Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը երկրի անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է: Այս մասին Սիմոնյան ասել է այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած զրույցում՝ իր ասածը հիմնավորելով այն հանգամանքով, որ իրենց իշխանության օրոք Ադրբեջանի հետ սահմանի ավելի քան 12 կմ-ն սահմանազատվել է ու այդ հատվածում այլևս վեճեր չեն առաջանում։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը նախքան նման հայտարարությամբ հանդես գալը պետք է անկախության պայքարի առաջնորդին (նկատի ունի իրեն-խմբ.) հարցներ ու ճշտեր խոսքերի համարժեքությունը։ Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանի լրագրողական գործունեության շրջանից սկսած վերջինիս հետ շփումներ ունեցել է, ուստի ԱԺ ներկայիս նախագահը իրենից կարող էր իր հարցերի պատասխանը ստանալ.
«Ամեն ազգ չէ, որը անկախության պայքարի առաջնորդներ է ունենում, որոնք կենդանի են՝ իրենց կողքին, ուստի ճիշտ կլիներ, որ հարցներ իր վերաբերմուքն ու տեսակետը՝ այդ հարցում սեփական կարծիքը հայտնելուց առաջ։ Թե ուրիշ հարցեր ունեն՝ օրինակ նարկոտիկի օգտակարությունը և այլն, այդտեղ կարող էր որպես մասնագետ ինձ չհարցնել, բայց անկախության հարցում, կարծում եմ, որ առողջ կլիներ և հանրության կողմից էլ ողջունելի կլիներ, եթե ինքը լսեր այլոց կարծիքը այդ գործընթացի վերաբերյալ, մասնավորապես անկախության պայքարի միջազգայինորեն ճանաչված առաջնորդի կարծիքը»։
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ՀՀՇ-ական իշխանության ներկայացուցիչները կարող են հայտարարել, որ կյանքի են կոչել իր ծրագիրը, անկախության հանրաքվեի միջոցով իրագործեցին ամենուրեք, այդ թվում 18 տարի շարունակ բանտերում թևածող անկախության ծրագիրը։ Նա նշում է, որ դրանից հետո Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ու անգամ թշնամիների համար շատ դժվար է արդեն արված քայլերում ինչ-որ բան փոխել, իսկ ավելացնելու մասով էլ դժվարանում է ասել։
«Անկախությունն ամրագրվում է նախևառաջ իրավական ճանապարհով՝ միջազգային իրավունքին ենթակա դառնալով, հետո արդեն գործնական-առարկայական քայլերով, ոչ թե աշխարհից մեկուսանալով, այլ հնարավորինս շատ դաշնակիցներ ձեռք բերելով։ Ես չեմ կարծում, որ այդ ուղղությամբ այս իշխանությունները կարողացել են որևէ քայլ կատարել։ Տեսեք, գիտականորեն եմ ասում՝ միջազգային իրավունքին ենթակա դարձել էինք մինչև իրենց, բոլոր միջազգային կարևոր ու անկարևոր կառույցների անդամ դարձել էինք, իրենց օրոք ոչ մի նոր միջազգային կառույցի անդամ չենք դարձել, և երկրորդը դաշնակիցների թվի ավելացումն է. բոլոր պետությունները միմյանցից կախվածության մեջ են, եթե ունենում են շատ դաշնակիցներ, իրենց կախվածությունը փոքրանում է։ Այս ուղղությամբ նույնպես քայլեր չեն ձեռնարկվել։
Ալեն Սիմոնյանը գուցե բանակի հզորացումը նկատի ունի կամ ձեռք բերված ռազմական հաղթանակները, նման հաղթանակներ չկան, տնտեսական հաղթանակներ՝ չկան, քաղաքացուն երկրի տերը դարձնելու ոլորտում, որը անկախության, պետականության կարևորագույն քայլն է, այդտեղ նույնես առաջընթաց չկա, Սահմանադրություն նույնպես քաղաքացիների իշխանությունն ավելացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, միայն խեղկատակություններ, խոստումներ, ձախողումներ։ Աշխարհի ոչ մի երկրում սահմանադրական բարեփոխումներ չեն սկսել և 4 տարի հետո ասել, որ հիմա նոր Սահմանադրություն ենք ընդունելու, այդպիսի բան չի եղել։ Այնպես որ՝ ցավում եմ Ալեն Սիմոնյանի համար»,- շեշտում է նա։
ԱԻՄ առաջնորդի համոզմամբ՝ շատ պարզ է, թե ինչ նպատակ են հետապնդում գործող իշխանությունները, երբ նման հայտարարություններով են հանդես գալիս. «Երբ որևէ բարձր ազգային նպատակ կա դրված, որը քոնը չի, և հետո դու զգում ես, որ սխալվել ես՝ դրան հակադրվելով, փորձում ես դա քոնը դարձնես։ Անկախությունը համարում եմ որևէ ազգի բարձրագույն արժեքը, որովհետև անկախությունը միայն նպատակ չէ, այն նաև գործիք է, միջոց է։ Անկախություն նշանակում է պետություն, իսկ պետությունը որևէ ազգի ամենամեծ և ընդգրկուն կազմակերպությունն է և պետություն ունենալով է ազգը ազգ դառնում։
Հիմա քանի որ սրանց բոլոր փուչիկները պայթել են, մտածում են կառչեն մի բանից, որը արժեք է, մի կեպս քսմսվեն, կպնեն անկախության, բայց փոքրիկներին կարող եմ ասել, որ անկախությանն առնչվելու համար պետք է ժամանակին լինեին ԱԻՄ-ի կողքին, իսկ երկրորդ փուլում էլ լինեին այն 15 քաղաքական ուժերի թվում, որոնք ասում էին, որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը դա համադարման է։ Ո՛չ այնտեղ են եղել, ո՛չ այստեղ կան, ո՛չ էլ նախկինների նման ժամանակի ընթացքում սովորելու ունակություն ունեն։
Ուրիշի ձեռքբերումներին կառչելիս՝ պետք է նշես, որ գնահատում ես նրանց, բայց դուք նկատե՞լ եք, որ Հանրային հեռուստաընկերությամբ կամ որևէ այլ տեղով հնչեն անկախականների երգերը, իսկ մյուս ազգերը չունեն նման երգեր։ Ավելին ասեմ՝ Ուկրաինայի հերոս Վասիլի Ստուսը ասում էր, որ իրենք չհասան այն մակարդակին, որին հայեր են հասել, քանի որ հայերը նաև պայքարն ուղեկցող երգեր ունեն»։
Պարույր Հայրիկյանը հավելեց, որ աշխարհում ընդունված է, որ անկախության գաղափարի ու ծրագրի հեղինակներին հիշեն և ներկայացնեն հանրությանը։ «Հիմա ավելին՝ իրենք տոնի անունը փոխեցին, ինքնորոշման տոնը դարձրեցին անկախության օր։ Այ եթե այս իշխանությունները փոխեին ու ասեին, որ մեր անկախության օրը եղել է մայիսի 28-ը, իսկ սեպտեմբերի 21-ը մեր ազգային ինքնորոշման օրն է, ես կասեի, որ նպաստել են անկախության ամրապնդմանը։ Իրենք իրականում մտածեցին, այս ու այն կողմ գնացին, տեսան, որ անկախությունը բարձրագույն արժեք է ու կառչեցին դրանից»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան