ՔՊ-ական պաշտոնյաները շարունակում են անպատասխանատու, անհաշվենկատ ու վտանգավոր հայտարարություններ անել, ստեղծելով սոցիալական, անվտանգային ռիսկեր։ «Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները»։ Այս մասին այսօր՝ ուսուցչի օրվա առիթով հղված ուղերձում ասել է ԿԳՄՍ նախարարը։
Տեսակետ կա, թե այս արտահայտությունը վտանգավոր է, քանի որ դրա հետևանքով կարող են այլասերվել երեխաների պատկերացումները հասարակության, հայրենիքի, գիտության, աշխարհի, Աստծո մասին, և մարդիկ կարող են ձեռք բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ավելին՝ այս մոտեցումը կարող է հանգեցնել ազգային անվտանգային ռիսկերի։
Հայտնի է, որ հոգևոր ընդհանրություն ապահովող բարոյախոսական ուսմունքներում, կրոններում կարևոր է համարվում առաքինությունը, որպես մարդու և հասարակության հոգեկան առողջությունն ապահովող կարևոր հատկանիշի։ Սահմանվում են պատվիրաններ, խրատներ, խորհուրդներ, որոնք մարդուն պահում են առաքինության մեջ։ Հստակեցվում են, թե ինչն է լավ և ինչն է վատ, բարի կամ չար, ինչ չի կարելի անել և ինչն է խրախուսելի։ Այս սահմանումների առանցքում դրվում են արժեքներ, որոնցից բխվելով սահմանվում են օրենքները, որոնցով էլ սահմանվում և ապահովվում են պետական կարգ ու կանոնը։ Այս ամենն՝ օրենքները, կանոնները, նորմերը, ըստ էության արգելքներ են։ Առանց դրանց՝ գոյություն չունի ոչ մի պետություն, նույնիսկ՝ ցեղ։
Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքում պարզ նշված է, թե ինչ է հանցանքը, որ արարքների դեպքում է մարդը ենթակա պատասխանատվության։ Այսինքն՝ դրվում են արգելքներ։ ՔՊ-ական իշխանությունը նույնիսկ պայքար է հռչակել քրեական ենթամշակույթի դեմ, որը սկսվում է հանցագործ կյանքի մասին խոսակցություններով, պատմություններով։ Եվ եթե դպրոցում արգելված խոսակցություններ չկան, ապա կարո՞ղ են ուսուցիչներն աշակերտների հետ դպրոցում խոսել գողության, թմրամոլության, պոռնկության, մարդասապանության մասին ոչ միայն որպես մերժելի և վատ բաների, այլև քննարկել դրանք որպես դրական, շահավետ, հաճելի, ռոմանտիկ արարքներ։ Միայն պատկերացնելը ցնցում է առաջացնում։
Հետագայում այդ քաղաքացին, ում համար չկան արգելված խոսակցություններ, կարող է հոգեկան խնդիրներ ձեռք բերել, այլասերվել, հանցագործ դառնալ, քանի որ կարող է կասկածի տակ առնել բարոյական նորմերը, օրենքները, մարդու իրավունքները, և անվարան խախտել, ոտնահարել դրանք։
Դրանից զատ՝ կան գիտական ճշմարտություններ, քաղաքական ռեալություններ, որոնք չի կարելի արհամարհել։ Օրինակ՝ քաղաքական ռեալություն է, որ Հայաստանն անկախ է։ Այս ճշմարտությունն անտեսելը կամ կասկածի տակ դնելն ու այլ խոսույթ զարգացնելը ոչ միայն անլուրջ է, այլև վտանգավոր։ Իսկ եթե այդպիսի ռիսկային բան է արվում դպրոցում, ապա պատանու, դեռահասի պատկերացումները շրջապատող աշխարհի մասին խճճվում են, դառնում քաոսային։
Օրինակ՝ եթե արգելված խոսակցություններ չկան, ապա կարելի՞ է ասել, որ Հայաստանն անկախ չէ, ռուսական կամ թուրքական գաղութ է, կարելի՞ խոսել Հայաստանը թշնամիներին հանձնելու մասին, քննարկել, թե ինչ կշահի ժողովուրդը, եթե հրաժարվեն անկախությունից, բացեն քաղաքի դարպասներն ու ներս թողնեն թշնամուն, սպասարկեն թշնամու քաղաքական օրակարգը և այլն։ Այսպիսի խոսակցությունները նորմալ երկրներում արգելված են, որովհետև կարող են հիմնովին այլասերել դեռահասի պատկերացումները պետության, անկախության, ժողովրդի ազատության, արժանապատվության մասին։ Իսկ եթե մարդկանց մեծ մասը նորմալ համարի այսպիսի խոսակցությունները, ապա կունանանք դավաճանների բանակ, որոնք առանց վարանումների, խղճի խայթի՝ կարող են գործել պետության, հայրենիքի դեմ, ի շահ զավթիչի։
Հետևաբար՝ եթե դպրոցում աշակերտներն, այնուհետև՝ հանրության մեծ մասը կասկածի տակ առնեն օրենքներն ու նորմերը, քաղաքական ու գիտական ռեալությունները, ապա ոչ միայն հանցագործությունը գլուխ կբարձրացնի, այլև ազգային դավաճանությունը կարող է դառնալ սովորական բան ու կործանել ազգային ձեռքբերումները։
Միջնադարում Հռոմեական կայսրության ազդեցության երկրների հանրակրթական ծրագրում ընդգրկված էր 7 առարկա։ Դրանից մեկը կոչվում էր «Հարմոնիա», որի դասընթացում ուսումնասիրում էին ոչ միայն երգ, երաժշտություն, այլև հասարակության, բնության, աշխարհի, Աստծո հետ ներդաշանակության բանալիները։ Այս առարկան այսօր էլ դասավանդվում է բազմաթիվ երկրների բուհերում, հատկապես՝ հումանիտար ֆակուլտետներում։
Մարդկության դարավոր փորձով ապացուցված է, որ սովորողներն առաջ են գնում երբ հասնում են ներդաշնակության։ Օրինակ՝ բնական գիտությունների գծով առաջ գնալու համար անհրաժեշտ է, որ մարդը ներդաշնակ լինի բնության հետ։ Քաղաքականության մեջ առաջ գնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է հասարակության, աշխարհի հետ ներդաշանակությունը։ Ակտիվ քաղաքացի լինելու, քաղաքացիական պատասխանատվության գիտակցում ունենալու համար անհրաժեշտ է ներդաշանակությունը բնության, հասարակության, պետության հետ։ Հոգևոր ոլորտում առաջընթացի համար պահանջվում է ներդաշնակություն Աստծո հետ։ Ի վերջո՝ ներդաշնակությունը վահան է, որը պաշտպանում է մարդուն հոգեխանգարումներից։ Ներդաշնակության հասած և հոգեպես ամուր մարդն է ունակ առաջընթացի։ Այս առումով՝ ակնհայտ թյուրիմացություն է կարծելը, թե եթե արգելված խոսակցություններ ու փակ դռներ չլինեն, ապա սովորողներն առաջ կգնան։
Թաթուլ Մկրտչյան