այլ այսպես կոչված՝ տարածաշրջանայնությունը՝ ամփոփված ռուս-թուրքական «3+3» նախագծով։
Թաթուլ Մկրտչյան