Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները հայտնում են, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենա նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ «Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի բազմաթիվ առաջնորդների հետ՝ նրանց մեծ մասին ընդունելով Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»»,-հայտնում է թուրքական ԶԼՄ-ն։
Հիշեցնենք, որ Փաշինյանը և Էրդողանը վերջին անգամ հանդիպել են 2023 թվականի հունիսի 3-ին՝ Անկարայում, որտեղ Հայաստանի կառավարության ղեկավարը մասնակցում էր Թուրքիայի առաջնորդի երդմնակալության արարողությանը։ Այս տարվա հունիսի 18-ին Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում կողմերն անդրադարձել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև շնորհավորանքներով փոխանակվել Վարդավառի և մուսուլմանների Զոհաբերության տոնի կապակցությամբ։
Oragir.News-ը թյուրքագետ Նելլի Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Նյու Յորքում կայանալիք Փաշինյան-Էրդողան հանդիպումից։ Ի պատասխան՝ թյուրքագետը նշեց, որ նախքան այս հանդիպումը շատ հետաքրքիր էին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցելությունները՝ Ռուսաստանի Դաշնություն, հետո՝ Ադրբեջան․
/Նելլի Մինասյան, թյուրքագետ/«Այսինքն՝ այս այցերը կարելի է դիտարկել այն համատեքստում, որ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում 2 երկների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Այստեղից արդեն կարելի էր եզրակացնել, որ թուրքական կողմը կգնա ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով․ սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Այս ֆոնին Փաշինյան-Էրդողան հանդիպումը սպասելի է, մանավանդ, որ մենք տեսնում արևմուտքից Թուրքիայի նկատմամբ գործադրվող ճնշումները, որպեսզի վերջինս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Կարծում եմ՝ նման իրավիճակում երկու կողմերն էլ հանդիպման հնարավորությունը բաց չէին թողնի՝ իհարկե տարբեր նպատակներ ու շարժառիթներ ունենալով»։
Նելլի Մինասյանի համոզմամբ՝ վաղ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման մասին, որովհետև իր հիշատակած 2 պայմանավորվածությունները [
ձեռք են բերվել 2022-ի հուլիսի 1-ին-խմբ․] չեն վերաբերում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա չի բացառում, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կոնկրետ ժամկետներ կսահմանվեն, թե հիշյալ 2 միջանկյալ պայմանավորվածությունները երբ կյանքի կկոչվեն, ինչը կլինի առավելագույնը, որն այս պահին կարող ենք ակնկալել։
Թյուրքագետը չի կիսում այն պնդումները, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, ինչի պատճառով էլ Թուրքիան ձգձգում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը․
«Սահմանազատման հանձնաժողովները կարծես թե ինչ-որ պայմանավորվածությունների եկել են, երկու կողմն էլ նշում է, որ պայմանագրի տեքստը 80 տոկոսով պատրաստ է։ Այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ գործընթացներ ու արդյունքներ այնուամենայնիվ կան, բայց ես կարծում եմ, որ դա Թուրքիայի համար մանևրելու հնարավորություն է, որովհետև Անկարան ունի իր սեփական շահերն ու հետաքրքրությունները, իսկ այս համատեքստում Ադրբեջանը ոչ թե պատճառների մեջ է մտնում, այլ Արցախյան պատերազմը հայ-թուրքական սահմանը փակելու ու հետագայում հարաբերությունների կարգավորումը հակամարտության լուծման հետ պայմանավորելու առիթն է եղել։ Թուրքիան այսօր էլ ունի իր ակնկալիքներն ու շահերը, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները նաև աշխարհաքաղաքական գործոնների մաս են կազմում, իրենց վրա կրում են այդ ազդեցությունը, իսկ Թուրքիան այդ գործընթացից նույնպես փորձում է իր օգտին ինչ-որ կարևոր զիջում ստանալ։ Ուստի ճիշտ չի լինի եթե ասենք, որ միայն Ադրբեջանի գործոնով է պայմանավորված, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց չկա»։
Անդրադառնալով Հայաստանից Թուրքիայի պահանջներին՝ Մինասյանը շեշտում է, որ թուրքական կողմի պահանջները բավականին բազմաշերտ են, և ժամանակի ընթացքում Անկարայից տարբեր նախապայմաններ են հնչել։ «Եթե այսօրվա համատեքստում ասենք, ապա Թուրքիայի գերագույն նպատակը Հարավային Կովկասում ազդեցության ավելի մեծ լծակների հասնելն է, Հայաստանն էլ՝ այդ համապատկերում։ Մյուս երկու պետությունների հետ ինքը կարողացել է որոշակի հարաբերություններ հաստատել ու որոշակի ազդեցության հասնել՝ Հայաստանի հետ կապված այլ՝ ճնշման քաղաքականությունն է որդեգրել․ ավելի թույլ և տարածաշրջանային իրադարձություններին պասիվ մասնակցություն ունեցող Հայաստան, որի հետ իրենք ավելի հեշտությամբ կհասնեն իրենց նպատակներին»,- կարծում է նա։
Նելլի Մինասյանը հավելեց, որ այս պահին Թուրքիային ամենաշատը հետաքրքրող հարցն Ադրբեջանի հետ ուղիղ կապի ապահովումն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը։
Դավիթ Գույումջյան