2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցով Նիկոլ Փաշինյանը պահպանեց իր իշխանությունը, իսկ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստանձնեցին տիտղոսային ընդդիմության առաջնորդությունը, հասարակության ամենատարբեր շերտերը պարբերաբար ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներից պահանջում են վայր դնել իրենց մանդատները ու դրանով ճանապարհ բացել ներկայիս խորհրդրանի լուծարման համար։ Չնայած Սահմանադրությունն այս հարցում հստակ կարգավորումներ չունի ու միանշանակ չէ, որ նման սցենարի դեպքում ԱԺ-ն կլուծարվի, այնուամենայնիվ նման քայլն առնվազն կապալեգիտիմացնի գործող խորհրդարանը, ու մեծ հավանականությամբ իշխանությունները ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։ Հետևաբար՝ տեսակետը, ըստ որի մանդատները վայր դնելու ճանապարհով հնարավոր է երկրում քաղաքական ճգնաժամն ավելի խորացնել ու դրա միջոցով փոփոխությունների հասնել, առնվազն կյանքի իրավունք ունի։
Ընդդիմադիր խմբակցությունները, որոնք 2021-ի ընտրություններում հաջողության չհասնելուց հետո խոստանում էին՝ ԱԺ են գնալու իշխանությանը օր ու արև չտալու օրակարգով, իսկ խորհրդարանի ամբիոնն օգտագործելու են բացառապես իշխանափոխության հասնելու համար, առ այսօր հրաժարվում են մանդատները վայր դնելուց։ Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները տարբեր առիթներով հայտարարում են նաև, որ մանդատներից հրաժարվելու հարցն իրենց օրակարգում կա, սակայն դա կանեն միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքը կզգացվի ու վստահ կլինեն, որ դա կնպաստի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Դժվար է պատկերացնել, թե այդ պահը երբ է գալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հերթական ընտրություններին մնացել է մեկուկես տարուց մի փոքր ավելի, իսկ Նիկոլ Փաշինյանն տիտղոսային ընդդիմության յուրաքանչյուր ձախողումից հետո էլ ավելի է ամրապնդում սեփական իշխանությունը, միգուցե 2026-ի մայիսի՞ն՝ հերթական ընտրություններից 1 ամիս առաջ։ Ընդդիմադիր պատգամավորները մանդատներից չհրաժարվեցին անգամ Սրբազան շարժման պիկի ժամանակ՝ մայիս-հունիս ամիսներին, ինչը կարող էր իսկապես իրավիճակ փոխել, կարծես թե մտադիր չեն հրաժարվել նաև այժմ, երբ ՍԴ-ն փաստացի չեղարկել է ՀՀ Անկախության հռչակագիրը, իսկ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը եկել է ԱԺ։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք նախորդիվ հայտարարում էին, որ մանդատներից կհրաժավեն ու չեն վավարեցնի Փաշինյանի ապօրինի որոշումները։
Ընդդիմության այս պահպվածքը, որը շատերի դիտարկմամբ վկայում է վերջիններիս՝ մանդատներից կառչած լինելու մասին, հիասթափություն ու դժգոհություն է առաջացնում ավելի քան 336 հազար քաղաքացիների շրջանում, ովքեր իրենց իրենց ձայնը տվել են հիշյալ 2 ուժերին [պաշտոնական տվյալներով՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 269․481 ձայն, «Պատիվ ունեմ»-ը՝ 66․650]։ Նկատենք, որ շատ հաճախ հանրության դժգոհության ալիքն ուղղվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, այլ ոչ թե հիշյալ քաղաքական ուժերի առաջնորդներին, ինչը պետք է այդպես չլիներ․
Նկատենք, որ 2021-ին ընդդիմադիր ձայների ահեռլի մասը ստացել է «Հայաստան» դաշինքը, որի ընտրական ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գաղտնիք չէ, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը քվեարել են ոչ թե դրանում ընդգրկված երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստան»-ի, որոնցից 2-րդը 2022-ի նոյեմբերին դուրս եկավ դաշինքից, կամ ցուցակում ներկայացված անկուսակցական գործիչների, այլ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ վստահություն ունենալով, որ վերջինս կարող է երկիրը ստեղծված աղետալի իրավիճակից դուրս բերել, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել դրա հիմնական մեղավորներին՝ Նիկոլ Փաշինյանին ու իր վարչակարգին։ Վստահաբար կարող ենք պնդել, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվերակած շուրջ 270 հազար քաղաքացիներից քչերն են ընթերցել դաշինքի նախընտրական ծրագիրը ու դրա օգտին քվեակել, ինչը հերթական անգամ փաստում է, որ հիշյալ քվեների գերակշիռ մեծամասնությունը ստացել է անձամբ 2-րդ նախագահը։
Հաշվի առնելով հիշյալ իրողությունները՝ կարծում ենք, որ մանդատներից հրաժարվելու պահանջը պետք է ուղղվի անձամբ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և հենց վերջինս որոշի՝ իր իսկ ստացած քվեներով ԱԺ պատգամավոր դարձած գործիչները պե՞տք է վայր դնեն իրենց մանդատները, թե՞ շարունակեն իրենց պատգամավորական գործունեությունը մինչև 2026 թվականը։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանը 2021-ին հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, սակայն վերջինս առ այսօր շարունակում է առաջնորդել ընդդիմադիր այս խմբակցությունը, պարբերաբար նրա գլխավորությամբ խմբակցության նիստեր են անցկացվում, նա հանձնարարականներ է տալիս իր թիմակիցներին, ուստի վերջինիս հորդորի դեպքում պատգամավորները հաստատապես կհետևեն դրան։
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որը ընտրությունների արդյունքներով չէր հաղթահարել անցողիկ շեմը, սակայն իրավունքի ուժով հայտնվեց ԱԺ-ում, ապա մեծ հավանականությամբ վերջինիս պատգամավորները նույնպես կհետևեն «Հայաստան» խմբակցության իրենց գործընկերների օրինակին ու վայր կդնեն իրենց մանդատները։ «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները տևական ժամանակ չեն մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին, հայտարարում են, որ պատրաստ են աջակցել ցանկացած ընդդիմադիր նախաձեռնության, ինչից առնվազն կարելի է ենթադրել, որ մանդատներից հրաժարվելու հարցն այս ուժի օրակարգում առկա է, ու հարմար իրավիճակի առկայության դեպքում այն տեղի կունենա։
Այսպիսով՝ մանդատներից հրաժարվելու հարցում գնդակն այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշտում է, ու հենց նրա որոշումից է կախված, թե առաջիկայում քաղաքական դաշտում ինչպիսի վերադասավորումներ տեղի կունենան, կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, թե՞ ոչ։ Կարծում ենք, որ երկրորդ նախագահն այս հարցում ողջամիտ որոշում կկայացնի՝ հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում վերջինիս ներդրած լուրջ ավանդը, իսկ այժմ, երբ վտանգված է նույն հայրենիքի գոյությունը, դժվար թե Ռոբերտ Քոչարյանը նախապատվություն տա 29 մանդատին։ Ընդ որում, այդ մանդատների միջոցով այդպես էլ հնարավոր չեղավ ՔՊ-ի քոքը մաշեցնել, ինչպես ժամանակին խոստանում էր երկրորդ նախագահը։
Դավիթ Գույումջյան