Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով ընթացող բանակցություններում տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը առաջ է քաշում ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ քանի դեռ այն տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Պաշտոնական Երևանը թեպետ հայտարարում է, որ սա իր ներքին գործն է, սակայն գործնականում չի հրաժարվում Բաքվի այս պահանջը կատարելուց՝ հույս ունենալով, որ վերջինս գոնե դրանից հետո գործընթացը փակուղի չի մտցնի։
Ներհայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակները նախորդիվ բազմիցս են համոզմունք հայտնել, որ Հայաստանի մայր օրենքը փոխելու պահանջով Ադրբեջանը նպատակով ունի Արցախի հարցը երկարաժամկետ հեռանկարում փակել և թույլ չտալ, որ ՀՀ հաջորդ իշխանությունները փորձեն վիճարկել Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումները, մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, դրա իրավական հիմնավորումները։ Այլ կերպ ասած Բաքուն ձգտում է ոչ միայն լեգիտիմացնել Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, այլև երկարաժամկետ հեռանկարում թույլ չտալ, որ այն կրկին իր համար անցանկալի խնդիրներ ստեղծի։
Օրերս Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի արտաքին քաղաքականության վերլուծության բաժնի ղեկավար, դոկտոր Ջավիդ Վելիևը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունում «Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինչո՞ւ պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որում խոստովանել է թուրք-ադրբեջանական տանդեմի իրական մտահոգությունները․
Վելիևն ընդգծել է, թե իբր ՀՀ Անկախության հռչակագիրը, որին մեր երկրի մայր օրենքն իր նախաբանում հղում է կատարում, «Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքը՝ Ղարաբաղը» ճանաչում է որպես Հայաստանի տարածք՝ հիշեցնելով որ հռչակագիրը հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ «Հայաստանը տարածքային պահանջներ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի նկատմամբ»՝ նշելով, որ Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածը ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններն անվանում է Արևմտյան Հայաստան։ Նա հենց այս իրողությամբ է պայմանավորում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, քանի որ հայկական կողմն առ այսօր հրաժարվում է 1921 թվականի Կարսի պայմանագիրը ճանաչել, որով ձևավորվել են հայ-թուրքական ներկայիս սահմանները։
Հոդվածի հեղինակն անթաքույց գոհունակություն է հայտնում, որ Փաշինյանի իշխանությունն ի վերջո ընդունել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, թեպետ վերջինս հայտարարում է, որ դա ՀՀ-ի ներքին գործն է։ Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը մայր օրենքը փոխելու հարցում իր սեփական հաշվարկները ունի, որովհետև Հայաստանի ընդդիմությունը կարգավորման գործընթացում Փաշինյանի ձեռնարկած ցանկացած քայլ օգտագործում է վերջինիս դեմ՝ որպես «մարտական միջոց»։
Այնուհետև թուրք փորձագետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը փորձել է հիմնավորել՝ առաջ քաշելով «3 հիմնավոր պատճառ»․
Ըստ նրա՝ Արցախյան բոլոր պատերազմները տեղի են ունեցել այն պատճառով, որ Հայաստանը «հրաժարվում էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», իսկ այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների տրամաբանությունն այն է, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա կարծում է, որ «եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի՝ խաղաղության պայմանագիրը կհամարվի իրավաբանորեն անվավեր․ «Այսինքն՝ համաձայնագիրը, որը ստորագրվել է մի երկրի հետ, որն իր Սահմանադրությամբ տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ, չի կարող իրավաբանորեն վավեր լինել»։
Վելիևի առաջ քաշած «2-րդ հիմնավոր պատճառը Թուրքիայի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են»։ Նա նշում է, որ թեպետ 2010 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դա արեց որոշակի վերապահումներով։ Նրա խոսքով՝ դրանից հետո Հայաստանը «Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային», ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից չհրաժարվեց, ինչի հետևանքով «կարգավորման գործընթացն արդյունք չտվեց»։ Վերջինս կարծում է, որ եթե Ադրբեջանի հետ ստորագրված խաղաղության պայմանագրի սահմանադրականությունն էլ ՍԴ-ն վերապահումով ճանաչի, ապա այս կարժանանա Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրին։
Ադրբեջանցի փորձագետի ներկայացրած 3-րդ պատճառը մեր դիտարկմամբ ամենագլխավորն է, և այն ամենից շատն է անհանգստացնում Անկարային և Բաքվին։ Վերջինս խոստովանում է՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, ապա տարիներ անց ՀՀ-ում կարող է «ազգայնական և ռեվիզիոնիստական» իշխանություն ձևավորվել, որը կարող է դիմել ՍԴ և խզել խաղաղության պայմանագիրը՝ պնդելով, որ այն հակասում է երկրի մայր օրենքին։ Նա շեշտել է, որ «նման իրավիճակներից խուսափելու համար ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի»՝ պնդելով, որ «այն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև խաղաղության պայմանագրի իրավական նորմը»։
Այսպիսով՝ թուրքական պետական լրատվական գործակալությունում հրապարակված այս հոդվածն ամբողջովին ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական տանդեմի մտահոգություններն ու վախերն, որոնց մասին հայ փորձագետները տևական ժամանակ զգուշացնում են։ Ըստ էության Անկարայում և Բաքվում գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերից մի օր հեռացվելու է իշխանությունից, իսկ հաջորդ իշխանություններն առաջնորդվելու են ոչ թե իրենց նեղ անձնական ու խմբային, այլ Հայաստանի Հանրապետության պետական շահերով, ուստի այժմ ձգտում են օգտվել իրենց ընձեռնված պատմական հնարավորությունից, հայկական կողմից կորզել առավելագույնը, ինչպես նաև մեկընդմիշտ փակել Արցախի հարցը։
Բացի այդ, այս հոդվածը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ շատ լավ գիտակցում է, որ առանց իր հետագա գործողությունները կաշկանդող պայմանագիր ստորագրելու էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք կարող է հասնել իր բոլոր պահանջների բավարարմանը։ Այս իրողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռացվի իշխանությունից, քանզի նա ոչ միայն չի կարողանում դիմագրավել սեփական կառավարման հետևանքով ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին, այլև յուրաքանչյուր օր իր գործողություններով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է ստեղծում մեր երկրի ֆիզիկական գոյության համար։
Դավիթ Գույումջյան