Ուղիղ եթեր
Էժան ինքնարժեք և ազատականացված շուկա․ ինչու են ՀՀ-ում չինական ավտոմեքենաները շատացել
copy image url

Էժան ինքնարժեք և ազատականացված շուկա․ ինչու են ՀՀ-ում չինական ավտոմեքենաները շատացել

Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 21:00 17-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է չինական արտադրության ավտոմեքենաների քանակը, անհամեմատ մատչելի են նաև վերջիններիս գները։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ Չինաստանը տնտեսական ճանապարհով փորձում է տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում մեծացնել իր քաղաքական ազդեցությունը։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը նշեց, որ այդ միտումն ընդհանրապես ամբողջ աշխարհի մասշտաբով է նկատվում։ Ըստ նրա՝ Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ն, չկարողանալով դիմադրել Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացին, չինական արտադրանքի նկատմամբ 100%-անոց մաքսատուրքեր են սահմանել․

/Գագիկ Վարդանյան, տնտեսագետ/

«Այսինքն՝ ստացվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սահմանված խաղի կանոնները առ ոչինչ են դարձել։ 100%-անոց մաքսատուրքն իրականում սարսափելի բան է։ Այս պարագայում այն երկրները, որոնք նման մաքսատուրքեր չեն կիրառել և գնացել են ազատականացման, իսկ Հայաստանն այդ առումով շատ ազատականացված է, բնականաբար արտադրանքն այդ երկրներ է գնալու, գներն էլ՝ մատչելի են լինելու»։

Տնտեսագետը շեշտում է, որ չինական արտադրության ավտոմեքենաները, հատկապես էլեկտրոմոբիլները, աշխարհի մասշտաբով են մրցունակ, որովհետև BYD-ն թագը խլել է ամերիկյան Tesla-ից։

«BYD-ն արդեն 2000 կմ վազքով մեքենայով մեքենա է արտադրում, որը դեռևս մրցակից չունի։ Բացի այդ, Չինաստանում հատկապես էլեկտրոմոբիլների ինքնարժեքը շատ ցածր է, որովհետև ամբողջ շարժիչի ստեղծման ողջ շղթան գտնվում է այդ ընկերությունների ձեռքին, մասնավորապես այն հազվագյուտ տարրերը, որոնցից մարտկոցներ են պատրատվում, իսկ էլետրոմոբիլների արժեքի 30-40%-ը հենց մարտկոցներն են կազմում։ Բնականաբար այս պահին, այս տեխնոլոգիական մակարդակի պայմաններում, և աշխարհում ավտոարտադրող ոչ մի երկիր չի կարող մրցել չինական արտադրանքի մրցունակության հետ»,- ասաց նա՝ նորմալ համարելով, որ Հայաստան մատչելի գնով չինական ավտոմեքենաներ են ներմուծվում։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Չինաստանն այս ճանապարհով տարածաշրջանում և Հայաստանում փորձում է նաև իր քաղաքական ազդեցությունը մեծացնել՝ մեր զրուցակիցը պատասախանեց, որ եթե անգամ դա այդպես է, ապա դրանում վատ բան չկա։ Նրա համոզմամբ՝ ավելի լավ է Չինաստանի նման երկիրն ու ժողովուրդը նման ազդեցության հասնի, քանի որ նրանք շատ իմաստուն են․

«Եթե իմաստուն չլինեին, միլիարդուկես բնակչություն չէին ունենա։ Մենք 2-3 միլիոն ենք՝ դժվարանում ենք պահել մարդկանց, սոցիալական խնդիրներ կան և այլն, բայց միլիարդուկես Չինաստանի մասին երբեք չենք լսել, որ խնդիրներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ գլուխները կախ իրենց արտադրանքն են ստեղծում․ էժան ստեղծում, վաճառում են ու համեմատաբար էժան են վաճառում, եթե համեմատենք մյուս երկրների հետ։ Բացի դրանից, բնակչության թվաքանակը նույնպես շատ կարևոր է, որովհետև օժտված բնակչության մասնաբաժինն ավելի մեծ է, այդ համեմատությունը դարեր շարունակ չի փոխվել․ որքան մեծաթիվ է բնակչությունը, օժտվածների բացարձակ թիվն այդքան ավելի մեծ է։ Դրա համար մենք տնտեսական ասպարեզում Չինաստանից դեռ շատ ավելի հետաքրքիր անակնկալներ պետք է սպասենք»։

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ Չինաստանում շատ լավ հասկանում են, որ քաղաքական և ռազմական ազդեցության մեծացման համար նախևառաջ քաղաքական ներուժ է անհրաժեշտ, ինչը բնորոշ է նաև մարդկային հարաբերություններին։ «Եթե գրպանումդ փող չունես՝ ով է քեզ բանի տեղ դնելու, իսկ նրանք այնքան փող ունեն, որ չգիտեն ինչ անեն, դրա համար Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք փորձելու են տնտեսական ազդեղցություն հաստատել, հետո՝ այն վերածել քաղաքականի։ Բնական է, որ որոշ պայմաններ կլինեն, ներդրողները ազդեցության որոշ լծակներ կստանան, օտարերկրյա ներդրումների ողջ տեսությունն է այդպես, պարզապես դրա համար դու՝ որպես կառավարություն ու իշխանություն, պետք է տեսնես, թե այդ ազդեցությունը ինչ ոլորտներում պետք է թույլ տալ, որպեսզի քաղաքական ազդեցության կամ աշխատուժի շահագործում տեղի չունենա։ Մենք նաև ականատես ենք եղել մի շարք դեպքերի, երբ օտարերկրյա ներդրողները շահագործել են մեր աշխատուժին՝ ավելի ցածր վարձատրելով կարողացել են իրենց համար գերշահույթ ապահովել»,- կարծում է նա։

Տնտեսագետը հավելեց՝ ամեն դեպքում չինական գործոնի ուժեղացումն ավելի նախընտրելի է, քան իրենց սպառած, բայց միևնույն ժամանակ իրենց աշխարհի տիրակալներ համարող երկրներինը։ Նա ասաց՝ խոսքը վերաբերում է արևմտյան քաղաքակրթությանը, որն, իր համոզմամբ, արդեն իրեն սպառել է։ «Եթե սպառած չլիներ՝ միգրանտները Եվրոպան գրաված չէին լինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան