Երևան +16°
copy image url
Միտք Արտաքին Ներքին 3 շաբաթ առաջ - 19:00 09-10-2024

Ինչու են ռուս սահմանապահները հեռանում հայ-իրանական անցակետից․ 2 վարկած

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իսկ հայ-իրանական պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն ամբողջովին դուրս էին բերվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, սակայն վերջիններս առ այսօր շարունակում են իրենց ծառայությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանին։

Եթե առաջիկա տարիներին Հայաստանն իսկապես կարողանա սեփական ուժերով վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ ողջ սահմանն ու ապահովի դրա անվտանգությունը, ինչպես մեզ վստահեցնում են իշխանության ներկայացուցիչներն ու վերջիններիս խոսափող փորձագետ-քարոզիչները, ապա դա կփաստի, Հայաստանն իր անկախության պատմության ընթացքում հասել է ինքնիշխանության որոշակի մակարդակի, ինչը չի կարելի թերագնահատել։ Ռուս սահմանապահների դուրս բերումը ողջունելի և կշռադատված որոշում կլինի այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը դրա դիմաց առաջիկայում ստիպված չլինի չափազանց ծանր գին վճարել։

Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից առավել առանցքայինը հայ-իրանական սահմանային անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումն է, որտեղ հաջորդ տարվա սկզբից հսկողություն են իրականացնելու բացառապես հայ սահմանապահները։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Երևանի և Մոսկվայի միջև նման պայմանավորվածություն է ձեռք բերվում Թուրքմենստանում հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին հանդիպումից ընդամենը 3 օր առաջ, ուստի այս ֆոնին տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու է ռուսական կողմը համաձայնել, որ իր սահմանապահները դուրս բերվեն հայ-իրանական սահմանային անցակետից։

Քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներն այս համատեքստում առաջ են քաշում 2 հիմնական վարկած․

Դրանցից առաջինով Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր արևմտյան գործընկերների [վարկածի կողմնակիցներն օգտագործում են ավելի կոպիտ՝ «տերերի» ձևակերպումը—Դ․Գ․] պարտավորություն է ստանձնել հնարավոր ամենասեղմ ժամկետներում հասնել ՀՀ-ից, այդ թվում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմաններից, ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը, իսկ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով թուլացած Ռուսաստանը ստիպված է եղել բավարարել հայկական կողմի այս ցանկությունը։ Վերջիններիս պնդմամբ՝ սա առավելապես բխում է ԱՄՆ-ի շահերից, քանի որ Վաշինգտոնը ձգտում է իրագործել «Միջին միջանցք»-ի ռազմավարական ծրագիրը, որի նպատակով էլ խրախուսում է Հայաստանի իշխանություններին հրաժարվել ՌԴ-ի ռազմական ներկայությունից։

Մյուս վարկածով՝ Ռուսաստանը ձգտում է ամեն կերպ սիրաշահել Իրանին և վերջինիս վստահության չափազանց լուրջ ժեստ կատարել, քանի որ վերջինս աշխարհաքաղաքական առումով հայ-իրանական սահմանի վերահսկողությունը վստահում է ոչ թե Երևանին, այլ հենց Թեհրանին։ Իրանական կողմին նման լուրջ զիջում կատարելով՝ Մոսկվան, բնականաբար, ակնկալում է Թեհրանից որևէ համարժեք բան ստանալ․ փորձագետներից ոմանք կարծում են, որ Ռուսաստանը ձգտում է իրանական արտադրության մեծ հեռահարության գերհզոր բալիստիկ հրթիռներ ձեռք բերել, որոնց կարիքն այսօր Ուկրաինայում չափազանց շատ է զգացվում, մինչդեռ Փեզեշքիանի վարչակազմը, որն իր հերթին ձգտում է կարգավորել հարաբերությունները արևմուտքի հետ, հրաժարվում է դա անել։ Փորձագետները չեն բացառում, որ հայ-իրանական սահմանի վերահսկողությունը Թեհրանին հանձնելու գինը կարող է իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումը լինել։

Երկրորդ վարկածն առավել իրատեսական է թվում, քանի որ Պուտինի և Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի առաջին հանդիպումը կայանալու է Թուրքմենստանում սպասվող միջազգային ֆորումի շրջանակներում, չնայած այն բանին, որ հաշված օրեր հետո՝ հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենելու ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Իրանի նախագահը։ Նկատենք, որ երկու առաջնորդներն առաջին անգամ կարող էին հանդիպել հենց այս գագաթաժողովի շրջանակներում և ամենակարևորը՝ Ռուսաստանի տարածքում։ Փաստացի ստացվում է, որ Պուտինն ու Փեզեշքիանը չեն ցանկանում ևս 10 սպասել, ինչը վկայում է այն մասին, որ երկու առաջնորդները չափազանց կարևոր հարցեր ունեն քննարկելու, որոնցից մեկն էլ կարող է լինել վերոհիշյալ «գործարքը»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում, երբ իր հետ կապված որոշումները կայացվում են այլ մայրաքաղաքներում, ու լավագույն դեպքում իրեն տեղյակ են պահում այդ մասին։ Նման իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, ում վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը ոչ միայն շարունակաբար ինքնիշխանության կորուստներ է ունենում, այլև միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի․ ՀՀ-ն ոչ թե մասնակցում է բանակցություններին, այլ բանակցությունները կայանում են հենց իր շուրջ։

Հիշյալ 2 վարկածներից Հայաստանի համար առավել նախընտրելի ու շահավետ կլինի, եթե իսկապես ՌԴ-ն հայ-իրանական սահմանային անցակետի վերահսկողությունը հանձնի իրանական կողմին, որը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունն իր համար կարմիր գիծ է։ Հակառակ պարագայում, եթե ռուս սահմանապահների հեռացումը պայմանավորված լինի արևմուտքի ճնշմամբ, ապա դա անընդունելի կլինի նաև Իրանի համար, իսկ եթե որևէ պարագայում հայ-իրանական սահմանային անցակետում հայտնվեն օտարերկրա ուժեր, ապա դրան կհետևի Իրանի կոշտ հակազդեցությունը, քանի որ Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է՝ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ, իսկ դրանցում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավումն անընդունելի է։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

23:22 Շիրակի մարզում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
21:21 Արագածոտնի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վարորդներից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է․ shamshyan.com
19:00 Թիմակիցները ջուրը գցեցին Սրբուհի Գալյանի տարիների վաստակը
07:07 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. Փաստ
23:15 60 ոչխարը իմ ողջ տարվա եկամուտն է, եթե չփոխատուցեն, ստիպված գնալու եմ․ Նորատուսի բնակիչ
21:12 Տատիկիս վերակենդանացման բաժանմունք չեն տանում, փող են ուզում․ հիվանդանոցից պարզաբանում են
10:24 Համայնքապետարանի ՔՊ-ական աշխատակիցը բնակիչներին պարտադրում է մասնակցել «Եվրաքվեին»․ վերջինիս շփոթված պատասխանը
08:26 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․ Հրապարակ
19:23 Սամվել Ալեքսանյանը փոշմանե՞լ է, թե՞ հաջողակ չէ․ ի տարբերություն կնոջ` նա չմասնակցեց Աննա Հակոբյանի ընթրիքին
22:51 700 մետրի փոխարեն շրջանցում ենք 20 կմ. Նոր Հաճնի կամուրջը 4 ամիս է՝ չի վերանորոգվում