Նամակ էլ կստանաս. ինչու է Բայդենը նամակով դիմել Փաշինյանին ու Ալիևին․ 2 վարկած
copy image url

Նամակ էլ կստանաս. ինչու է Բայդենը նամակով դիմել Փաշինյանին ու Ալիևին․ 2 վարկած

Միտք Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 16:00 23-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հորդորել արագացնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայդենը համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կերաշխավորի երկու երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կվերափոխի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը։

Հատկանշական է, որ Բայդենն իր նամակում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Այստեղ թեպետ ԱՄՆ նախագահը խոսում է փոխզիջումների մասին, այնուամենայնիվ, փորձագետներն ու վերլուծաբաններն ենթադրում են, որ խոսքը բացառապես Հայաստանի կողմից կատարվելիք հերթական միակողմանի զիջումների մասին է, քանի որ Բաքուն, հատկապես 44-օրյա պատերազմում իր հաղթանակից ու Արցախի լիակատար բռնազավթումից հետո, բազմիցս հայտարարել է՝ մտադիր չէ ոչինչ զիջել։

Հայտնի է, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արյդունքներով Բայդենը թողնելու է նախագահի պաշտոնը և աշխարհի թիվ 1 տերությունում նոր վարչակազմ է ձևավորվելու։ Այս համատեքստում հետաքրքրական է, թե ինչու է ԱՄՆ հեռացող նախագահը, ում պաշտոնավարմանը 3 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել (ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին), ինչու գերջանքեր գործադրում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն՝ խոստանալով, որ իր վարչակազմն առաջիկայում կողմերին նոր առաջարկներ կներկայացնի, որոնք կօգեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն։

Թեպետ Բայդենի կողմից Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ուղղված նամակներում բովանդակային առումով արտասովոր ոչինչ չկա և դրանցում արտացոլվել է պաշտոնական Վաշինգոտնի դիրքորոշումները, այնուամենայնիվ քաղաքական և փորձագիտական դաշտում առաջ է քաշվում 2 հիմնական վարկած, թե ինչու է ԱՄՆ հեռացող նախագահը որոշել նոր թափ հաղորդել այս գործընթացին․

Առաջինը՝ ԱՄՆ գործող նախագահը ցանկանում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում նախորդ 4 տարիներին իր վարչակազմի ներդրած ջանքերը հասնեն իրենց տրամաբանական ավարտին և պատմության մեջ հենց ինքը մնա այն նախագահը՝ այլ կերպ ասած համաձայնագրի ճարտարապետը, ում օրոք այն հաջողվեց ի վերջո կյանքի կոչել։ Հատկապես 2022-ի փետրվարին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը հավաքական Արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի համար, յուրօրինակ կարևորություն ստացան, և այժմ Բայդենը ձգտում է ամեն գնով գործընթացը քաղաքականապես կապիտալիզացնել։

Մյուս կողմից էլ Բայդենը գիտակցում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Քամալա Հարիսի վարչակազմերի համար, ուստի գերջանքեր է գործադրում, որպեսզի իր օրոք գործադրված ջանքերի արդյունքում դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եթե անգամ Բայդենի վարչակազմի ջանքերով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը չտապալվի, ապա Թրամփի կամ Հարիսի օրոք դրանց իրագործումը նկատելիորեն կդանդաղի, ինչը ԱՄՆ գործող նախագահը ձգտում է թույլ չտալ։

Բացի այդ, եթե Բայդենի վարչակազմին հաջողվի մինչև նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունները ապահովել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչն անիրատեսական է թվում, ապա այն դրական ազդեցություն կունենա դեմոկրատների վարկանիշի վրա և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հեշտությամբ կստանա հայ համայնքի ներկայացուցիչների մի զգալի մասի ձայները։

Երկրորդ վարկածը Հայաստանի և հայ ժողովրդի համար լավատեսական ոչինչ չի խոստանում։ Մասնավորապես, դիվանագիտության պատմության մեջ ընդունված է, որ համաշխարհային առաջնորդները պետության ղեկավարներին նամակներ են գրում, որպեսզի դրանցով զգուշացնեն այն վերահաս աղետի մասին, որը սպասվում է տվյալ երկրներին, իսկ հետագայում արդեն՝ աղետից հետո, վերջիններիս առաջ գոնե պարզերես լինեն՝ ասելով, որ իրենք ամեն ինչ արել են դա թույլ չտալու համար, սակայն չի հաջողվել։ Դատելով Բաքվի հռետորաբանությունից և շարունակաբար գործընթացը փակուղի մտցնելու միտումներից՝ կարծում ենք, որ ԱՄՆ հեռացող նախագահը նույնպես գիտակցում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը գոնե տեսանելի ապագայում անիրատեսական է, ուստի իրեն ու իր վարչակազմին այս կերպ ձգտում է զերծ պահել Ադրբեջանի հետագա քայլերի, մասնավորապես ՀՀ-ի դեմ ծրագրվող ագրեսիայի համար պատասխանատվությունից։

Այսպիսով՝ կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սեփական շահերից ելնելով, ձգտում է այս հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն հենց իր պաշտոնավորման օրոք ավարտին հասցնել, սակայն գիտակցում է, որ դա իրեն չի հաջողվելու։ Վաշինգտոնը միայն Ալիևի ռեժիմի դեմ իրական և ազդեցիկ պատժամիջոցներ սահմանելու ճանապարհով Ադրբեջանին կարող է պարտադրել անհապաղ խաղաղության պայամանագիր ստորագրել, սակայն հաշվի առնելով վերջին տարիներին ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից այդ երկրի շարունակաբար մեծացող կարևորությունը, հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խորացող լարվածության համատեքստում, մեզ թույլ կտանք պնդել, որ նման բան տեղի չի ունենա, հետևաբար առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր անունը կրող փաստաթուղթ չի ստորագրվի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված