Ուղիղ եթեր
Վերջին կռիվը՝ Արցախի համար․ հայաթափումից և բռնազավթումից 1 տարի անց
copy image url

Վերջին կռիվը՝ Արցախի համար․ հայաթափումից և բռնազավթումից 1 տարի անց

Ներքին Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 13:30 19-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

1 տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ հարձակման անցան։ Արցախի Պաշտպանության բանակը ավելի քան 1 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում համառ և կատաղի դիմադրություն ցույց տվեց քանակապես իրեն տասնյակ անգամներով գերազանցող և մինչև ատամները զինված թշնամուն, սակայն անհավասար պայմաններում ընթացող պատերազմի ելքն իսկզբանե կանխորոշված էր, ու քաղաքացիական բնակչության շրջանում նորանոր զոհերից խուսափելու համար Արցախի իշխանությունները հաջորդ օրը ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պահանջները և զինադադար հաստատել։

Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի դեմ մնացել էր միայնակ․ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չաջակցեց Արցախի ՊԲ-ին, իսկ հայկական երկրորդ հանրապետության տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները դիտորդի դերում էին և որևէ կերպ չմիջամտեցին Ադրբեջանի գործողություններին։ Սեպտեմբերի 19-ի հարձակմանը նախորդել էր Արցախի ավելի քան 9 ամիս տևած շրջափակումը, որի միջոցով Ադրբեջանը նպատակ ուներ հյուծել հայկական երկրորդ հանրապետության բնակչությանն ու զինված ուժերին, պարտադրել վերջիններիս անձնատուր լինել և սեփական կամքով «վերաինտեգրվել ադրբեջանական հասարակությանը»։

Հաստատապես կարող ենք պնդել, որ Բաքուն իր առնվազն այս նպատակին չկարողացավ հասնել, քանի որ անգամ անհավասար պայմաններում և առանց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցության Արցախի ՊԲ-ն իր վերջին ճակատամարտում համառ դիմադրություն ցույց տվեց իրեն անգամներով գերազանցող թշնամուն և վերջինիս մեծ կորուստներ պատճառեց։ Արցախի բռնազավթումից օրեր անց ադրբեջանական կողմը ստիպված էր խոստովանել, որ 1 օր տևած ռազմական գործողություններում ունեցել է 190 սպանված և 511 վիրավոր։

Ադրբեջանական կողմը դեռևս 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներից տեղեկատվական գրոհ էր սկսել և ամենօրյա ռեժիմով ՊԲ-ին մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի երկայնքով զորքեր կուտակելու մեջ՝ նպատակ ունենալով լեգիտիմ հիմքեր նախապատրաստել իր առաջիկա ագրեսիայի համար, ինչի մտադրությունը չէր էլ թաքցնում։ Նույն շրջանում ադրբեջանական մամուլը պարբերաբար անոնսում էր, որ Բաքուն կարող է Արցախի տարածքում «հակաահաբեկչական գործողություններ» ձեռնարկել։ Արդեն բուն սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն արցախյան կողմին մեղադրեց քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով, իսկ այնուհետև ահաբեկչություն իրականացնելու մեջ, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ էին զոհվել։

Հրադադարի հաստատումից և Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկից օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, Լաչինի միջանցքը միակողմանի բացվեց և ինչպես ակնկալվում էր Արցախի ողջ բնակչությունը հաշված օրերի ընթացքում տեղափոխվեց Հայաստան, իսկ ադրբեջանական վերահսկողության տակ հայնտված Արցախում մնացած հայերի թիվը չէր գերազանցում 2 տասնյակը, հետագայում նրանց մի մասն էլ տեղափոխվեց ՀՀ։ Արցախում ստեղծված առանց այդ էլ հումանիտար ծանր դրությունը և բնակչության շրջանում առկա անկումային տրամադրություններն էլ ավելի խորացան սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով վերջին տվյալներով 218 քաղաքացի զոհվել է, 120-ը՝ վիրավորվել, ևս 21-ն էլ առ այսօր համարվում են անհետ կորած։

Արցախցիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավարար միջոցներ չձեռնարկեց, որպեսզի վերջիններս հեշտությամբ կարողանան ինտեգրվեն հայաստանյան հասարակությանը, ավելին՝ տարբեր միջոցներով սկսեց ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ։ Հիշարժան է հատկապես այս տարվա հունիսի 12-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե, իբր «ընդդիմությունը տեղահանված արցախցիներին 5000 դրամով դրամով օգտագործում է որպես ցույցերի մատերիալ», ինչը փաստում է արցախցիների նկատմամբ կառավարության ղեկավարի իրական վերաբերմունքը։

Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջերս հրապարակեց արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, սակայն բազմաթիվ փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ պնդում են, որ այս ծրագիրը ոչ միայն ի զորու չէ լուծել արցախցիներին բնակարաններով ապահովելու խնդիրը, այլև իրականում միտված է Արցախի բնակչության արտագաղթը խրախուսելուն։ Հիշյալ շրջանակները վերջին պնդումը հիմանավորում են այն հանգամանքով, որ ծրագիրը նախապատվություն է տալիս սահմանամերձ շրջաններին (բնակավայրը որքան մոտ է սահմանին՝ հատկացվող գումարն այնքան ավելի մեծ է), իսկ Արցախում Ադրբեջանի վերջին գործողություններից հետո շատ քիչ թվով արցախցիներ կհամաձայնեն կրկին ապրել սահմանամերձ բնակավայրերում։ Բացի այդ, միջազգային կոնվենցիաները նույնպես արգելում են պատերազմական գոտիներից տեղահանված մարդկանց սահմանամերձ բնակվայրերում բնակեցնել, որտեղ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա։

Հայաստանի կառավարությունն հրաժարվել է նաև արցախցիների հնարավոր վերադարձի օրակարգից և այս հարցն առհասարակ չի բարձրացնում Ադրբեջանի հետ բանակցություններում, ինչի մասին իր վերջին ասուլիսի ընթացքում ընդունեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արցախցիների վերադարձը իրատեսական չի համարում։ Միևնույն ժամանակ Փաշինյանի կառավարության կողմից արցախցիների համար մշակված ցանկացած ծրագրի, այդ թվում բնակարանային ապահովման, հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելու պահանջը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ օրվա իշխանությունները Արցախի բնակչության վերադարձի հարցն ամբողջովին փակել են։

Արցախի բռնազավթման և հայաթափման օրերին ադրբեջանական զինուժը գերեվարեց նաև հայկական երկրորդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ինչպես նաև նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ով ինքնակամ հանձնվեց Բաքվին։ Հիշյալ գործիչներն առ այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում, Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել և դատավարություններ է իրականացնում, իսկ Հայաստանի իշխանությունները, բազմաթիվ փորձագետների պնդմամբ, բավարար ջանքեր չեն գործադրում այս անձանց հայրենադարձումն ապահովելու համար։

Այսպիսով՝ իր հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Արցախն առաջին անգամ հայաթափվեց և ամբողջովին հայտնվեց ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ տեղի ավելի քան 150 հազար բնակչությունը տեղափոխվեց Հայաստան։ Չնայած Հայաստանի իշխանությունները նախորդ մեկ տարում չքմեղանալու բազմաթիվ փորձեր են կատարել և Արցախի անկման մեղքը բարդել բացառապես վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի վրա՝ պնդելով, որ եթե Արցախում իշխանափոխություն չլիներ, ապա վերջին աղետը տեղի չէր ունենա, սակայն վերջիններիս հարկ ենք համարում հիշեցնել, որ Արցախի Հանրապետության տարածքի երեք քառորդն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով (ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը կրկնակի անգամ ավելի քիչ տարածք էր օկուպացրել, քան նա ստացավ այս փաստաթղթով), իսկ հաջորդած տարիներին թշնամին շարունակաբար Արցախի շուրջ օղակը սեղմում էր՝ պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտելով և նորանոր տարածքներ օկուպացնելով։ Բացի այդ, հիշեցնենք, որ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հունիսի 18-ին Oragir.News-ի տաղավարում հայտարարեց, որ Հարությունյանին ՀՀ իշխանություններն են պարտադրել հրաժարական տալ։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի թիմում հաճախ են մոռանում, որ Հայաստանի առաջին ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հենց իրենց վարչապետն է։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից ընդամենը 2 ամիս 6 օր անց՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն շրջափակեց Լաչինի միջանցքը։ Արցախի շրջափակումը, իսկ այնուհետև ադրբեջանական վերջին քայլերը միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականի ու հակազդեցության չարժանացավ, քանի որ Բաքուն պնդում էր, որ գործում է իր միջազգայինորեն ճանաչված տարածքում, որը չի առարկում անգամ պաշտոնական Երևանը։ Նույն Նիկոլ Փաշինյանը թեև Արցախի շրջափակման 9 ամիսներին պարբերաբար ընդգծում էր շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը, սակայն ամեն առիթով վերահաստատում էր, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ինչն էլ ավելի էր վատաթարացնում Արցախում ստեղծված ճգնաժամը։

Չնայած Հայաստանում շատերն այսօր պնդում են, որ հայկական Արցախի էջն այլևս փակված է, այնուամենայնիվ հայ ժողովրդի հազարմյա պատմությունը, որը բազմաթիվ կարծրատիպեր է պնդել, թույլ է տալիս ակնկալել, որ հայկական երկրորդ հանրապետությունն օրերից մի օր կրկին կազատագրվի, իսկ Արցախից բռնի կերպով տեղահանված մեր հայրենակիցները կվերադառնան իրենց բնօրրան։ Արցախը վերստին ազատագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է շենացնել Հայաստանի Հանրապետության տարածքի յուրքանչյուր միլիմետրը, ամրապնդել մեր երկրի պետական սահմանները, քանի որ միայն այդ պարագայում հայ ժողովուրդ կկարողանա դուրս գալ ներկայիս հիասթափության և ապատայի շրջափուլից և մտածել Արցախը վերադարձնելու մասին։ Այս ամենի անքննարկելի նախապայմանը Հայաստանի գործող իշխանությունների օր առաջ հեռացումն է, ովքեր ապացուցել են, որ ոչ միայն ի զորու չեն հիշյալ խնդիրները լուծել, այլև իրենց կառավարմամբ շարունակաբար վտանգում են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյությունը, ինչը բազմիցս խոստովանել են։

Դավիթ Գույումջյան