Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:30 25-09-2024

Հարիսի հայտարարությունը նախընտրական ուղերձ էր․ ԱՄՆ-ն շահագրգռված չէ արցախցիների վերադարձով․ Հակոբ Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ Արցախից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Նա ասել էր նաև, որ շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման ջանքերում:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ Հարիսի հայտարարությունը նախընտրական ուղերձ էր՝ հայ համայնքին, որը փաթեթավորվել էր անկախության տարեդարձի օրվա շնորհավորանքով։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն արցախցիների վերադարձի հարցում ոչ մի շահագրգռվածություն չունի, իսկ Հարիսի հայտարարությունը պարզապես հայկական համայնքին հղված նախընտրական տրամաբանությամբ ուղերձի շրջանակներում էր, ոչ ավելին։

Oragir.News-ի հարցին, թե ցանկության դեպքում ԱՄՆ-ն ինչպե՞ս կարող է նպաստել արցախցիների վերադարձին՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման ցանկության առկայության դեպքում նախևառաջ պետք է գնահատական տրվում Արցախում կատարվածին, որի հիման վրա էլ կազմակերպվի արցախցիների վերադարձը․

«Այսինքն՝ պետք է հասկանալ, թե ինչու են արցախցիները հեռացել Արցախից, ինչն է նրանց ստիպել հեռանալ և արդեն այդ գնահատականի հիման վրա պետք է կառուցվի նրանց վերադարձի տրամաբանությունը։ Եթե նրանք կամովին փորձել են դուրս գալ Արցախից, Ադրբեջանը փորձել է նրանց համոզել, որ մնան Արցախում, բայց արցախցիները դուրս են եկել իրենց հայրենիքից՝ սա մի հարց է։ Բայց մենք գիտենք, որ արցախցիները պարզապես իրենց կյանքը փրկելու համար են հեռացել Արցախից, այսինքն՝ ենթարկվել են էթնիկ զտման ու բռնի տեղահանման։ Հետևաբար, երբ խոսում ենք այդ վերադարձի մասին, ապա դրա հնարավորությունները քննարկելու համար պետք է հասկանալ պատճառը՝ ինչու են նրանք տեղահանվել»։

Քաղաքական մեկնաբանը նշում է՝ երբ ԱՄՆ-ն կսկսի առարկայորեն խոսել Արցախում տեղի ունեցածի պատճառի մասին, այդ դեպքում մենք կկարողանանք ավելի ստույգ գնահատել՝ դրանք պարզապես հայտարարություննե՞ր են, թե՞ քաղաքականության մեկնարկի տրամաբանական նշան։ Նրա խոսքով՝ առայժմ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ մնացած բոլոր ուժային կենտրոնները, Արցախում կատարվածին գործնականում գնահատական չեն տվել ու չեն համարել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում․ «Հետևաբար՝ եթե այդ գնահատականը չկա, ապա մնացած խոսակցությունները՝ վերադարձի իրավունքի մասին և այլն, սրանք պարզապես հաճելի խոսքեր են, որոնք նախագահի թեկնածու Հարիսն ուղղում է ամերիկահայ համայնքին՝ ակնկալելով, որ այդ խոսքերն իր համար կապահովեն համայնքի ձայները»։

Oragir.News-ի հարցին, թե ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են ազդել այս հարցում պաշտոնական Վաշինգոտի դիրքորոշման վրա՝ քաղաքական մեկնաբանը պատասխանեց, որ մեծ հաշվով այս հարցում քաղաքականությունը շարունակվելու է՝ անկախ նախագահի անձից։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ԱՄՆ-ի նպատակը միջին միջանցք ստանալն է, որը անցնում է Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։

«Իրենք այդ առնչությամբ իրենց մոտեցումները շատ պարզ արտահայտել են, և այս տեանկյունից բխում է նաև որոշակի պատասխան․ եթե ռազմավարական նպատակը դա է, ապա արդյոք Միացյալ Նահանգները պատրա՞ստ է այդ նպատակը կասկածի տակ դնել՝ էապես կամ լրջորեն զբաղվելով արցախցիների վերադաձի հարցով։ Հասկանում ենք, որ Ադրբեջանն այս հարցում առաջ է քաշելու իր հայտնի պայմանները, ուստի ԱՄՆ-ն կա՛մ այդ վերադարձը տեսնելու է բացառապես Ադրբեջանի պայմաններով, կա՛մ էլ, ինչպես արդեն նշեցի, սա ընդամենը նախընտրական իրավիճակից բխող հայտարարություն է»,- շեշտում է նա։

Հակոբ Բադալյանը հավելեց՝ անձամբ համոզված է, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, և սա բացառապես նախընտրական հայտարարություն է։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում