Անկախության կանխավարկածը կարող է հրաշք գործել
copy image url

Անկախության կանխավարկածը կարող է հրաշք գործել

Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:30 20-09-2024
Ի՞նչ ասենք այն մարդկանց, որոնց թվում է, թե Հայաստանն անկախ չի, այլ գաղութ ինչ-որ մեկի։ Կամ ի՞նչ ասենք նրանց, որոնք կարծում են, թե անկախությունը կարևոր չի, կարևորը՝ ժողովրդի անվտանգությունը կամ բարեկեցությունն ապահովելն է։ Այսպիսի մոտեցումները վիրավորական են ժողովրդի համար, քանի որ ի ցույց են դնում քաղաքական գործչի՝ իրականության հանդեպ անհամարժեք վերաբերմունքը, որը կարող է քաղաքական մտքի ճգնաժամ առաջացնել և ժողովրդին իրական վնաս պատճառել։ Օգտակար է այն խոսույթը, որը ելնում է անկախության կանխավարկածից։

Դարեր շարունակ կարծրատիպ կար, թե մարդը մեղավոր է ծնվում, հակված է մեղք գործելու, պոտենցիալ հանցագործ է, հանցանք գործելու համար առիթ է հարկավոր։ Միջնադարում մարդուն ներկայացնում էին հանիրավի, անհիմն մեղադրանք, հետո նրանից պահանջում ապացուցել իր անմեղությունը։

Անմեղության կանխավարկածի շնորհիվ ռոմանտիկ հրաշք է տեղի ունեցել աշխարհում։ Եթե նախկինում մարդն ի սկզբանե համարվում էր մեղավոր, ապա Անմեղության կանխավարկածով՝ մարդն ի սկզբանե համարվում է անմեղ։ Մարդուն հանցանքի մեջ չեն կասկածում առանց հիմքի, հանիրավի, նրան չեն ստիպում արդարանալ չկատարած կամ ենթադրյալ հանցանքի համար։ Մեղքն ապացուցելը մեղադրող կողմի խնդիրն է։ Մեղադրանքի անբավարար ապացույցը անպարտ ճանաչելու բավարար հիմք է։

Անմեղության կանխավարկածը քաղաքակրթական նորմ է շատ երկրներում։ Մի քանի տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին ևս ճանաչեց անմեղության կանխավարկածը։

Դարեր շարունակ Հայաստանն անկախ չի եղել։ Զավթիչները դարերով ներշնչել են մեզ, որ Հայաստանը չի կարող անկախ լինել, անկախ քաղաքականություն վարել, ազգային անվտանգությունն ապահովել, սահմանները պաշտպանել, տնտեսություն վարել։ Այսինքն՝ զարգացրել են կախվածության կանխավարկած։ Խոսույթը ձևավորել են այն ելակեից, թե հայ ժողովուրդը միշտ ինչ-որ մեկի սապոգի տակ է եղել ու այդպես էլ շարունակվելու է։ Հայ ժողովրդի մեծ մասն այնքան էր հավատացել այդ անբարոյական քարոզին, որ անկախություն չէր երազում։ Հայաստանի անկախությունը, նույնիսկ, 1988-89 թվականներին շատերին թվում էր անիրականանալի։

Բայց 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը «Այո» է ասել։ Այսինքն՝ դարավոր կարծրատիպը կոտրված է։ Հայ ժողովուրդը հավաքական «Այո» է ասել անկախությանը, Հայաստանը հռչակվել է անկախ։ Տեղի է ունեցել մի բան, որը շատերն անհնարին էին համարում։ Այսինքն՝ հրաշք է տեղի ունեցել։

Հայաստանի անկախությունը ճանաչել են գրեթե բոլոր երկրները։ ՀՀ-ն ՄԱԿ-ի, միջազգային մի շարք կազմակերպությունների լիիրավ անդամ է։ Հայ քաղաքական գործիչները, կուսակցություննները Հայաստանի քաղաքականության վարման տարբեր ծրագրեր ունեն։ Այդ ծրագրերի առանցքում անկախ Հայաստանն է։ Հետևաբար՝ քաղաքական տեքստի, խոսույթի ելակետը կարող է լինել միայն ՀՀ անկախության փաստը։

Անկախության կանխավարկածը նաև նախընտրական գործընթացում հանդիսանում է ազգային-անվտանգային բարձիկ, չեզոքացնում կամ նվազագույնի է հասցնում արտաքին-օտար գրոհները ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա։ Այդ գրոհների արդյունքում ՀՀ-ն էապես նահանջել է անկախությունից բազմաթիվ ասպարեզներում։ Ե՞րբ կսկսվի իրական ռևանշը, և կիրականացվեն անկախության և ժողովրդավարության երկրորդ փուլի բարեփոխումները։

Ենթադրելի է, որ ռևանշը կսկսվի այն պահից, երբ քաղաքական գործիչն ամենուր, ցանկացած տեքստում կառաջնորդվի անկախության կանխավարկածով։ Այս առումով՝ քաղաքական խոսույթում անկախության կանխավարկածի ամրագրումը կարող է հրաշք գործել ճիշտ այնպես, ինչպես Սեպտեմբերի 21-ի հանրաքվեն։

Թաթուլ Մկրտչյան