Կոնկրետ վարա՞կ է, թե՞ միքստինֆեքշն. չգիտենք՝ ինչի հետ գործ ունենք. համաճարակաբան
copy image url

Կոնկրետ վարա՞կ է, թե՞ միքստինֆեքշն. չգիտենք՝ ինչի հետ գործ ունենք. համաճարակաբան

Ներքին 6 ամիս առաջ - 20:31 15-10-2024
Վերջին շրջանում սուր շնչառական հիվանդությունների պատճառով քաղաքացիները մի շարք խնդիրների առաջ են կանգնում՝ ձայնի խզում, կոկորդի ցավ, ջերմություն, սրտխառնոց և այլն։

Oragir.News-ը սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարի միջոցները, դրա հարուցած խնդիրները հասկանալու համար կապվեց համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանի հետ։ Վերջինս ասաց, որ չգիտեն, թե կոնկրետ ինչ շնչառական խնդրի հետ գործ ունեն։ Համաճականաբության կենտրոնից նետվում է շրջանառության մեջ մի թեզ, թե երկրում տարածված է 10-ից ավելի շնչառական ինֆեկցիա։ Այս իրավիճակում դժվար է ախտորոշելը՝ դա կոնկրետ վարա՞կ է, թե՞ խառնված, այսպես կոչված՝ միքստինֆեքշն։ Իսկ մի քանի վարակների հետ գործ ունենալու դեպքում մասնագիտորեն ճիշտ չի լինի միանշանակ գնահատական տալը։

«Վերջին շրջանում տարածված շնչառական խնդիրներն, իմ կարծիքով, սեզոնային բռնկում են, և չի բացառվում բռնկման համաճարակային արտահայտումը։ Կլինիկական նշանները բազմազան են և տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են արտահայտվում։ Ես նույնիսկ լսել եմ, որ փորլուծության տեսքով էլ է արտահայտվել։ Դեպքեր են եղել, որ որովայնի, ստամոքսի շրջանում սուր ցավեր են ունեցել մարդիկ, որոնք մինչ այդ չեն ունեցել որևիցե բողոք։

Շնչառական հիվանդությունները, մասնավորապես՝ գրիպը կարող է աղիքային ձևով էլ ընթանալ։ Դրա համար դա բացառել պետք չէ։ Բայց այն, ինչ հիմա է կատարվում, ըստ իմ ունեցած տվյալների, բավականին լայն տարածվածություն է ստացել տարբեր սեռահասակային խմբերի մոտ, ոչ միայն երեխաների, այլև տարեցների շրջանում էլ շատ կան վարակվածներ։ Եվ ոչ մասնագիտական կլինի, եթե ես փորձեմ գուշակել, թե դա ինչից կլինի»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Գրիգորյանը բացառեց այն, որ նույն տանը լինելով սուր շնչառական հիվանդություն ունեցող անձի հետ, հնարավոր է խուսափել վարակվելուց, քանի որ տունը սահմանափակ փոքր տարածք է, իսկ հիվանդության հարուցիչները մնում են օդում։ Եթե մարդն այդ օդը շնչում է, նա համարվում է պոտենցիալ վարակված։

«Ռիսկային խմբում առաջին հերթին մանկահասակներն են, հղիները և ծերերը։ Նրանք ռիսկային խմբեր են գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների համար, որովհետև նրանց մոտ իմունային ֆոնը բավականին ցածր է»,- ասաց համաճարակբանը։

Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններից խուսափելուն կամ դրանք կանխարգելելուն, ապա Գրիգորյանը չցանկացավ կոնկրետ միջոցներ նշել՝ կրկին ասելով, որ ինքը չի կարող կանխարգելիչ միջոց ասել, քանի որ չգիտի՝ ինչի հետ գործ ունի, սակայն ասաց, որ լավ կլինի՝ հետևել հիգենիային, սպորտով զբաղվել և շատ շարժվել։

Ամենից շատ դիտված